11/18/2018

Պետք է այնպես անեին, որ թվար՝ իմ գնահատականն է, ոչ թե հաշվարկ. հայ երգիչը՝ ժյուրի մասին

Պետք է այնպես անեին, որ թվար՝ իմ գնահատականն է, ոչ թե հաշվարկ. հայ երգիչը՝ ժյուրի մասին

Երգիչ Գեւորգ Հարությունյանը բարձր տրամադրություն ունի «Նոր ալիք 2018» մրցույթից հետո, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Մրցութային առաջին 2 օրերի ընթացքում նա բացարձակ արդյունք էր ցույց տվել. 100-ական միավոր էր ստացել ու առաջատարների թվում էր: 3-րդ մրցութային ելույթից հետո, որոշ ժամանակ սպասել է իր միավորներին, ու նկատելի է եղել, որ ժյուրիի անդամները ոչ թե գնահատում են իր կատարումը, այլ հաշվարկում են, որպեսզի առաջին տեղը զբաղեցնի ռուս Դան Ռոզինը (298 միավոր), իսկ Դարյա Անտոնյուկը (նույնպես ՌԴ) հավասարվի իրեն: Armtimes.com-ի հետ զրույցում Գեւորգը խոսեց այդ մասին:

«Առաջին 2 օրերից հետո նրանք իրենց ձեռքով ինձ դարձրեցին ֆավորիտ: Վերջին այդ խաղը, այդ արհեստական... դա կարելի էր գոնե մի փոքր վստահ անել, որ տպավորություն լիներ, թե իմ ելույթն է այդպես գնահատվում, այլ ոչ թե այնպես անեին, որ ողջ աշխարհը հասկանար, որ իրենք միավորները հաշվարկում էին, հավասարեցնում էին ինչ-որ մեկին եւ այլն: Իրենք էլ ասում են՝ սա շոու բիզնես է, սա խաղ է, բայց այդ խաղը պետք էր մի քիչ լավ խաղալ: Ռեժիսորը համերգներից առաջ ասում էր՝ ոչ մի բանի ուշադրություն մի դարձրեք, սա խաղ է: Ուղղակի այդ խաղը իրենք լավ չխաղացին»,- ասաց նա:

Ամեն դեպքում երգիչը մեծ տպավորություններով է վերադարձել: Մրցույթի ընթացքում իրեն երկրոդական ոչինչ չի շեղել: Բացի երգերի, բեմական կերպարի ու հագուստի վրա աշխատելուց՝ պատրաստված է եղել հոգեբանորեն: Նաեւ իմացել է, թե կազմակերպիչների ինչպիսի խանգարղ պահանջներ կարող են լինել: Սովորաբար «Նոլ ալիքում» լինում է, որ ինչ-ինչ հիմնավորումներով մասնակցից պահանջեն փոխել այս կամ այն հագուստը, երգը: Գեւորգը նախապես իմացել է՝ ինչպես պետք է անի, որ բեմ բարձրանա իր ուզած երգերով ու կերպարներով:

«Անցած տարվա մեր ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը մանրամասն պատմել էր, ասել էր, թե ինձանից ինչ են ուզելու վերջին պահին: Ես պատրաստված գնացել եմ, ու ինչ ուզել են փոխել ինչ-որ պատճառներով, օրինակ, հնչողության, ամեն ինչ մոտս պատրաստ ունեցել եմ, տվել եմ նրանց: Այսինքն՝ նրանք որեւէ բան չկարողացան անել, որ իմ երգերը, հագուստը փոխվեն: 100 տոկոսով պատրաստ էի: Երգել եմ այն, ինչ ուզել եմ ու իմ ձեւով՝ ինչպես պատկերացրել եմ, հագել եմ այն շորերը, որոնք ինձ հարմար էին: Վերջում ասացին՝ ամենաքմահաճ հայ մասնակիցը»,- պատմեց նա:

Գեւորգ Հարությունյանը հեշտությամբ չէ, որ հասել է «Նոր ալիք»: Բազմաթիվ հարցերի համար ստիպված է եղել ինքնուրույն լուծումներ գտնել:  Թեեւ չի ցանկանում անդրադառնալ ֆինանսական կողմին, բայց դա էլ միայն իր ուսերին է եղել: Ոչ ոքի չի մեղադրում, սակայն ում դիմել է հովանավորելու համար, համագործակցությունը չի ստացվել, եւ ստիպված իր միջոցներով է գնացել մրցույթի:

«Ես վարկ եմ վերցրել, գնացել եմ «Նոր ալիք»: Այդ բաները չեմ ուզում ասել: Ավելորդ ինտրիգ չեմ ուզում: Չեմ ուզում՝ ինչ-որ մեկը իրեն մեղավոր զգա, որովհետեւ գուցե ես ճիշտ մարդկանց չեմ դիմել, գուցե անտաղանդ եմ հովանավորներ գտնելու հարցում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ որպես 2-րդ տեղը գրաված մասնակից ստացած մրցանակային գումարը կբավարարի վարկը փակելու համար:

Անկախ դժվարություններից՝ երգիչը գոհ է արդյունքներից: Բավարարված է իր ելույթների որակով: Կարողացել է անել իր առավելագույնը, ներկայանալ այնպես, ինչպես նախապես պլանավորել է: Ցանկացել է հաղթել, բայց գիտակցել է՝ նման մրցույթներում ինչեր կարող են լինել: Այդ առումով նախապես տրամադրել է նաեւ ընտանիքի անդամներին ու չափից շատ չի ոգեւորվել առաջին 2 օրերի 100 միավորներից: Պարզապես վայելել է մասնակցությունը, հետո էլ ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ ու առաջարկներ:

«Ամեն ինչի սպասում էի, նույնիսկ իմ հարազատներին պատրաստել էի, որ շուտ ոգեւորվելու բան չունենք: Մրցույթը ինձ տվեց բավականին մեծ ճանաչում, արժանապատիվ ելույթներ, եւ ցատկահարթակ դարձավ ինձ համար: Կան բավական շատ առաջարկներ, նոր, ավելի հուսադրող հրավերներ» ,- ասաց նա՝ չցանկանալով ժամանակից շուտ մանրամասներ հայտնել:

Առաջիկայում նոր ծրագրեր ունի: Օրինակ, պլանավորում է տեսահոլովակ նկարահանել, սակայն դեռ չգիտի՝ երբ եւ ինչպես, քանի որ ցանկանում է, որ լինի բոլորովին նոր, այլ ոչ թե արդեն հայտնի երգի հիման վրա: Մրցույթների էլ դեմ չէ մասնակցել: Իրեն լիովին պատրաստ է զգում «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար: Այդ առումով էլ, սակայն, դեռ հստակություն չկա:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: