11/19/2018

Մանկավարժն ու հայրենի գյուղի տարեգիրը

Մանկավարժն ու հայրենի գյուղի տարեգիրը

Սեպտեմբերի 12-ը Ձոնիկ Օրբելյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 90 տարեկան: Հոբելյաններն իրենց մեջ պարունակում են մի լուսավոր խորհուրդ, հետադարձ մի հայացք ձգել, արժեւորել արած-դրածը: Հոբելյարի գիտակցական կյանքն անցել է մի ոլորտում՝ մանկավարժություն, որին հավատարիմ է մնացել մինչեւ վաստակած հանգստի անցնելը… 

Բնօրրանը Կապանի տարածաշրջանի Վաչագան գյուղն է: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի յոթնամյա, միջնակարգը՝ Կապանի թիվ 1 դպրոցում: Նրա սերնդի պատանեկությունն ու երիտասարդությունը համընկան Մեծ հայրենականի եւ հետպատերազմյան դժվարություններով լի տարիների հետ: Հայրը 1942-ին մեկնեց պատերազմ, ընտանիքի հոգսը մնաց 14-ամյա պատանու ուսերին: Ընտանիքում չորս որդիներից ավագն էր, ուստի փոխարինեց ռազմաճակատ մեկնած հորը՝ փորձելով եղբոր՝ Օնիկի հետ հոգալ ընտանիքի հանապազօրյա հոգսերը: Իսկ դրանք անհատնում էին: Այդ մասին անսքող թախիծով է գրում իր հեղինակած «Մերոնք» գրքում:

Այնուհետեւ եկավ բարձրագույն կրթությունը ստանալու ժամանակը: Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտեց՝ աշակերտելով ժամանակի նշանավոր գրականագետներին եւ լեզվաբաններին: Այդ մասին հպարտությամբ է վերհիշում, հուշեր պատմում:

1955-ին անցել է մանկավարժական աշխատանքի: Չորս տասնամյակից ավելի մայրենի լեզու եւ գրականություն է դասավանդել Տանձավերի, Հանքավանի, Լեռնաձորի, Ողջիի, Վաչագանի, Լենհանքների, Կապանի թիվ 1, 2, 10 դպրոցներում (մեծ մասամբ ուսմասվար եւ տնօրեն): Բյուրավոր պատանիների եւ աղջիկների հասու է դարձրել ոսկեղենիկ հայերենի նրբությունները: Վաստակած հանգստի է անցել 1998 թվականին: Պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալով: Թողել է դասավանդման, դպրոցավարման հարուստ փորձ: Իր ապրած տարիների ընթացքում ստեղծել է հարուստ անձնական գրադարան, որում հաշվվում է 3000 կտոր գրականություն: 

Լինելով բանասեր՝ գրի է առել հայրենի Վաչագան գյուղի գերդաստանների նահապետների, նաեւ պարզ ու հասարակ գյուղացիների կյանքին առնչվող զվարճալի պատմություններ, զավեշտական միջադեպեր, հուշապատումներ, սրամտություններ, կոլտնտեսային կյանքի հարուցած դժվարությունները: Այդ ամենը գեղարվեստական պատումների տեսքով ամբողջացել է վերը հիշատակած «Մերոնք» գրքում, որ լույս է ընծայվել 2005 թվականին՝ կրտսեր որդու՝ Սերգեյի հովանավորությամբ: Դրանով իրեն մխիթարված է համարել, որ անդառնալի կորստից փրկել է վաչագանյան հարուստ բանահյուսության պատառիկները: Ափսոսանք է հայտնում նաեւ, որ հայրենի գյուղում օջախներ են մարում, դռներ փակվում: 

Ձոնիկ Օրբելյանը բարեկամասեր եւ զրուցասեր անձնավորություն է, դյուրին է նրա հետ շփվելը, քանզի մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր, խոսքը համեմված է հումորով եւ կատակով, ժողովրդական բառ ու բանով, հիշում է բազում զվարճապատում պատմություններ, դրանք հաճույքով ներկայացնում զրուցակցին: Սիրում էր սեղաններ ղեկավարել, նրա թամադայությամբ են անցել բազում հարսանիքներ եւ ծնունդներ: Ղեկավարել է նաեւ սգո արարողություններ՝ վշտի մեջ եղած մարդկանց սփոփել իր խոսքով:

Այժմ էլ, չնայած առաջացած տարիքին, փորձում է իր խորհուրդներով օգտակար լինել շրջապատին: Նրան ավելի շատ հուզում է պատերազմի եւ խաղաղության խնդիրը, հարեւան հանրապետության նախագահի ռազմատենչ կոչերը լրջորեն անհանգստացնում են կյանքի ինը տասնամյակը բոլորած մարդուն. «Պատերազմին՝ ոչ, բոլոր հարցերը պիտի լուծվեն կլոր սեղանի շուրջ, դիվանագիտական ճանապարհով: Թող բոլոր մարդիկ ապրեն խաղաղ երկնքի տակ»:

Հոբելյանը նշում է երեք որդիների, թոռների, հարազատների ու մտերիմների շրջապատում: Մեզ էլ մնում է նրան մաղթել ամուր առողջություն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: