09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Շանթ Հարությունյանի «բացահայտումները»․ Նիկոլ Փաշինյանի առաջին ընդդիմադիրը

Շանթ Հարությունյանի «բացահայտումները»․ Նիկոլ Փաշինյանի առաջին ընդդիմադիրը

Երրորդ հանրապետության պատմության մեջ այսօր իսկապես արտառոց իրադարձություն տեղի ունեցավ․ դատապարտյալը ասուլիս տվեց բանտում՝ դրա դասական կանոններով։ Մյուս կողմից՝ արտառոց է նաև այն փաստը, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է համարվում անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն շարունակում է մնալ անազատության մեջ։ Այս առումով՝ հարկ չենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ Շանթի փաստարկներին, սակայն չենք կարող տարակուսելի չհամարել այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է երբեմնի խորհրդային դիսիդենտին բաց կալանքի ռեժիմի առաջարկությունն ընդունելու հարցում համոզել, նաև՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի միջոցով։ Եթե նույնիսկ Շանթ Հարությունյանը հակված լիներ ընդունելու բաց կալանքի առաջարկը, այն միանգամից մերժելի կդառնար՝ այն բանից հետո, երբ իշխանության միջնորդի դերում, այս դեպքում՝ թերևս, բարի նպատակներով, հանդես է գալիս ԱԱԾ տնօրենը։ Խնդիրը՝ Արթուր Վանեցյանին անձը չէ, այլ այն հանգամանքը, որ խորհրդային շրջանի այլախոհները ԱԱԾ-ի մեջ տեսնում են խորհրդային ԿԳԲ-ին ու կայսրությանը՝ թշնամաբար մոտենալով նրա որևէ առաջարկության՝ դրա մեջ տեսնելով նվաստացման բաղադրիչ։ Մյուս կողմից՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նաև ճանաչված իրավապաշտպան է ու զարմանալի է, որ Փաշինյանը գերադասել է, որպեսզի Շանթ Հարությունյանի հետ խոսի ոչ թե պրոֆիլային նախարարը, այլ՝ պաշտոնյա, որը որևէ առնչություն չունի ՔԿՀ-ների ու դատապարտյալների հետ։

Սակայն շատ ավելի էական են Շանթ Հարությունյանի այսօրվա ասուլիսի ուղերձները, մանավանդ՝ նա իր ելույթը սկսել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի մահվան առթիվ ԱՄՆ ժողովրդին հասցեագրված ցավակցական խոսքով։ Մի բան, որ թերևս պետք է աներ Հայաստանի կառավարությունն՝ առաջին հերթին արժևորելով Մակկեյնի հայանպաստ գործունեությունը, սակայն այդպես էլ Հայաստանից պաշտոնական ցավակցական տեքստեր չհնչեցին՝ թերևս այն պատճառով, որ Մակքեյնը համարվում էր Պուտինի թիվ մեկ թշնամին, իսկ Հայաստանի նոր կառավարությունը սկզբունքորեն ձեռնպահ է մնում որևէ քայլից, որը կարող է նեղացնել Մոսկվային։ Սա, թերևս, Շանթ Հարությունյանի այսօրվա առաջին կարևոր «բացահայտումն» էր։

Պակաս ուշագրավ չէր Շանթ Հարությույանի պահանջն՝ իրականացնել համաներում։ Բնականաբար՝ Հարությունյանն այս պահանջը հնչեցնում է ոչ թե իր համար, այլ՝ տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից ու կալանավորների համերաշխության սկզբունքից ելնելով։ Սիրո և համերաշխության հեղախոխությունն իրավունք չուներ հապաղել համաներման հարցում, մանավանդ, որ դատապարտյալների մեծ մասի հանցագործությունները հետևանք են քրեաօլիգարխիկ համակարգի դիսկրիմինացիոն քաղաքականության, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ ունեն առօրյա հացի խնդիր կամ ենթարկվել են սոցիալական ճնշումների, նույնիսկ՝ կեղեքումների։ Հարությունյանի մյուս «բացահայտտումն»՝ այսպիսով, այն էր, որ հեղափոխությունը դեռ անկատար է, որովհետև չի կատարարել իր հումանիստական առաքելությունը քաղաքացիների մի հատվածի հանդեպ։ Շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, այնուամենայնիվ, իրականացնի համաներում՝ անկախության տոնի առթիվ, սակայն այս պարագայում անթույլատրելի կլինի, եթե հումանիստական այդ ակտը տեղի ունենա մինչև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները՝ արժեզրկելով իր առաքելությունը։

Եվ վերջապես՝ Շանթ Հարութունյանը դարձավ, ըստ էության, առաջին գործիչը, որը հայտարարեց, թե ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, քանի որ վերջինս ունի ռուսական կողմնորոշում։ Շանթն, ըստ էության, ակնարկում է, որ Հայաստանում հեղափոխությունը դեռ ավարտված չէ, որովհետև բաց տեքստով ասել է նաև, որ ինքն անազատության մեջ շարունակում է մնալ ռուսական ազդեցության հետևանքով։

Անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է իրական Շանթ Հարությունյանի նման պնդումը, նա այդպիսի կարծիք հնչեցնելու բարոյական իրավունք ունի, քանի դեռ շարունակում է մնալ անազատության մեջ՝ քաղբանտարկյալ ճանաչվելով անգամ պետության առաջին դեմքի կողմից։

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: