09.18.2018
USD-484.37   EUR-565.5   RUB-7.15  

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը որակում է դավադրություն երկրի պետականության նկատմամբ

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը որակում է դավադրություն  երկրի պետականության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը հանձնարարել է ամենակարճ ժամանակում բացահայտել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը համացանցում հրապարակողներին: Վարչապետն այդ հեռախոսազրույցի գաղտնալսումը որակեց դավադրության Հայաստանի պետականության դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտնեց «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում քարոզարշավի իր ելույթում:

«Ես ուզում եմ ասել, որ դա դավադրություն, հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ:  Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանն ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադրությունը կազմակերպողներին և ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի շփումը մշտական է: Դա այդպես է աշխարհի բոլոր երկրներում: Վարչապետը հիշեց՝ երբ դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, հրապարակել էր տեղեկություն, որ իրենց տեղեկություններով որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետական ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ: Վարչապետը հավելեց, որ «բոլոր չակերտավոր ծառայությունները հայտնաբերվելու և ոչնչացվելու են»:

«Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխներին,  բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին զինաթափել»,- նշեց Փաշինյանն ու, դիմելով  Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին , ասաց, որ 2 ժամից ուզում է լսել կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին զեկույցը:

Վարչապետը նշեց՝ բոլոր նրանք, ովքեր սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը շփոթում են թուլության հետ, ուրեմն հենց այսօր կզգան օրենքի և ժողովրդի հուժկու հակահարվածը: Բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է: Վարչապետը շեշտեց՝ չեն պայքարում որևէ մեկի դեմ, այլ պայքարում են արդարության համար: Նա վստահեցրեց՝ իր անվտանգության երաշխավորը ժողովուրդն է:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: