Արշավիր Խալափյան. «Սյունիքի մարզպետի նշանակման հարցում հանրապետության կառավարությունը պետք է առավելագույն ողջամտություն ցուցաբերի, ինչը եւ ակնկալում ենք»

Արշավիր Խալափյան. «Սյունիքի մարզպետի նշանակման հարցում հանրապետության կառավարությունը պետք է առավելագույն ողջամտություն ցուցաբերի, ինչը եւ ակնկալում ենք»

2018թ.  հոկտեմբերի 4-ից Սյունիքի մարզպետի պաշտոնը թափուր է: Եվ տարբեր անուններ են շրջանառվում հարցի շուրջ, թե ով կլինի Սյունիքի հերթական մարզպետը:

Շրջանառվում է նաեւ վարկած, թե կառավարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կառույցին է վերապահել մարզպետի թեկնածու առաջադրելու իրավունքն այս փուլում:

Սյունեցիներին հետաքրքող այդ հարցի շուրջ էլ զրուցեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, փաստաբան, իրավապաշտպան, «Հակակոռուպցիոն ազգային բյուրո» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանի հետ:

- Պարոն Խալափյան, վերջին օրերի քաղաքական իրադարձություններն իրենց ջրապտույտի մեջ են առել նաեւ Սյունիքի մարզը, քանի որ մարզպետի պաշտոնը ս.թ. մայիսից տրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Սակայն ԱԺ-ում հոկտեմբերի 2-ին հայտնի օրինագծի ընդունումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո կառավարությունից դուրս մղվեցին  ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները, պաշտոնանկ արվեցին այդ կուսակցությունները ներկայացնող մարզպետները, որոնց թվում՝ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Փաստորեն Սյունիքը սպասում է իր նոր մարզպետին, եւ, ինչպես ասացինք, տարբեր անուններ են շրջանառվում:

Նախ՝ արդյո՞ք հավաստի է տեղեկատվությունը, որ նոր մարզպետի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու խնդիր է դրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կառույցի առջեւ:

- Այդ հարցի շուրջ որեւէ քննարկում դեռեւս կուսակցության տարածքային կառույցում չի եղել, բայց տրամաբանական եմ համարում, որ մեր առջեւ նման խնդիր դրվի:

- Կուզենայինք հարցը դուրս բերել զուտ կուսակցական  շրջանակներից,  քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության ամենառազմավարական մարզի ղեկավարման եւ դրանից բխող պատասխանատվության մասին է:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ որակներով, չափանիշներով պետք է օժտված լինի Սյունիքի մարզպետը մեր օրերում, երբ  երկրում տեղի են ունենում վճռորոշ, ինչ-որ առումով դարակազմիկ իրադարձություններ:

- Մարզպետը, նախեւառաջ, պետք է ունենա բարոյակամային բարձր հատկանիշներ, ասել է թե՝ պետք է համարձակ լինի՝ անձնազոհության աստիճանի հասնող, չվախենա հակազդեցությունից, թաթախված չլինի կոռուպցիոն պատմությունների մեջ, քաղաքականապես կայուն անձնավորություն լինի, առնվազն տիրապետի մայրենի լեզվին, ճանաչի մարզը՝ իր բազում հիմնախնդիրներով եւ առանձնահատկություններով, հանրության համար ընդունելի եւ ընկալելի լինի, ի վիճակի լինի իրերը կոչելու իրենց անուններով…

- Տպավորություն ունենք, որ Դուք կարող եք այդ թվարկումները շարունակել, բայց… Կա՞ն նման թեկնածուներ մարզում, եւ, ըստ Ձեզ, կարեւո՞ր է, որ ապագա մարզպետը լինի Սյունիքից:

- Նման թեկնածուներ, անշուշտ, կան: Կարեւոր է, որ ապագա մարզպետը լինի Սյունիքից, բայց սկզբունքային հարց չեմ համարում դա: Կարեւոր է այն իմաստով, որ նա ճանաչի ե՛ւ մարդկանց, ե՛ւ երկրամասը՝ իր հիմնախնդիրներով:

- Դուք շրջանցեցիք մի կարեւոր հանգամանք. արդյո՞ք կարեւոր է ապագա մարզպետի կուսակցական պատկանելությունը եւ արդյո՞ք էական է, թե մարզի ո՞ր տարածաշրջանից է լինելու նոր մարզպետը:

- Ցանկալի է, որ Սյունիքի նոր մարզպետը լինի երկրի վարչապետի գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչ:

Ինչ վերաբերում է հարցին, թե՞ որ տարածաշրջանից է ցանկալի ունենալ նոր մարզպետ, ապա պատասխանս համահունչ է Ալեքսանդր Մակեդոնացու հայտնի ձեւակերպումին՝ Սյունիքի մարզպետի աթոռին կուզենայի տեսնել արժանավորին:

- Դուք, ինչպես տեսնում ենք, անուններ չեք տալիս, բայց կուզենայինք մի փոքր մասնավորեցնել՝ ինքդ հավակնություն ունե՞ք զբաղեցնելու Սյունիքի մարզպետի աթոռը:

- Անկեղծ լինեմ՝ եթե նման առաջարկ լինի, ես կստանձնեմ այդ պատասխանատվությունը:

- Դուք երկիրը կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, եւ մեզ իրավունք ենք վերապահում Ձեզ հետ մեկ հարց եւս քննարկել՝ արդյո՞ք Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ առհասարակ Սյունիքի մարզը, կառավարման տեսակետից, շատ չեն փորձարկումների եւ փորձությունների ենթարկվում:

- Ձեր մտահոգությունը կիսում եմ: Մայրաքաղաքից հետո իր կարեւորությամբ առաջինն է Սյունիքի մարզը. նկատի ունեմ նրա ռազմավարական դիրքը եւ երկրի տնտեսության համար առանցքային դերակատարությունը: Իսկ դա երիցս հուշում է, որ մարզպետի նշանակման հարցում հանրապետության կառավարությունը պետք է առավելագույնս ողջամտություն ցուցաբերի, ինչը եւ մենք ակնկալում ենք:

- Դուք ողջամտություն եք ակնկալում կառավարությունից, բայց օրական մի քանի ինքնակոչ թեկնածուների ազգանուններ ենք լսում: Ոմանք նույնիսկ շտապում են հեռանալ իրենց ծնած-սնած կուսակցությունից՝ երազելով, որ հեքիաթի աղավնին այս անգամ եւս կարող է բազմել իրենց ուսերին:

- Կարծում եմ՝ լուրջ չպետք է վերաբերվել ինքնագովազդի նման դրսեւորումներին:

Ամենեւին էլ ողջունելի չէ այն կուսակցականների փախեփախը, որին ականատես ենք: Դատապարտելի է նրանց վարքագիծը, ովքեր ուրանալով իրենց կուսակցություններին, ինքնամոռաց տրվում են նոր քաղաքական ուժին, ինչպես մի ժամանակ տրվել են ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՀՇ-ին…

- Եվ, օգտվելով առիթից, կուզենայինք իմանալ Ձեր կարծիքը Կապանի համայնքապետի առաջիկա ընտրությունների նախապատրաստական ընթացքի վերաբերյալ: Ի դեպ, հոկտեմբերի 9-ից սկսում է քարոզարշավը եւ, ըստ էության, մրցապայքարը ծավալվում է երկու թեկնածուի՝ Նարեկ Բաբայանի եւ Գեւորգ Փարսյանի միջեւ:

- Ընտրողը կպատասխանի հարցին, թե՞ ում է նախապատվություն տալիս: Ես մի հավաստիացում կարող եմ տալ՝ հոկտեմբերի 21-ի ընտրությունը մեր համայնքում լինելու է ամենաօրինականն ու արդարացին նախորդ բոլոր ընտրությունների համեմատ: Եվ այդ նպատակով մեր քաղաքական ուժն իրենից կախված ամեն ինչ անելու է:

Օգտվելով պատեհ առիթից՝ կոչ եմ անում համայնքի բոլոր ընտրողներին՝ ոչ մի դեպքում չվախենալ եւ քվեարկել բացառապես խղճի թելադրությամբ:

Հարցազրույցը՝ Մարիամ Սարգսյանի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: