09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Փաշինյանին և՞ս գաղտնալսում են. փորձագետը` պաշտոնյաների անհոգության մասին

Փաշինյանին և՞ս գաղտնալսում են. փորձագետը` պաշտոնյաների անհոգության մասին

Չի բացառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս գաղտնալսում են: Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին` ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ ՀՀ վարչապետն այս փաստը որակեց ոտնձգություն պետականության դեմ և հանձնարարեց անհապաղ գտնել իրավախախտներին:

Մարտիրոսյանը նկատեց, որ բոլոր հայ չինովնիկները սմարթֆոններ են օգտագործում և դրանք իրենց հետ արտասահման տանում: Ավելին, հավանաբար, նրանք այդ գաջեթներն իրենց հետ կարևոր հանդիպումներին էլ են տանում: Դա բավական ռիսկային է, քանի որ կան մարդիկ, այդ թվում նաև արտերկրում, որոնք փորձում են հեռախոսների մեջ գաղտնալսման սարքեր և ծրագրեր ներդնել:

«Չի բացառվում, որ Փաշինյանին ևս գաղտնալսում են, եթե իհարկե, մինչ այժմ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել: Խնդիրն այլ է. նույնիսկ եթե վարչապետի հեռախոսն անվտանգության մեջ է, կարող են գաղտնալսել զրուցակցին և նույնպես տեղադրել համացանցում», — ընդգծեց փորձագետը մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա զարմացած է, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները չեն օգտվել Viber և WhatsApp կապերից, որոնք չեն գաղտնալսվում, համենայնդեպս, հայրենական հատուկ ծառայությունների կողմից:  Մարտիրոսյանը նկատեց, որ հայ չինովնիկները սովորաբար զգուշություն են ցուցաբերում և փորձում օգտագործել այդ մեսենջերները, այդ իսկ պատճառով զարմանալի է, որ նման մակարդակի ղեկավարները գերադասել են սովորական բջջային կապը: Այնուամենայնիվ, ըստ նրա, հատուկ ծառայությունները կարող են պարզել, թե կոնկրետ ով է տեղադրել այդ զրույցը համացանցում:

«Եթե ԱԱԾ-ն դիմի Youtube, որը իրավապահ մարմինների հետ աշխատելու պրակտիկա ունի, հավանաբար կստանա անհրաժեշտ տվյալները: Հատկապես, եթե հաշվի առնենք, թե որքան անփույթ էր ամեն ինչ արված», — համոզված է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք նաև, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Վանեցյանը պատմում է հատուկ քննչական ծառայության ղեկավարին դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել է ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում են Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: