11/18/2018

Պատգամավորն առաջարկում է քրեականացնել սոցիալական ցանցերում հայհոյանքներ հնչեցնելը

Պատգամավորն առաջարկում է քրեականացնել սոցիալական ցանցերում հայհոյանքներ հնչեցնելը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է համացանցում հայհոյանքներ հնչեցնող իրական և կեղծ օգտատերերին պատասխանատվության ենթարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին  պատգամավորը նշեց ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին:

«ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանում երաշխավորվում է բազմակարծությունը, այդ նույն Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը երաշխավորում է հանրային իշխանությունը: Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ համացանցը ողողված է խուլիգանական բացահայտ դրսևորումներով ինչպես կեղծ, այնպես էլ իրական օգտատերերի կողմից: Էլ ինչպես է լինում կարծիքը արտահայտելու իրավունքի սահմանափակումը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը նշեց, որ անձամբ ինքը, ով խոսքի ու մտքի առումով երբեք չի կաղացել, այսօր խուսափում է սոցիալական հարթակներում գրառումներ կատարել, որպեսզի օգտատերերի մի ստվար զանգվածի կողմից չարժանանա հայհոյախառը մեկնաբանությունների: «Իմ ձեռքի տակ է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջնորդությունն ուղղված ինձ, որ ես օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դնեմ իրենց կողմից պատրաստված նախագիծը, որ հայհոյանքը քրեականացվի ու դրա համար սահմանվի քրեական պատասխանատվություն»,-ավելացրեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ, այս նախագիծը շրջանառության մեջ դնելով, ակնկալելու է իր գործընկերների աջակցությունը:

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: