09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Խաչիկ Ասրյան. Հայաստան աշխարհի անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ հայոց ազգային բանակ և ՀԱՊԿ

Խաչիկ  Ասրյան.  Հայաստան աշխարհի անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝  հայոց  ազգային  բանակ  և  ՀԱՊԿ

                                             Հայտարարություն

Հինավուրց և քրիստոնյա հայ ազգը հազարամյակներ շարունակ ապրել և արարել է ինչպես քրիստոնեական հավատքի, մայրենի լեզվի, մշակույթի, հոգու և ոգու անկոտրում ուժի անսասան պահպանման, այնպես էլ իր ազնիվ, հավատարիմ և պատվախնդիր տեսակի շնորհիվ:

21-րդ դարը, մինչև հիմա և այսուհետ, լի է Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններով, այն է՝  արևի տակ տեղ ունենալու և  ապրելու համար կենսական պատերազմների մղում, հին պետությունների ոչնչացում և նորերի ստեղծում, համաշխարհային տնտեսական ճգնաժամեր և այսպես շարունակ։ Եվ, բնականաբար, արևի տակ տեղ են ունենում այն ազգերը, որոնց ժողովուրդը միասնական է, հավատավոր, ազնիվ և  պատվախնդիր ինչպես իրենց ներքին խնդիրները միասնաբար լուծելու ունակությամբ, այնպես էլ իրենց արտաքին հարաբերություններն  իրենց ազգային և պետական շահի շուրջ իմաստուն ձևով կառուցելու հեռատեսությամբ:

Իսկ այսօր ո՞րն է արևի տակ ապրող յուրաքանչյուր հայ քաղաքացու ի վերուստ տրված առաքելությունը. իհարկե՛, ինչպես հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործում իր ամենօրյա ներդրումն ունենալը, այնպես էլ իր, իր ընտանիքի, հայ ազգի և հայկական ողջ բարձրավանդակի արտաքին անվտանգության պաշտպանությունը՝ հատկապես հայ ազգի ոխերիմ թշնամիներից՝ հորինված Ադրբեջանից և Թուրքիայից:

Բնականաբար, Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության պաշտպանության գլխավոր իրականացնողն ու երաշխավորը Հայաստանի նախկին, ներկա և  ապագա իշխանություններն են:

Իսկ ի՞նչ է  կատարվում Հայաստանի Հանրապետությունում հիմա:

Ցավոք սրտի, ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին, այնպես էլ ներկա իշխանությունը, որի մեջ ևս քիչ չեն քաղաքական, պետական ավանտյուրիստները, արկածախնդիրները, Հայաստանը գիտակցաբար կործանողները, Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ասել է թե՝ արտաքին անվտանգությունը, շարունակում է ամբողջությամբ կառուցել «և՛-և՛»-ի սկզբունքով, որն, ինձ համար, ուղղակի անթույլատրելի է: Ինչո՞ւ է անթույլատրելի: Որովհետև, ի վերուստ տրված հայկակական բարձրավանդակում բնակվող հայերիս համար, Հայաստանի և՛ արևելքից, և՛ արևմուտքից՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ունենք դարավոր թշնամիներ: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության իշխանության, պարտադիր պետք է որդեգրի ոչ թե «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը՝ մեկ ոտքով Ռուսաստան, մեկ ոտքով Արևմուտք, այլ բացառապես համագործակցի հայ ժողովրդի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ:

Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան ժամանակաշրջանում, որտեղ, կրկնում եմ, գրեթե ամենուր պատերազմական գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն կամ դաշնակից բարեկամություն անել երկու գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի հետ: Այսինքն՝ Հայաստանը պետք է բացառի իր արտաքին «և՛-և՛»-ի քաղաքականությունը,  որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ Հայաստանը կտանի կործանման: Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի ռազմավարական գործընկեր, քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ միասին՝ միաժամանակ անսասան պահելով հարևան պետությունների՝ Իրանի Իսլամական և Վրաստանի Հանրապետությունների հետ բարեկամական հարաբերությունները:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ հայերիս ի վերուստ տրված  հայկական բարձրավանդակում խաղաղություն և անվտանգություն ապահովելը բացառապես կախված է ինչպես անընդհատ հզորացող հայոց ազգային բանակից, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի՝ հատկապես Ռուսաստանի կողմից հիմնադրված ռազմաքաղաքական դաշինքի՝  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ ազնիվ, հավատարիմ  ու բարեկամական հարաբերություններից:

Ավելին՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն անհնարինը դարձնելու է հնարավոր՝ բացառապես նպաստելով ինչպես հայոց ազգային բանակի անընդհատ հզորացմանը, հայ-ռուս ժողովուրդների բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության կատարելիությանը, այնպես էլ ՀԱՊԿ ընտանիքում Հայաստանի Հանրապետության հեղինակության անընդհատ բարձրացմանն ու Հայաստանի միջոցով Երկիր մոլորակի պետությունների համար ՀԱՊԿ-ի կարևորագույն դերի անհրաժեշտության քարոզչության իրականացմանը:

Ինձ համար տարօրինակ է, որ Հայաստանում, հայ հասարակության մեջ, դեռ կան խմբեր, որոնք  պաշտպանում և երկրպագում են ոչ միայն Արևմուտքի այլասերված ազատություններն ու բարքերը, այլ նաև փորձում են Հայաստանում հող նախապատրաստել, իբրև արդարության և խաղաղության պաշտպաններ, իսկ իրականում՝ Երկիր մոլորակում բնակվող անկախ և ինքնուրույն պետությունների համար թշնամի և կործանիչ, Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք կոչվող ՆԱՏՕ-ի համար:

Ուզում եմ միանգամից հիասթափեցնել ՆԱՏՕ-ի համար Հայաստանում ոտնատեղ փնտրող, Արևմուտքի այլասերված բարքերը իրենց մեջ կրող հայրենադավներին. բացառվում է, որ Հայաստանի Հանրապետությունն, իր ռազմաքաղաքական և տնտեսական գործունեության համար կենսական ընտանիք հանդիսացող, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին երբևէ փոխարինի ՆԱՏՕ-ով կամ Եվրամիությամբ:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն լինելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև:

Ամփոփելով միտքս՝ հայտարարում եմ. Հայաստան աշխարհի անվտանգության հիմնասյուները բացառապես երկուսն են՝ հայոց ազգային բանակ և ՀԱՊԿ:

 

 Խաչիկ Մայիսի Ասրյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: