ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՈՐԻՍԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՈՐԻՍԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«Սյունյաց երկիր» լրագրից հանձնարարություն էի ստացել՝ լուսաբանելու Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցող «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» խորագրով IX միջազգային գիտաժողովը:

Հավաքի առաջին օրվա արդյունքներից տպավորված էի։ Որոշեցի մինչեւ վերջ մասնակցել ծրագրված աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ եւ տեսած-զգացածս փոխանցել նաեւ լրագրի ընթերցողներին, իսկ որ տեսնելու, լսելու շատ բան կար, պարզեցի հետագա օրերին։

Նախ տեղեկացա, որ թեմատիկ այդ ուղղվածությամբ առաջին գիտաժողովը հրավիրվել է 1983թ. Գորիսում, երբ նոր էր Գորիսի մանկավարժական ինստիտուտի բազայի հիմքի վրա բացվել ճարտարագիտականի մասնաճյուղը։ Այդ պահից սկսած գիտաժողովի հրավիրումը դարձել է ավանդույթ։ Հետագա յոթ գիտաժողովների անցկացման նախաձեռնողը Գորիսի պետական համալսարանն է եղել, միայն այն տարբերությամբ, որ այդ կարեւոր գործում մեր համալսարանն արդեն ուներ համախոհ-գործընկերներ՝ հանձին ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի, ՌԴ ԳԱ Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Արցախի պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի։

Գորբաչովյան հայտնի վերակառուցման առաջ քաշած «ինչը չի արգելվում, այն թույլատրվում է» կարգախոսից հետո բուհերը, ինչպես սնկերն անձրեւից հետո, շեշտակի շատացան։ Խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետության համարյա բոլոր շրջկենտրոններում «բացվեցին» բուհեր, բայց ոչ շարքային ուսումնական հաստատություններ, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ համալսարաններ։ Ունեինք մեկ մայր համալսարան, ունեցանք տասնյակ այդպիսիք։ 

Հայտնի բան է, որ հասարակական կյանքում քանակական փոփոխություններն ի վերջո բերում, հանգեցնում են որակական փոփոխության։ Սա միակ դեպքն է, որ այդ օրենքը գործեց հակառակ ուղղությամբ։ Ակնհայտորեն ընկավ ուսման որակը, ինչ որ տեղ՝ նաեւ հարգը։

Ավագ սերնդի ներկայացուցիչները լավ են հիշում, թե տնտեսական ինչ հիմքերի վրա ստեղծվեց մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը։ Այն ժամանակվա իշխանության շրջանային մարմիններն ամեն ինչով օգնում-օժանդակում էին տարածաշրջանի միակ բարձրագույն ուսումնական հաստատության կայացմանը։ Օր օրի մեծանում, ամրապնդվում էին բուհի նյութատեխնիկական հիմքերը։ Ժամանակի ընթացքում կառուցվեցին ուսումնական մասնաշենքեր, շահագործման հանձնվեցին ինքնատիպ ճարտարապետական լուծումներով հանրակացարան, հրավիրվող դասախոսների համար հարմարավետ առանձնատներ։ Դրանք էապես նպաստեցին հաստատության հեղինակության, ուսման որակի բարձրացմանը։ Կրթօջախում դասախոսելու էին գալիս Խորհրդային Միությունում ճանաչված գիտնականներ։ Ինստիտուտը Սյունիքի, Արցախի ուսումնատենչ երիտասարդության, մտավորականության համար դարձավ յուրահատուկ կենտրոն, բայց փոխվեցին ժամանակները, աստիճանաբար փոխվեց նաեւ վերաբերմունքը համալսարանի նկատմամբ՝ նոր բարքեր, նոր պահանջներ։

Համալսարանն առավել քան որեւէ տնտեսական կամ էլ նույնիսկ ուսումնական այլ հաստատություն, լինելով երկրի կենդանի մարմնի ամենազգայուն օրգանիզմներից մեկը, միշտ արագ է արձագանքել տեղի ունեցող նույնիսկ ամենափոքր փոփոխություններին։

Նախարար կամ նույնիսկ փոխնախարար է փոխվում՝ այստեղ զգացվում է, էլ չենք խոսում մարզպետի ու քաղաքապետի փոփոխությունների մասին։ Ահա այդ վայրիվերումների ժամանակ էլ ամբողջ երկրի օրինակով խոսակցական լեզվով ասված փոշիացվել, «ցրիվ է տրվել» համալսարանի տարիների դժվարությամբ ստեղծված ունեցվածքը։ Այսօր յոթ հարկանի հանրակացարանի շենքից միայն յոթ սենյակներ են ծառայում բուն նպատակին, իսկ հրավիրվող դասախոսների համար նախատեսված առանձնատներից եւ ո’չ մեկը։ Բարվոք վիճակում չէին նաեւ լաբորատորիաները, մասնագիտական կաբինետները։ Ավելին, թավշյա հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ տարածաշրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները նոր, տարաբնույթ խնդիրներ առաջացրին այստեղ։

Այսքանն արդեն պատմություն դարձած բացասականի մասին։

Համալսարանի ղեկավարության ջանքերով ամեն օր պատի վրա մի մեխ է թխվում (ռեկտոր, ֆիզմաթ.գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյան)։ Ելնելով տարածաշրջանի զարգացման հեռանկարից եւ որոշ մասնագիտությունների մրցունակ պահանջարկից, ինչպես նաեւ շրջանավարտներին հեռավոր մարզում աշխատանքով ապահովելու կարեւոր խնդրից՝ համալսարանում ներդրվել են նոր մասնագիտություններ՝  «Զբոսաշրջության կառավարում», «Անգլերեն լեզու եւ գրականություն«, «Կերպարվեստ», «Հատուկ մանկավարժություն»։ Աշխուժացում է նկատվում նաեւ մոռացության մատնված ավանդույթների վերականգնման գործընթացում։ Հայտնի բան է, որ ցանկացած համալսարան երկրի համար բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստելուց զատ պետք է զբաղվի նաեւ գիտական գործունեությամբ։ ԳՊՀ-ի 50-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ» խորագրով հանրապետական եւ օրերս կազմակերպված իններորդ միջազգային գիտաժողովները դրա վառ վկայությունն են։ Տարբեր տարիներին կազմակերպված գիտաժողովներին մասնակել են ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ այլ զարգացած երկրների համալսարանների եւ գիտական կենտրոնների գիտնականներ։ Մասնակից երկրների լայն աշխարհագրությունը խոսում է այդ միջոցառման լրջության մասին։

Նման հավաքների ժամանակ հազվադեպ է լինում, երբ ունկնդիրները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զեկուցումների նկատմամբ։ Այս գիտաժողովը հենց այդպիսի եզակիներից էր։ Սկզբում մտածում էի հարցազրույց վարել արտասահմանից ժամանած մեկ-երկու հյուրի հետ, բայց հետո մտքափոխվեցի եւ որոշեցի պատահականության սկզբունքով ժողովի մասնակիցներին ուղղել նույն երկու հարցը՝ ի՞նչ է տալիս ձեզ այս գիտաժողովը, կցանկանայի՞ք արդյոք մասնակցել տասներորդ գիտաժողովի աշխատանքներին։

Ընթերցողին եմ ներկայացնում հյուրերից մի քանիսի պատասխանը:

Տիգրան Գալիչյան, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գիտական աշխատող. «Նման գիտաժողովների ժամանակ ստեղծվում են նոր ծանոթություններ, նոր գիտական կապեր, ծնվում են համատեղ աշխատանքի ծրագեր։ Ահա թե ինձ ինչ տվեց այս գիտաժողովը։ Անպայման կմասնակցեմ տասներորդ գիտաժողովին»:

Հելկի Օռելմա, Ֆիլանդիայի Տանպեռեի տեխնիկական համալսարան, դոկտոր. «Անպայման կմասնակցեմ, մանավանդ եթե այն նորից ձեր գեղեցիկ քաղաքում լինի։ Հետո էլ այստեղ լավ են կերակրում (ծիծաղում է)»:

Եվգենի Շուբալկին, ՌԴ ԳԱ Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող. «Երրորդ անգամն եմ մասնակցում այս գիտաժողովին։ Ոչ մի հավաք նման չէ մյուսին։ Անպայման կմասնակցեմ»։

Միխայիլ Սարիշկին, Սամարայի պետական տեխնիկական համալսարան. «Եթե բան չտար, երրորդ անգամ չէի գա։ Այս անգամ ինձ համար նաեւ գիտական գործունեությամբ զբաղվելու համախոհ եմ գտել»։

Կիրիլ Նազինով, ՌԴ ԳԱ Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող. «Առաջին անգամն եմ մասնակցում։ Որիշ ոչ մի տեղ ինձ հետաքրքրող գիտական պրոբլեմի մասին այսքան մեծաթիվ գիտնականների կարծիք չէի լսի, հաջորդ անգամ էլ անպայման կմասնակցեմ»։

Առիթից օգտվելով՝ հայտնենք, որ գիտական հավաքին ներկա էին ութսուներկու մասնակիցներ, այդ թվում՝ գիտական աշխարհում հայտնի այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Լ.Ա.Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ս.Հ.Սարգսյանը, Ա.Ս.Ավետիսյանը, ֆիզմաթ. գիտությունների դոկտորներ Վ.Ն.Հակոբյանը, Ա.Վ.Սահակյանը, Ա.Ն.Մարտիրոսյանը, Կ.Լ.Աղայանը եւ այլն։

Գիտաժողովը նվիրված էր ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին։ Այն կազմակերպել էին ՀՀ տեսական եւ կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը, ՌԴ ԳԱ Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Գորիսի պետական համալսարանը, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Արցախի պետական համալսարանը եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Գիտաժողովին ներկայացված 87 հիմնական եւ հարակից զեկուցումները հրապարակվել են համապատասխան կայքէջերում եւ տպագրվել առանձին գրքով, որի օրինակները ստացել են գիտաժողովի բոլոր մասնակիցները։

Կազմակերպիչները կարողացել էին օգտակարը համատեղել հաճելիի հետ. ազատ ժամերին հյուրերը ծանոթացան Գորիսի տեսարժան վայրերին, եղան Տաթեւի վանական համալիրում, Խնձորեսկում։ Վերջին օրը գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Արցախ: 

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

           

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: