09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ

Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի աշակերտներ, կրթության ու դաստիարակության գործի նվիրյալներ, ծնողներ ու հյուրեր

Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հզոր է նրանով, թե ինչպիսի սերունդ է աճեցնում, կրթում ու դաստիարակում: Կրթությունը եւ գիտելիքը բոլոր ժամանակներում ու գրեթե բոլոր ժողովուրդների համար անգնահատելի արժեքներ են եղել ու կան: Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը որպես գիտելիքի օր այսօր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում:

Մեր հազարամյա պատմության քառուղիներում, դարավոր փորձությունների ընթացքում գիրն ու դպրությունը մեզ համար դարձել են փրկության ճանապարհ, գոյատեւման խարիխս, ամեն անգամ օգնել  մեզ վերածնվելու որպես հայ ու իսկական քրիստոնյա:

Գրի, գրքի, գիտելիքի, դպրոցի հանդեպ հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայ մարդու էության գլխավոր նպատակն են, այսօր էլ շարունակվում է ավանդույթը՝ մեր հասարակության ապագան կոփվում է կրթական համակարգում:

Դպրոցի շնորհիվ է, որ հայ պատանին ձեռք է բերում գիտելիքներ, ճանաչում ու սիրում  հայրենիքը, հարգանքով ու հավատքով  լցվում մեր հերոսական անցյալի ու հաղթական ներկայի հանդեպ: Իզուր չէ ասված, որ մարդը հզոր էակ է, իսկ գիտելիքով լի մարդն ուղղակի անպարտելի է:

Իսկ անպարտելիության ծիլերը սերմանում եւ արմատավորում եք Դուք՝ սիրելի ուսուցիչներ, Դուք եք ամենազորեղ կռվանը բոլոր ժամանակներում ու բոլոր մարտահրավերների դեմ: Դուք եք պատրաստում վաղվա զինվորն ու սպան հայոց բանակի: 

Հայրենիքի պաշտպանը միայն զինվորն ու սպան չեն, հայրենիքի պաշտպան են ուսուցիչն ու դասախոսը, բանվորն ու հողագործը, աշակերտն ու ուսանողը, հայրենիքի պաշտպան են նրանք, ում համար հայրենիքն արժեք է: 

Որպես հայոց բանակի սպա՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, որպես բարու սերմնացաններ, եւ վստահ եմ, որ Ձեր հունձքով հպարտ, Ձեր կրթած սաներին որպես ազնիվ եւ հայրենիքին պիտանի սերունդ եք պատկերացնում:

Թույլ տվեք շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր, ուսուցման եւ դաստիարակման գործում ինչ-որ չափով ավանդ են ներդնում՝ լինի դա պետական, քաղաքական, հասարակական, թե արվեստի գործիչ, մտավորական կամ լրագրող, վետերան, ընկեր կամ հարեւան, բայց կարծում եմ՝ այդ շարքերում մեծ բաժինը պետք է հասցեագրել հայ զորականին, ով հուսալիորեն պաշտպանում է մեր հայրենի սրբության եզերքը եւ ապահովում անվտանգությունն ու խաղաղ արարումը:

Խոսքս ուղղում եմ նրանց, ովքեր առաջին անգամ  են ոտք դրել դպրոցի կամարներից ներս: Սիրելի առաջին դասարանցիներ, թող ամեն օր դուք դպրոց մտնեք Աստծո օրհնությամբ, բարին միշտ ձեզ հետ լինի, սիրեք գիրքը, սիրեք ձեր ուսուցիչներին, լինեք աշխատասեր, եւ թող ծիծաղն ու ժպիտը լինեն ձեր կյանքի ուղեկիցը:

Շնորհավոր տոնդ դպրոց:

Մաղթում եմ բարի ու բեղմնավոր ուսումնական տարի:

ՀՀ Սյունիքի մարզի զինվորական կոմիսար

Արարատ Մանուչարյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: