11/20/2018

ՈՒՐԵՄՆ ԶԱ՛ՐԿ ,ԱՐՑԱԽ․․․

ՈՒՐԵՄՆ ԶԱ՛ՐԿ ,ԱՐՑԱԽ․․․

Արցա՛խ, մի բուռ Արցախ,
Դու աշխարհի համար մի փշուր հող ես լոկ
Եվ սակայն մեզ համար հսկա զոհասեղան...
Ու թե հնար լիներ կայծակները խաչել,
Ես զոհերիս վրա կվառեի խաչերն այդ հրեղեն,
Ու թե հնար լիներ Հարդագողի ճամփան
Ոլորել ու դարձնել հսկա ծաղկեպսակ,
Ես զոհերիս վրա կդնեի պսակն այդ արցունքոտ,
Որ աշխարհին արար տեսանելի լիներ...

Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

Իսկ դու, գարնան ծիծառ,
Որ քո բույնն ես հյուսել իմ քիվի տակ,
Բույն, որ վերք է թվում հիմա աչքիս,
Քո թևերը ծալիր
Ու ծվարիր լռին այդ վերքի մեջ:
Ինձ լռություն է պետք,
Որ մոգության շնորհ հայցեմ վերին ոգուց,
Վերին ոգուց հայցեմ խոսքեր ոգեկոչման
Ու բարբառեմ.
– Ելե՛ք, մահապարտյալ գնդեր,
Վեր բարձրացեք հողից, սրբեր թխամորուս,
Որ դառնայիք պիտի նահապետներն ազգիս,
Սակայն, ավաղ, դարձաք նահատակներ...
Վեր բարձրացիր, քաջդ, որ հենց այս նույն պահին
Մի բուռ հող ես առել ջղաձգվող ձեռքով,
Որ հավիտյան պահես բռունցքի մեջ քո կուռ...

Վեր բարձրացիր, ելի՛ր,
Քանզի մոտ է թվում ինձ այն ժամը վերին,
Երբ իմ հայոց հողի խորին խորհուրդն ի վար
Պիտի քայլի Աստված
Եվ որոտով ահեղ «Լույս եղիցին» ոգի...

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: