11/21/2018

ԿԱՊԱՆԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՕՐ ԷՐ

ԿԱՊԱՆԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՕՐ ԷՐ

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն այսօր մասնակցեց Կապանի N զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված միջոցառումներին: 

Առավոտից զորամասի տարածքում կազմակերպված ուսումնական կետերում ցուցադրված էին զենք, զինամթերք, զրահատեխնիկա, եւ մարզպետը, զորամասի հրամանատարության հետ շրջելով, ծանոթացավ դրանց: Զորամասն այսօր բաց էր բնակչության համար, եւ այստեղ էին աշակերտներ, ուսանողներ, քաղաքացիներ, ովքեր նույնպես շրջում ու ծանոթանում էին ուսումնական կետերում ներկայացվածին: Հյուր էին եկել նաեւ Արցախյան ազատամարտի վետերաններ, որոնցից շատերը կանգնած են եղել զորամասի կազմավորման ակունքներում: 
Մարզի ղեկավարն այցելեց նաեւ զորամասի ճաշարան՝ ծանոթանալու զինվորների այսօրվա ճաշացանկին: 
Այնուհետեւ տեղի ունեցավ տոնական միտինգ, որի ընթացքում ներկայացվեցին զորամասի պատմությունը, նրա հիմքում եղած զորամիավորումների ռազմական ուղին: Ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Սյունիքի մարզպետը: «Մեր հայրենիքում զինվորական յուրաքանչյուր ստորաբաժանման ստեղծման ու կայացման թիկունքում հայոց ազատամարտի տարիներն են՝ կամավորական շարժումից մինչեւ մասնագիտացված ռազմական կառույցներ ստեղծելու ճանապարհը, հայ զինվորի կերտած հաղթանակները: Ուստի, ամեն նման տոնակատարություն եւ ծնունդ մեզ բերում է ազատ, ինքնիշխան պետության զավակը լինելու հպարտությունը եւ վստահությունը, որ Հայաստան աշխարհի խաղաղության պահպանությունն ամուր ձեռքերում է, մեր սահմանները՝ անառիկ», - մասնավորապես նշեց Կարեն Համբարձումյանը՝ տոնական օրվա առիթով զինվորականներին մաղթելով անվտանգ ծառայություն, ամուր ռազմական ոգի, անամպ երկինք: 
Շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ հնչեցին նաեւ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ժ.Պողոսյանից, զորամասի հրամանատար գնդապետ Ա.Պողոսյանից, Կապանի ԵԿՄ-ից, ժամանակին այստեղ ծառայած՝ Կապանի պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Ա.Գաբրիելյանից, սերժանտական խորհրդի նախագահից, Սյունիքի տարածաշրջանային քոլեջի ուսանողից: 
Օրվա կապակցությամբ մի խումբ ազատամարտիկներ ու զինվորականներ պատվոգրեր ստացան, իսկ կարգապահությամբ աչքի ընկած զինծառայողներից մի քանիսը՝ շատ սպասված արձակուրդ… Զորամասը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր է:

 

syunik.mtad.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: