09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Թանկացումների նոր ալիք Հայաստանում. ինչ վիճակ է շուկայում

Թանկացումների նոր ալիք Հայաստանում. ինչ վիճակ է շուկայում

Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, թանկացել է ոչ միայն միրգը, բանջարեղենը, այլեւ կարագը, ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն:

Օրինակ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրա վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսի` 2.4, մրգի` 3.3 եւ բանջարեղենի` 6.5 տոկոս թանկացումը: Նկատենք, որ օգոստոս ամսին միայն մրգի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3.3 տոկոս: Թանկացել է նաեւ դեղձը, որի մեկ կիլոգրամը 450-500 դրամ է, նեկտարինի մեկ կգ-ն արժե 600-700 դրամ, իսկ ահա թզի մեկ կգ` 1800-2000 դրամ:

Ի դեպ, հանրապետության բոլոր քաղաքներում օգոստոսին, հուլիսի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-4.4 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Երեւանում մրգի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.3 տոկոսով:

Բացի մրգից այս շրջանում սովորականից բարձր գնով վաճառվում է նաեւ բանջարեղենը: Ըստ վիճակագրական կոմիտեի` բանջարեղենի շուկայում օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 6.5 տոկոս:

Այս ամիսներին լոլիկի գինը գերազանցեց. որոշ առեւտրի կետերում լոլիկի մեկ կգ-ն արժե 400 դրամ, բայց որոշ սուպերմարկետներում երեկ արդեն 700 դրամով էր վաճառվում այն դեպքում, երբ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել: Եւ ընդհանրապես, այս ամիսներին լոլիկը առատ է, եւ գինը միշտ ցածր: Լոլիկի բարձր գնի պատճառով տնային տնտեսուհիների մեծ մասը չի կարողացել լեչոյի կամ լոլիկի մարինադի պահածո փակել: Իսկ նրանք, ովքեր այդ պահածոները փակել են, ապա քիչ քանակությամբ: Չմոռանանք, որ այս ամառ ձմերուկը եւս թանկ գնով վաճառվեց` 210-220 դրամով: Չնայած այս օրերին այն էժանացել է` դառնալով 100 դրամ:

Բայց ըստ գյուղատնտեսության նախարարության`դա պայմանավորված էր հունիսի վերջերից հուլիս ամսվա ընթացքում ստվերում գրանցված բարձր ջերմաստիճանով, ինչի ընթացքում բույսը չհասցրեց ադապտացվել: Եւ, բնականաբար, սա պետք է իր արդյունքը ունենար լոլիկի եւ ձմերուկի ցանքատարածությունների վրա: Չէ՞ որ բոստանային մշակաբույսերը շատ զգայուն են ջերմաստիճանների նկատմամբ: Մասնագետների խոսքերով` ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով ձմերուկի եւ լոլիկի ցանքատարածքները բավականին տուժել են, ինչն էլ իր բացասական ազդեցությունը արդեն թողել է այս երկու մշակաբույսերի բերքատվության վրա:

Բնականաբար, սա չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նաեւ լոլիկի եւ ձմերուկի գնի վրա: Իսկ ձմերուկի գինը էժանացավ, քանի որ Հայաստանը սկսեց ներկրել ռուսական ծագման ձմերուկ: Բայց լոլիկի դեպքում նման բան չկա, սա է պատճառը, որ այն շարունակում է թանկանալ, ինչը խիստ զարմանալի է, քանի որ սովորաբար ամռան ամիսներին ե՛ւ միրգը, ե՛ւ բանջարեղենը վաճառվում են բավականին էժան գնով: Սմբուկի գինը եւս բարձր է`մեկ կգ-ն 180-200 դրամ: Մրգից եւ բանջարեղենից անցում կատարենք դեպի մսամթերքի, ձկնամթերքի շուկա, որտեղ եւս մեկ ամսվա ընթացքում զգալի թանկացումներ են արձանագրվել:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` մսամթերքի շուկայում օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է 2.4 տոկոս գնաճ: Տեղեկացնենք, որ այս օրերին խոզի կողամսի՝ չալաղաջի 1 կգ վաճառվում է 3800-3900 դրամով, իսկ խոզի փափուկ միսը` 2990-3000 դրամով: Կոնկրետ մսամթերքի շուկայում վերջին երկու ամիսների ընթացքում թանկացումը կազմել է մինչեւ 200 դրամ: Նշենք, որ բելառուսական ծագման տավարի մսի 1 կիլոգրամը արժե 2990 դրամ, իսկ տեղական արտադրությանը` 3690 դրամ: Գառան մսի 1 կիլոգրամը վաճառվում է 3790 դրամով: Ըստ մասնագետների` առաջիկա ամիսներին ոչ միայն տավարի, խոզի, այլեւ գառան միսը կթանկանա:

Ձուկը եւս թանկացել է 100 դրամով: Եթե մի քանի օր առաջ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ն վաճառվում էր 1900 դրամով, ապա երեկ այն ուներ 2000 դրամ արժեքը: Նկատենք, որ ալյուրի շուկայում եւս գնաճ արձանագրվել է. օրինակ փոքր տուփերով 1-2 կիլոգրամանոց ալյուրի գինը 5 դրամով թանկացել է, իսկ 25 կգ պարկով ալյուրի դեպքում` մինչեւ 100 դրամի թանկացում: Ենթադրվում է, որ սա կապված է Վրաստանի կառավարության նոր որոշման հետ, որը գործելու է սեպտեմբերի 15-ից: Ըստ դրա` Վրաստանի տարածքով արգելվելու է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ցորեն ներկրել, արտահանել: Նրանք առաջարկում են օգտվել երկաթուղային տրանսպորտային միջոցից, ինչը ներկրողների եւ արտահանողների համար լրացուցիչ ծախսեր է առաջացնելու: Թեեւ այս կարգը դեռ ուժի մեջ չի մտել, բայց ալյուրի շուկայում արդեն սկսվել են թանկացումները:

Իսկ օղիները թանկացել են 30-50 դրամով: Պաշտոնապես, ալկոհոլային խմիչքը թանկացել է 0.3 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում օգոստոսին, հուլիսի համեմատ, գնաճը կազմել է 1 տոկոս, ինչին նպաստել է ձվի 5.9 տոկոս գնաճը: Ըստ որոշ տեղեկությունների` ձվի գնի թանկացումը պայմանավորված է վերջին շրջանում հավերի մասայական անկման դեպքերի հետ: Թանկացել է նաեւ սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքը, հացաբուլկեղենը: Իսկ շաքարավազի գները 2.6 տոկոսով էժանացել են մեկ ամսվա ընթացքում:

Սյունէ Համբարձումյան 
armlur.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: