11/21/2018

Աշոտյանն առաջարկում է քննել պաշտոնյաների գաղտնալսման պատմությունը

Աշոտյանն առաջարկում է քննել պաշտոնյաների գաղտնալսման պատմությունը

Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի խոսակցության ձայնագրությունը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգն ամբողջությամբ քաղաքականացված է։ Այսօր ԱԺ ամբիոնից, անդրադառնալով Ազգային անվտանգության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրությանը, ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում կատարվում է քաղաքական պատվեր, որը կատարում և ուղղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են, որ պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց, երբ խոսում են սրան- նրան բռնելու մասին։ Այս ամենը վկայում է հին ու բարի ՀԱԿ-ի լևոնականների բանաձևի մասին, որ ռեժիմը խուճապի մեջ է»,- ասաց նա։

Կատարվածը, Աշոտյանի դիտարկմամբ, փորձ է արվում մոռացության տալ հնչեղ բացահայտումների մասին հայտարարություններով։

«Անգամ եթե Քենեդու սպանողին բացահայտեն, մենք դա չենք մոռանալու»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա` թեման շեղելու տարբերակ է նաև «կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը ծածանելը»։

«Ինչի՞ մասին եք խոսում, տղերք, այս ձայնագրության մեջ «կոռուպցիա» բառը ոչ մի անգամ չնշվեց, «թալան» բառը չասվեց»,- ասաց նա։

Ելույթն ավարտելով` Աշոտյանը ԱԺ բոլոր խմբակցություններին կոչ արեց օգտվել սահմանադրական իրավունքից ու հրավիրել հրատապ խորհրդակցություն այդ թեմայով կամ ստեղծել հանձնաժողով` քննելու համար, թե ինչպես է պատահել, որ ԱԱԾ պետը գաղտնալսվել է, և ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացներին։

Հիշեցնենք` այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: