11/18/2018

Արտակարգ իրավիճակների աշխատողի տոնը՝ մարզկենտրոն Կապանում

Արտակարգ իրավիճակների աշխատողի տոնը՝ մարզկենտրոն Կապանում

Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների աշխատողի օրն էր:

Սակայն տոնն այդ ժամանակ մարզում չնշվեց, քանի որ Սյունիքի փրկարարական ծառայության ներկայացուցիչները նույնպես այցելել էին մայրաքաղաք՝ մասնակցելու տոնական շքերթին:

Ուստի եւ արտակարգ իրավիճակների աշխատողի օրը Սյունիքում նշվեց սեպտեմբերի 6-ին:

Մարզի փրկարարներին շնորհավորելու եւ տոնական միջոցառմանը մասնակցելու համար մարզային փրկարարական վարչություն էին այցելել Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, փոխմարզպետներ Գոռ Թադեւոսյանն ու Նարեկ Բաբայանը, հանրապետական գերատեսչությունների մարզային կառույցների ղեկավարներ:

Տոնական միջոցառումը տեղի ունեցավ մարզային փրկարարական վարչության շարահրապարակում:

Նախ զեկուցվեց մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանին՝ վարչության անձնակազմի եւ Կապանի հրշեջ փրկարար ջոկատի՝ տոնին պատրաստ լինելու եւ տոնի առթիվ շարված լինելու մասին:

Լեոնիդ Գրիգորյանը ողջունեց մարզի փրկարարներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ՝ անձնակազմին մաղթելով հաջողություններ երկրի համար կարեւոր ծառայության մեջ:

Լեոնիդ Գրիգորյանն անձնակազմին փոխանցեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի եւ Փրկարար ծառայության տնօրենի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ով նույնպես շնորհավորեց մարզի փրկարարներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նշելով նաեւ, որ մարզի փրկարարները կարեւոր դերակատարություն ունեն Սյունիքի մարզի բնականոն ընթացքի ապահովման գործում:

Ըստ Կարեն Համբարձումյանի՝ մարզում կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն:

Եւ, այդուհանդերձ, ոլորտում կան խնդիրներ՝ հատկապես ժամանակակից տեխնիկայով ծառայությունը վերազինելու հարցում, ինչի ուղղությամբ Սյունիքի մարզպետարանն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան աշխատանքներ են իրականացնում:

Ելույթներից եւ շնորհավորանքներից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն:

Անձնակազմի չորս անդամի հանձնվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գերատեսչական մեդալ, մի քանի հոգու՝ նախարարի պատվոգիր:

Կարեն Համբարձումյանը Սյունիքի մարզպետի շնորհակալագրեր հանձնեց փրկարար ծառայության վեց աշխատակցի:

Այդ ամենին հաջորդեց շարահրապարակում կազմակերպված շրջայցը, որի ընթացքում ներկաները ծանոթացան ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցներին եւ սարքավորումներին, ինչպես եւ հրշեջ մեքենաներին:

Վերջում հյուրերն այցելեցին մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, հնարավորություններին եւ խնդիրներին:Տոնական միջոցառումն իրոք հագեցած էր:

Հյուրերը հեռացան՝ շնորհակալություն հայտնելով մարզի փրկարարներին՝ անձնվեր ծառայության համար, հեռացան՝ համոզված ու տպավորված, որ Սյունիքի փրկարարական վարչությունը կայացած կառույց է եւ պատրաստ է ըստ արժանվույն ու մասնագիտական պատշաճ դրսեւորումներով կատարել իր առջեւ ծառացած խնդիրները:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: