11/21/2018

Անհաջող մեկնարկ

Անհաջող մեկնարկ

Հայաստանի ֆուտբոլի 27-րդ առաջնությունը Հայաստանի գավաթակիր եւ նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր Կապանի «Գանձասար- Կապանը» անհաջող է մեկնարկել: Թիմը Եվրոպայի լիգայի խաղարկությունում լավ խաղ ցուցադրելով լեհական «Լեխի» հետ՝ հանրապետության ֆուտբոլի առաջնությունում բավականին անհաջող է սկսել մրցաշրջանը: Չնայած նկատենք, որ նախորդ առաջնությունում էլ կապանյան թիմի մեկնարկը տպավորիչ չէր, եւ անցկացված հինգ հանդիպումից երկուսն ավարտել էր ոչ ոքի, իսկ երեքում պարտվել: Հիմա հինգ խաղից թիմը երեք ոչ ոքի ունի եւ երկու պարտություն, խփել է երեք գոլ, սեփական դարպասն ընդունել հինգ գնդակ՝ հանգրվանելով իր համար անպատվաբեր վերջին հորիզոնականում: Չնայած որ թիմի կազմում կան ագրեսիվ ու փորձառու ֆուտբոլիստներ, բայց միեւնույն է՝ թիմային խաղը չի ստացվում: 

Հանրապետության ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում խաղադադար է հայտարարված՝ կապված Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության մասնակցության հետ: Հաջորդ հանդիպումը «Գանձասար- Կապանը» կանցկացնի սեպտեմբերի 15-ին Վանաձորում՝ առաջնության նորեկ «Լոռիի» հետ: Կարծում ենք՝ այս խաղադադարը կօգնի թիմի մարզչական շտաբին անհրաժեշտ հետեւություններ անել եւ առաջնության աղյուսակում շտկել մրցաշարային վիճակը, մանավանդ մրցաշրջանը դեռ առջեւում է:

Հայաստանյան ֆուտբոլի կյանքում փոփոխություն է սպասվում: Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը եւ նշել, որ իր նպատակներից է զարգացնել մասսայական ֆուտբոլը: Ավելի վաղ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով այդ պաշտոնում է 2002 թվականից, հայտարարել էր, որ եթե Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի: Իսկ կապանցիները հույս են փայփայում, որ այս փոփոխությունից հետո վերջապես ֆուտբոլը կվերադառնա Կապան. «Գանձասար- Կապանը» տնային հանդիպումները կանցկացնի սեփական մարզադաշտում, մանավանդ որ նման խոստում տվել է նաեւ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին Կապանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: