11/21/2018

Կապանը մերժում է «Արարատցեմենտի» նախաձեռնությունը

Կապանը մերժում է «Արարատցեմենտի» նախաձեռնությունը

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից Կապան քաղաքում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու շուրջ հանրային քննարկման երրորդ փուլը սեպտեմբերի 4-ին վերստին ձախողվեց:

Խնդրո առարկայի շուրջ հանրային քննարկման փորձը ձախողվել էր նաեւ ս.թ. հունիսի 27-ին եւ հուլիսի 26-ին:

Անշուշտ, հարցը շատ զգայուն է Կապանի համար՝ նկատի ունենալով տարածաշրջանի բնապահպանական աղետալի վիճակը. եւ կապանցիների դիրքորոշումն այս պարագայում անսակարկելի է:

Ծրագրի նախաձեռնողներն ի սկզբանե պետք է գիտակցեին, որ բնապահպանական հարցը շատ ցավոտ է չվերահսկվող պոչամբարներով շրջափակված մարզկենտրոնում:

Կապան քաղաքի բնակիչ, Կապան քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը «Սյունյաց երկրի» լրագրողին քիչ առաջ տեղեկացրեց, որ «Հանրային քննարկումների առաջին եւ երկրորդ փուլերում բարձրացված հարցերը պատշաճ ընթացք չեն ստացել, ասել է թե՝ հանրային կարծիքը հաշվի չեն առել:

Իրականում, մինչդեռ, արտադրամասի համար նախատեսված վայրում ապօրինի շինարարություն է իրականացվել՝ առանց համապատասխան թույլտվության եւ առանց քաղաքաշինական նորմերի պահպանման, ինչը պետք է վերացվի, իսկ տարածքը պիտի բերվի նախնական տեսքի»:

Ըստ Էդգար  Հովհաննիսյանի՝ «Հանրային քննարկումներին ներկայացվող փաստաթղթերում իրավիճակը ճիշտ չէ գնահատված: Ավելի ճիշտ՝ գնահատումները կատարվել են՝ շրջանցելով կամ ոչ պատշաճ անդրադառնալով առկա ռիսկերին: Օրինակ, մեր հաշվարկներով տարեկան մոտ 40 տոննա փոշի կարտանետվի Կապան քաղաքի վրա, իրենց հաշվարկներով՝ 32 տոննա, որն իբր նորմալ է, ինչը շատ տարօրինակ է:

Մի խոսքով՝ ռիսկերով լեցուն է այդ նախաձեռնությունը, ավելի ստույգ՝ նման արտադրամասի կառուցումը չարիք է Կապանի համար:

Ահա թե ինչու է հանրության ակտիվ մասնակցությամբ հերթական անգամ խոչընդոտներ հարուցվել հանրային քննարկմանը, չէ՞ որ իրավիճակին ազդելու այլ գործիք չունենք:

Ստեղծված իրավիճակի մասին գրավոր տեղյակ կպահենք նաեւ հանրապետության վարչապետին, պատկան մյուս մարմիններին՝ ակնկալելով միջամտություն՝ ի շահ Կապանի եւ մեր երկրամասի»:

Տարածաշրջանի բնապահպանական կացությանն առընչվող հարցը, թեեւ չի արծարծվում հրապարակավ, մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ ասպեկտ եւս ունի, որը, ուզենք-չուզենք, հեռու չէ քաղաքական ասվածից:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կապանյան նախաձեռնության ակունքում ԲՀԿ-ն է՝ իր տեղական կառույցով:

Նախաձեռնության ընդդիմադիրների շարքում առավել ակտիվ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները:

Էդգար Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «Ոմանք ուզում են անհարկի քաղաքականացնել կապանցիների ազնիվ դիրքորոշումը (քանի որ խոսքն իրենց ապրելու իրավունքի մասին է), սակայն տեղի ունեցողը քաղաքական հարթությունից դուրս է ու չպետք է փնտրել կուսակցական ենթատեքստ: «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ակցիային մասնակցում էին ոչ թե կուսակցական, այլ զուտ մարդկային եւ քաղաքացիական մղումով»:

Դե ինչ, սպասենք, թե ինչ ընթացք կունենա «Արարատցեմենտի» կապանյան ոդիսականը…

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: