09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր համայնքը. ֆիլմ, 2016թ.

Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր համայնքը. ֆիլմ, 2016թ.

Մշակույթն ու ավանդույթները ազգի դիմագիծը ամբողջացնող կարևորագույն գործոն են. Հայոց միջնադարյան մշակութային արժեքների պահպանման գեղատեսիլ օրրաներից է Մայր Արաքսի ձախ ափին սփռված Շվանիձոր համայնքը:

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի սահմանապահ այս գյուղում միջնադարյան պատմական մշակույթը պահպանվել է ուշագրավ հուշարձաններով` յուրօրինակ դիմագիծ ու շունչ հաղորդելով հայոց բնակավայրին:

Խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունը տեղի բնակչության հիմնական զբաղմունքն են:

5184 հեկտար հողատարածք ունեցող Շվանիձոր համայնքը տարածաշրջանի բարեկարգ գյուղերից է, որտեղ վերջին տարիներին նկատելի բարեփոխումներն ու իրականացված շինբարեկարգման աշխատանքները ապրելու և արարելու կենսանպաստ պայմաններ են ստեղծել բնակավայրում:

Ցանկացած բնակավայրի բնակչության կեցության առաջնային անհրաժեշտ նախապայմանը ջրամատակարարման ապահովման հարցն է: Շվանիձորում այս առումով լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք կրում են շարունակական բնույթ:

Կրթամշակութային գեղեցիկ ավանդույթներով համայնքի կյանքում կարևոր դերակատարում ունի Շվանիձորի դպրոցը, որի առաքելությունը գիտելիքների և ազգային արժեքների հաղորդմամբ հայի տեսակը պահպանելն է և ամուր արմատներով սեփական ծննդավայրին միահյուսելը. Չէ որ յուրաքանչյուր ազգ պետք է վերընձյուղվի սեփական հողում, որով էլ ամուր անսասան կլինեն հայոց աշխարհի հիմքերը:

Միջնադարյան մշակութային ժառանգույթամբ Շվանիձոր համայնքում առայսօր կանգուն են 17-րդ դարում կառուցված ջրանցույցը, որը շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով և համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը: Շվանիձորի տարածքում են գտնվում նաև «Գոմերանց», «Վերին շեն», «Թեղուտ» , «Շվանիձոր» գյուղատեղիները, խաչքարերով գերեզմանոցը և հին կամուրջը (17-18 դդ)։

Շվանիձորն այսօր Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման հեռանկարներ ունեցող համայնքներից է, որի առաջընթացը համայնքի ղեկավարի բնորոշմամբ իր համար նաև ապրելու բանաձև է:

Շվանիձորցին համոզված է` հայոց դրախտային բնության իր անկյունը աշխարհի ամենալավ բնակավայրն է, իսկ Շվանիձորի զարգացումն ու հզորացումը իր երազանքների մարմնավորումը:

 

TVADSTUDIO

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: