11/19/2018

Հայկական բուհերի դիպլոմներից դժգոհ են. դրանք չի ընդունում նաև Իրանը

Հայկական բուհերի դիպլոմներից դժգոհ են. դրանք չի ընդունում նաև Իրանը

Խորհրդարանն այսօր քննարկում է մեկ տարի առաջ Տաջիկստանի Հանրապետության հետ կնքված երկու երկրների կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, համաձայնագիրը ներկայացնելով և պատգամավորների հարցերին պատասխանելով, անդրադարձավ նաև հայաստանյան բուհերի դիպլոմներից մի շարք երկրներում առկա դժգոհություններին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչ լուծում ստացավ Իսրայելի կողմից Հայկական բժշկական համալսարանի դիպլոմները չընդունելու խնդիրը: Պարզվեց` ոչ մի: Ավելին` Իսրայելին այս հարցում նաև այլ երկրներ են ավելացել, որոնց թվում է, ըստ նախարարի, Իսրայելի հետ «քաղաքական խնդիրներ ունեցող մեկ այլ երկիր»:

«Մի շարք մասնավոր բժշկական բուհեր խնդիրներ են ստեղծում Հայաստանի բուհական վարկանիշի իմիջի հետ կապված: Ներկայում այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որ այդ խնդիրները վերացվեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը, բայց և հավելեց, որ պետական բժշկական համալսարանի կրթության որակից ևս արտասահմանում գոհ չեն:

Դժգոհների թվում է նաև Իրանը: Նախարարը հայտնեց, որ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների թիվը տարեցտարի նվազում է: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը ԿԳ նախարարին հայտնել է իրենց երկրի մտահոգությունները, մասնավորապես պոլիտեխնիկական և բժշկական համալսարանների կրթության որակի վերաբերյալ:

«Իրանի մեր գործընկերները մատնանշում են, որ մենք որակի հետ կապված ունենք խնդիրներ, և սա է իրենց մտահոգությունը: Ես պատրաստվում են առաջիկայում մեկնել իրան: Պայմանավորվածությունը նախնական կա: Պատվիրակության մեջ կլինեն այդ բուհերի ղեկավարները, որպեսզի տեղերում քննարկենք և լուծումներ գտնենք, որովհետև Իրանի կրթական շուկան մեզ համար շատ կարևոր է»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է այսօր ԱԺ-ում քննարկվող Տաջիկստանի հետ կրթական ոլորտի համաձայնագրին, Հարությունյանը հայտնեց, որ Հայաստանում այսօր 6 տաջիկ ուսանող է սովորում` 3 բուհերում, իսկ Տաջիկստանում սովորող հայ ուսանողների տեղեկություններ չկան: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն այս հայտարարությանն ի պատասխան տարակուսանք հայտնեց, որ համաձայնագիրը վավերացվում է ընդամենը 6 տաջիկ ուսանողի համար:

Կրթության նախարարը հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավորին` հայտնելով, որ համաձայնագիրը 2017թ-ի հունիսին կնքել են Տաջիկստանի նախագահն ու ՀՀ նախագահը, որը նաև ՀՀԿ նախագահն էր: «Այն ժամանակ պետք է լիներ հարցադրումը` նպատակահարմար է, թե ոչ»,- ասաց նախարարը` իր կողմից ավելացնելով, որ ինքն անձամբ կողմ է նման բոլոր համաձայնագրերին, քանի որ դրանք բարձրացնում են Հայաստանի կրթության ոլորտի միջազգային վարկանիշը:

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: