11/19/2018

Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումը շանտաժ է. Փաշինյան

Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումը շանտաժ է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը։

«Ես ինձ մոտ եմ հրավիրել Վանեցյանին և նրան հանձնարարել եմ հանդես գալ ասուլիսով ու պատասխանել լրագրողներին, պարզաբանումներ տալ։ Այդ պարզաբանումներին մենք դեռ կանդրադառնանք, ինչը ինչպես պետք է մեկնաբանել, ինչը ինչպես է հնչում։ Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել` ի՞նչ է տեղի ունենում։ Ըստ էության, իմ նախնական գնահատմամբ, տեղի է ունեցել Հատուկ քննչական ծառայության և ԱԱԾ տնօրենի գաղտնալսում։ Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, արդյոք նա օրենքով իրավունք ունեցել է դրա իրավունքը, որն է դրա քաղաքական նպատակը։ Ես դե հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ մարտի 1-ը բացահայտված է և տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պիտի կանգնեն դատարանի առաջ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանում իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է կոռուպցիոն համակարգի կողմից։

«Մինչև օրս դատավորները զանգում, խաբար են ուղարկում` թե էս հարցը ոնց որոշենք։ Դրա համար ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին հրամաններ տալ։ Բայց դա չի նշանակում, որ մեզ չեն զանգել և չեն ասել` վայ, վախենում եմ, այս գործը ոնց անեմ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով` նախկին պաշտոնյաները ուզում են ճողոպրել։

«Նրանց անունները հստակ են` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, Մանվել Գրիգորյան։ Տարբեր ու մեծ չինովնիկներ։ Նրանք զգում են, որ վերջը եկել է և փորձում են ինչ-որ քայլերի դիմել։ Մենք շանտաժի չենք տրվելու։ Մարտի 1-ի գործը պիտի բացահայտվի, թալանվածը պիտի վերականգնվի»,- ընդգծեց վարչապետը։

Նա նշեց, որ նոր քրեական գործեր են հարուցվելու։

«Դուք ձեր թալանածը չեք մարսելու։ Կուզեք` գաղտնալսեք, կուզեք գաղտնալսաձայնագրեք, տարբերակ չկա։ Հույս ունեմ, որ ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին»,- ասաց Փաշինյանը։

 

armeniasputnik.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: