Բաց նամակ ՀՀ Վարչապետ` Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ Վարչապետ` Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պարոն վարչապետ

Երևան-Մեղրի մայրուղու 197-րդ կմ-ից դեպի աջ՝ դեպի հարավ-արևմուտք, Սիսիանի տարածաշրջանում, գտնվում է նախկին իշխանությունների կողմից բառիս բուն իմաստով լքված և մոռացված մի սահմանամերձ ենթաշրջան՝ Անգեղակոթ, Շաղատ, Բալաք, Մուցք գյուղերով և նրանցում բնակվող Հայաստանի Հանրապետության 3500 հայրենասեր և հպարտ քաղաքացիներով:

Մայրուղուց մինչև Ադրբեջանի սահման՝ մինչև Բիչենեկի լեռնանցք (բարձր. 2347 մ) հեռավորությունը կազմում է ընդամենը 19 կմ, իսկ մինչև հայկական վերջին՝ Մուցք գյուղ՝ 12 կմ:

Այստեղ է գտնվում Նախիջևանի հատվածում Հայաստան-Ադրբեջան սահմանի կարևորագույն և միևնույն ժամանակ ամենածանր և բարձր լեռնային մասը (ավելի քան 3000 մ):

Այստեղ մեր զինվորները մեկ կիլոմետրից ավելի մեծ բարձրության վրա են ծառայություն իրականացնում, քան ամբողջ Ավստրալիա մայրցամաքի բարձրագույն կետն է՝ Կոսցյուշկո լեռը (2228 մ)... Սա՝ իմիջիայլոց: Վերջին անգամ մայրուղուց մինչև Մուցք ճանապարհն ասֆալտապատվել է, երբ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը դեռ երիտասարդ  էր, այսինքն՝ ավելի քան 45-50 տարի առաջ:

Այժմ այս՝ այլևս գրունտային ճանապարհը գտնվում է վերջին ստադիայի անմխիթար վիճակում: Զինվորներին մթերքը,  հերթափոխը և, աստված մի արասցե, շտապ օգնության մեքենան Սիսիանից ընդամենը երկու տասնյակ կմ  տարածությունն անցնում է ժամերի ընթացքում...

Բազմաթիվ կանայք շտապ օգնության մեքենայի ուշ հասնելու պատճառով մայրացել են կամ ճանապարհին կամ տանը, բազմաթիվ ընտանիքներ, նաև այս պատճառով, լքել են իրենց հայրենի տունն ու արտագաղթել:

Նախորդ իշխանություններն այս տարածաշրջանի ասֆալտապատման խնդիրն օգտագործել էին իբրև դամոկլյան սուր՝ այս գյուղերից ձայներ կորզելու համար: Եվ դա նրանց միշտ էլ հաջողվել է, որովհետև ժողովուրդն ուրիշ ճար չունենալով հավատացել է և ընտրել:

Հարգարժան պարոն վարչապետ

Այցելեք մեր տարածաշրջան և համոզվեք ինքներդ, միևնույն ժամանակ կծանոթանաք երկրագնդի ամենաչքնաղ անկյունում բնակվող ամենահայրենասեր և երբեք չնվնվացող բնակիչների հետ:

Այս չորս գյուղի 3500 բնակիչների, ինչպես նաև տարվա մեջ համարյա 10 ամիս ձյան մեջ և սառնամանիքում սահման պահող զինվորների անունից խնդրում ենք Ձեզ՝ ասֆալտապատել Հայաստանի Հանրապետության ճանապարհների՝ մեր կարծիքով կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող 12 կմ հատվածը:

Սեւակ Մուսաթյան, Անգեղակոթ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: