11/15/2018

Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը

Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը

Երեւանի քաղաքապետի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ունեցվածքի մասին հայտարարագրերը: «Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է 12 թեկնածուների 2018 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ առկա միջոցները եւ պարզել, որ ամենահարուստ թեկնածուն «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանն է: Իրենց ունեցվածքով աչքի են ընկնում նաեւ Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արտակ Զեյնալյանը եւ Միքայել Մանուկյանը:

ՀՅԴ-ի թեկնածու Միքայել Մանուկյանը  ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահն է: Դաշնակցության քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է բնակարան եւ ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւանի Պուշկինի փողոցում: Մանուկյանն ունի երկու ավտոմեքենա` Mersedes-BENZ S350L եւ Ինֆինիտի Q X4: Նա բավականին լուրջ դրամական միջոցներ ունի կուտակած՝ 21 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 25 հազար եվրո:

«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆիի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի՝ Երեւանի Նորք Մարաշ եւ Երզնկյան փողոցներում: Հովհաննիսյանն ավտոմեքենա չունի, իսկ դրամական միջոցները կազմում են 205 հազար դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլոր:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը ունի առանձնատուն Գերցենի փղոցում, որին կից կա տնամերձ հողատարածք եւ օժանդակ շինություններ: Գասպարյանն ունի երկու ավտոմեքենա՝ «Աուդի Ա8» եւ «Միցուբիշի Պաջերո»: Նա դրամական միջոցներ չունի:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը միանգամից երեք բնակարանի սեփականատեր է: Զեյնալյանի բնակարանները գտնվում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Նրա եկամուտները կազմում են մոտ 11 մլն դրամ, որից 7 մլն 300 հազարը նա ստացել է Ազգային ժողովից, 3,5 մլնը՝ արդարադատության նախարարությունից: Նա ունի նաեւ մոտ 5 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար եւ 2,3 հազար եվրո:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ Երեւանի կենտրոնում, մեկ ավտոմեքենա: Շահգելդյանը որպես ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր ստացել է 1,8 մլնի եկամուտ, իսկ ԵՊՀ-ից որպես դասախոս՝ 720 հազար դրամ:

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը չունի բնակարան, համենայնդեպս, հայտարարագրում բացակայում է: Սակայն, նա հաշվառված է Արարատյան 22 հասցեում: Փոփարենը նա երկու ավտոմեքենա ունի՝ «Տոյոտա Քեմրի» եւ «Լեքսուս 470GX» մակնիշների: Նա չի հայտարարագրել որեւէ դրամական միջոց:

«Երեւանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը միայն Բաղրամյան պողոտայում մեկ բնակարանի սեփականատեր է եւ մյուսի համասեփականատեր, բնակարանին կից ունի նաեւ արհեստանոց: Նա հայտարարագրել է նաեւ տուն-թանգարան, որը գտնվում է Անտառային կոչվող թաղամասում: Նրա սեփականությունների ցանկում է նաեւ BMW 320I մակնիշի ավտոմեքենան: Անահիտ Թարխանյանը միայն «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացել է 20 մլն 400 հազար դրամ, իսկ «FM 105.5» ՍՊԸ-ից ստացել է 15 մլն դրամ: Բացի այս նա ունի նաեւ 18 մլն դրամի խնայողություններ: Նրան են պատկամում «ՖՄ 055» եւ «Ա-3 ճարտարապետներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 տոկոս բաժնեմասերը:

«Բարգավաճ Հայաստան» կուսկացության քաղաքապետ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա չունի շարժական եւ անշարժ գույք: Նա Ազգային ժողովից ստացել է 12 մլն դրամի աշխատավարձ, ունի 71 հազար ԱՄՆ դոլարի խնայողություններ: Նաիրա Զոհրաբյանը հաշվառված է Այգեձոր թաղամասում, բայց բնակվում է Աբովյան փողոցում: Այնուհանդերձ նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականին, երբ ստանձնել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է միանգամից երեք բնակարան՝ բազմաբնակարան շենքերում:

«Երեւանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանը ունի մեկ բնակարան, մեկ առանձնատուն եւ երկու ավտոմեքենա: Նա Ազգային ժողովից որպես պատգամավոր ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ ունի 2 մլն դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իր ունեցվածքով գերազանցում է մյուս թեկնածուներին: Նա ունի վեց բնակարան, որից մեկը Երեւանի Հյուսիսային պողոտայում, իսկ մնացածը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի տարբեր թաղամասերում: Պրահայում Հայկ Մարությանն ունի նաեւ առանձնատուն, երկու հողամաս, նաեւ ավտոտնակ Երեւանի Հյուսիսային պողոտայում: Նա վարում է 2017 թվականի արտադրության «Պեժո Տարտնյոր ԹԻ ՓԻ» մակնիշի ավտոմեքնեա, որի սեփականատերն է:

Հայկ Մարությանի եկամուտները գոյանում են Չեխիայում վարձով տրված վեց բնակարանների վարձավճարից: Վեց բնակարաններից նա ստացել է 30 մլն ՀՀ դրամին համարժեք չեխական կրոն: Քաղաքապետի թեկնածուն «Դիջիգեյմ» ՍՊԸ-ից ստացել է 1,5 մլն հոնորար, «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ 3 մլն 400 հազար, «Գուդ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ 9 մլն 600 հազար դրամ, «Պերսոնա գրատա» ՍՊԸ-ից էլ՝ 1,5 մլն դրամ: Նա նաեւ Գեւորգ Գրիգորյան քաղաքացուն տրամադրել է փոխառություն (տոկոսով գումար), որից ստացել է 1 մլն-ի եկամուտ: Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմում են 190 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո, 4 մլն 700 հազար ՀՀ դրամ եւ 500 հազար չեխական կրոն, որը համարժեք է 11 մլն ՀՀ դրամի:

«Հայք» կուսակցության թեկնածու Հրաչիկ Հովսեփյանը հայտարարագրել է մեկ բնակարան: Նա չունի դրամական միջոցներ եւ շարժական գույք:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: