11/15/2018

Ռուբեն Զաքարյանը ոտնատակ է տվել Վահե Ա. նզովյալին

Ռուբեն Զաքարյանը ոտնատակ է տվել Վահե Ա. նզովյալին

2018թ. հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մուրադ Հովակիմյան) ուշագրավ վճիռ է կայացրել՝ «Պարտավորեցնել ՀՀ Սյունիքի մարզպետին՝ հինգ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 2017թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքներով ընտրված տնօրեն Ռուբեն Վանուշի Զաքարյանի հետ:

Անվավեր ճանաչել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Վարդիթեր Սանթրյանի միջեւ 2018թ. մայիսի 8-ին կնքված թիվ 11 աշխատանքային պայմանագիրը:

ՀՀ Սյունիքի մարզպետարանից հօգուտ Ռուբեն Վանուշի Զաքարյանի բռնագանձել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճռված եւ բավարարված հայցապահանջին համամասնորեն կազմած պետական տուրքի գումար:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սույն վճռին նախորդել է Ռուբեն Զաքարյանի դեմ ստորությունների, խարդավանքների մի ամբողջ շարք, որ տեւել է մոտ տասը ամիս:

Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Ա.-ի դարբասյան խաղերը հայտնի են հանրությանը, հայտնի են եղել նաեւ պետական ամենաբարձր ատյաններին, սակայն ոչ ոք չի փորձել կանգնեցնել կամայականությունների շքերթը:

Հայտնի է նաեւ Ռուբեն Զաքարյանի արժանապատիվ դիմադրությունը:

…2017թ. դեկտեմբերի 14-ին «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար:

Քվեարկության արդյունքներով Ռուբեն Զաքարյանը ստացել է յոթ ձայն եւ ընտրվել դպրոցի տնօրեն:

Դպրոցի խորհրդի որոշումը սահմանված ժամկետում եւ սահմանված կարգով ներկայացվել է տարածքային կառավարման մարմին՝ ընտրված գործադիր տնօրեն Ռուբեն Զաքարյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

Վահե Հակոբյանը ոչ միայն արհամարհել է մրցույթի արդյունքները եւ մրցույթի արդյունքների վերաբերյալ դպրոցի խորհրդի որոշումը, այլեւ մի շարք ստոր քայլերի  դիմել:

Մասնավորապես՝ առաջարկություն է ներկայացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ Ռուբեն Զաքարյանի՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողությունը դադարեցնելու վերաբերյալ, որը նախարարությունում քմծիծաղով է ընդունվել:

Վահե Հակոբյանը Սյունիքի մարզի դատախազության եւ իր ստրուկ աուդիտորների օգնությամբ նյութեր է պատրաստել, թե իբր Ռուբեն Զաքարյանը (Շենաթաղի դպրոցում) պաշտոնավարման ընթացքում ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարքներ է թույլ տվել (իբր դպրոցը գործել է առանց լիցենզիայի, խախտվել է պարտադիր կրթություն ստանալու աշակերտների իրավունքը, ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրվել է առանց մրցույթի եւ այլն):

Եվ մոգոնված նյութերը մատուցվել են մարզի իրավապահ մարմիններին՝ Ռուբեն Զաքարյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Դարբասի տնօրենի աթոռի համար մղվող աննախադեպ ճակատամարտում Վահե Ա.-ն, իր քմահաճույքներին ընդառաջ գնալով, փոփոխություն է կատարել «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմում՝ փորձելով ստեղծել կառավարման գրպանային մարմին, քանի որ խորհրդի նախկին կազմը գործում էր սեփական պատասխանատվության, դպրոցի արժանապատվության հստակ գիտակցումով:

Դա 2018-ի փետրվարին էր: Եվ զարմանալիորեն նորակազմ խորհրդի նախագահ է «ընտրվել» Վարդան Իվանյանը (Լավրենտի որդի Արթուրի տեղակալը), ում եղբայրը՝ Տիգրանը, մարզպետարանի ներքին աուդիտի ղեկավարն է եւ հանրությանը հայտնի է մարզպետի կամայականությունները հնազանդ կատարելու վարպետությամբ:

Վարդան Իվանյանի ղեկավարությամբ էլ 2018թ. մայիսի 3-ին անց է կացվել նոր մրցույթ Դարբասի տնօրենի թափուր պաշտոնի համար՝ առանց Ռուբեն Զաքարյանի:

Ի դեպ, դա նույն Վարդան Իվանյանն է, որի եղբայր Տիգրանի գլխավորությամբ Սյունիքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը, Վահե Ա.-ի հանձնարարությամբ, Ռուբեն Զաքարյանի գլխավորած «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում ստուգումներ է իրականացրել եւ քրեական գործ հարուցելու համար «նյութեր»  պատրաստել:

Բարեբախտաբար բոլոր այդ ստորություններն ու խարդավանքները ձախողվել են:

Ամոթալի այդ պատմության մեջ Վահե Ա.-ի մռութը չէր ջարդվի, եթե պետական ու իրավապահ մարմիններն արժանապատիվ եւ օրինավոր պահվածք չդրսեւորեին:

Նախ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Հարությունյանը 2018թ. հոկտեմբերի 8-ի գրությամբ Դարբասի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված վիճահարույց մրցույթի (2017թ. դեկտեմբերի 14-ի) արդյունքները չեղյալ չի ճանաչել:

Նախարարը չի դադարեցրել Ռուբեն Զաքարյանի՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողությունը՝ հիմքերի բացակայության պատճառով. այդ մասին, ինչպես նշեցինք, նախարարին դիմել էր Վահե Հակոբյանը:

Դրվատանքի արժանի է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Գրիգորյանի սկզբունքային ու օրինապահ վարքագիծը, ով կարճել է թիվ 52200118 քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով (այդ գործով քրեական հետապնդում էր սկսվել Ռուբեն Զաքարյանի դեմ):

Հիշեցնենք, որ Ռուբեն Զաքարյանը հաղթել էր նաեւ Դարբասի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջին մրցույթում եւս, որ տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերի 11-ին:

Այդ ժամանակ էլ Վահե Ա.-ն թքել էր Հայաստանաի Հանրապետության օրենքների վրա եւ հրաժարվել աշխատանքային պայմանագիր կնքել Ռուբեն Զաքարյանի հետ՝ գտնելով, որ հաղթողն իր մարդը չէ:

Հիմա, երբ ամեն ինչ հետեւում է մնացել, ուզում ենք գնահատանքի խոսք ուղղել նաեւ«Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի նախկին նախագահ Ռոբերտ Խաչատրյանին՝ Վահեի ճնշումներին չենթարկվելու, իր հայրենի գյուղի արժանապատվությանը տեր կանգնելու համար:

Ափսոսում ենք, որ անտեղյակ լինելու պատճառով չենք մասնակցել նրա սիրելի հայրիկի հուղարկավորությանը: Ուստի եւ ուշացումով մեր խմբագրակազմի ցավակցությունն ենք հղում նրան:

Դարբասի դպրոցի տնօրենի ընտրության շուրջ տեղի ունեցած այս պատմության մեջ շատ հարցեր, մինչդեռ, մնում են անպատասխան ու չպարզաբանված:

Օրինակ, ի՞նչ դեր է խաղացել հորինված այդ խառնաշփոթի եւ քաոսի մեջ մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը, չէ՞ որ ինքը պետք է (իր պաշտոնի բերումով) օրինախախտ մարզպետին սթափության կոչ աներ եւ կանգներ դպրոցի կողքին եւ ոչ թե հնազանդվեր մարզպետի կամքին:

Ի դեպ, զարմանալի հետքեր ենք տեսնում՝ կրթության վարչությունում այդ տիկնոջ պաշտոնավարումից հետո մարզի հանրակրթական դպրոցների զգալի մասում առաջացած խառնաշփոթի մեջ:

Կարծում ենք, գոնե ուշացումով, պետք է հանգամանալից քննության ենթարկվեն բոլոր այն գործողությունները, որ կատարվել է հանրակրթության ոլորտում՝ այդ տիկնոջ պաշտոնավարման ժամանակաշրջանում (տնօրենների ազատում, տնօրենների նշանակում, խորհուրդների կազմի փոփոխություն, հանրակրթական դպրոցներում կատարված ստուգումներ…):

Առանց հետադարձ հայացքի եւ առանց այդ ամենի մանրակրկիտ ուսումնասիրության ու օբյեկտիվ գնահատության՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների մասին խոսելն անլուրջ է եւ անհեռանկար:

Մի հարց էլ՝ Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի համաձայն է մարզպետարանի կրթության վարչության պետը միջամտում ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող հանրակրթական դպրոցների տարիֆիկացիաներին: Եվ ինչո՞ւ են հանրակրթական դպրոցի տնօրեններն իրենց եւ կառավարման խորհուրդներին օրենքով վերապահված լիազորություններից կամովին հրաժարվում ու նվիրում կրթության վարչության պետին:

Ինչեւէ, շնորհավորում ենք Ռուբեն Զաքարյանին՝ հաղթանակի կապակցությամբ:

Ռուբեն Զաքարյանը Սյունիքի մարզի հանրակրթության երախտավորներից է, եւ նրան բարոյական տառապանք պատճառած չինովնիկները պետք է հրապարակավ ներողություն խնդրեն:

1992թ. ապրիլի 26-ից նա գլխավորել է Լեռնաշենի ութամյա դպրոցը, որ հետագայում կոչվել է «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ: Եվ այդ պաշտոնը վարել է արժանապատվորեն ու բարձր պատասխանատվությամբ, վարել է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 14-ը՝ մինչեւ նշված մրցույթում հաղթելը:

Հաջողություն Ռուբեն Զաքարյանին՝ Դարբասի՝ կրթական ու դաստիարակչական լավագույն ավանդույթներով հարուստ դպրոցը ղեկավարելու գործում:

 Հ.Գ.

Պաշտոնից հեռացվելուց հետո Վահե Հակոբյանը հաջորդաբար պարտվում է դատական բոլոր վեճերում:

Վստահ ենք, որ պարտությունների այդ շքերթը շարունակվելու է առաջիկա մեկ-երկու տարում նույնպես, որովհետեւ նրա մարզպետական գործունեությանն առնչվող դատական հայցերն անթիվ են…

Բայց նրա կամայականությունների հետեւանքով քաղաքացիներին հասցված ֆինանսական վնասը հատուցում է Սյունքի մարզպետարանը, ասել է թե՝ պետությունը:

Օրենքը խախտել է ինքը, բայց վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը՝ պետական բյուջեի հաշվին:

Դա էլ մի կողմ. բազմաթիվ սյունեցիների նյութական ու բարոյական տառապանքներ պատճառած անամոթն ինչպե՞ս է այդ ամենից հետո համարձակվում գալ Սյունիք եւ կանգնել վարչապետի ու մարզպետի կողքին:

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: