11/15/2018

Խոսքի ազատության դեմ թափ առնող պայքարում Քաջարանի կոմբինատի ղեկավարներին օգնության է գալիս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը. Բաց նամակ ՀՀ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին

Խոսքի ազատության դեմ թափ առնող պայքարում Քաջարանի կոմբինատի ղեկավարներին օգնության է գալիս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը. Բաց նամակ ՀՀ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան

Մենք հասցրել ենք պատշաճ մակարդակով ծանոթանալ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններին՝ ամրագրված Սահմանադրության եւ Դատական օրենսգրքի մեջ:

Ուստի եւ գտնում ենք, որ մեր անանձնական ցավը, ինչն առիթ է դարձել սույն նամակի, պետք է մտահոգի նախեւառաջ Բարձրագույն դատական խորհրդին:

Այլ կերպ ասած՝ ուրիշ ո՞ւմ, եթե ոչ Բարձրագույն դատական խորհրդին ու նրա նախագահին պիտի տեղյակ դարձնենք Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում մարզային մի լրատվամիջոցի դեմ մանրագործվող կամայականության եւ հետապնդումների մասին: Մանավանդ որ Սահմանադրության հոդված 173-ում ամրագրված է՝ «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը»:

Խոսքը «Սյունյաց երկիր» պարբերականի շուրջ խարդավանքների նոր փուլի մասին է:

Վերջին երկու տարում այդ լրատվամիջոցի ու նրա խմբագրի դեմ սյունիքյան իշխանություններն իրականացրին այնպիսի հալածանքներ ու հետապնդումներ, որ նույնիսկ մարդկային երեւակայության մեջ դժվար է տեղավորել: Ու միայն այն բանի համար, որ այդ թերթը (նաեւ syuniacyerkir.am կայքով) ազնվորեն, բարեխղճորեն, հետեւողականորեն, ճշմարտացիորեն լուսաբանում է Սյունիքի առօրյան:

Եվ, տեսնելով ու համոզվելով, որ հնարավոր չէ կասեցնել լրատվամիջոցի ստեղծագործ ընթացքը, նոր ճակատ բացեցին թերթի դեմ՝ քաղաքացիական հայցեր հարուցելով թերթի ու նրա խմբագրի դեմ:

Միայն վերջի երկու-երեք ամսում Հայաստանի թիվ 1 հարկատուի, հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարների կողմից ութ հայց է ներկայացվել «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի դեմ:

Առաջին հայացքից միգուցե եւ նորմալ վիճակ համարվի դա. իրավական պետություն է, մարդիկ դատական կարգով փորձում են պաշտպանել իրենց պատիվն ու արժանապատվությունը, սակայն…

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այդ գործերի շուրջ տեղի են ունենում տարօրինակ եւ կասկածելի, հաճախ՝ իրավական առումով անհեթեթ զարգացումներ, որոնք իրավական պետություն ասվածի հետ որեւէ աղերս չունեն, որոնք ավելի շատ միջնադարին բնորոշ տգիտության եւ ինկվիզիցիայի տպավորություն են թողնում, որոնք առերեւույթ ուժի եւ արծաթի զորության հանդեսի մասին են տարփողում:

Օրինակ, այդ գործերից մեկով (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12118/02/18, դատավոր՝ Էդիկ Ավետիսյան) Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ Սյունիքի մարզում (Քաջարանի կոմբինատի տխրահռչակ ղեկավարներից մեկի մասով) դադարեցնելով ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի եւ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի գործողությունը, որի նախադեպը մեզ չհաջողվեց գտնել ո՛չ Հայաստանի երրորդ հանրապետության, ո՛չ ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայում:

Եվ իրավական խեղկատակությունները նշված քաղաքացիական գործերում այնքան շատ են ու այնքան արտառոց, որ որեւէ լրատվամիջոց, Հայաստանի որեւէ ողջախոհ քաղաքացի լռելու իրավունք չունի, քանզի խոսքի ազատության դեմ  պայքարի նման նախադեպերը վաղ թե ուշ հանրապետությունում կկիրառվեն  մյուս լրատվամիջոցների դեմ նույնպես:

Այսօր խոսքը նշված հայցերից մեկի մասին է՝ քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12226/02/18, դատավոր՝ Արթուր Ստեփանյան:

Հոկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այդ գործով տեղի է ունեցել առաջին նախնական դատական նիստը:

Հայցվորը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Նարեկ Ամբարյանն է:

Վեճի առարկան syuniacyerkir.am կայքում 2018թ. մայիսի 18-ին հրապարակված հոդվածն է՝ «Քաջարան. այսպես էլ ապրում ենք»:

Հայցվորը գործին լծվել է երկու ներկայացուցչով, եւ, որպես առաջին քայլ, նախնական դատական նիստում շրջափակման ենթարկվեց պատասխանողի միջնորդությունը՝ տեսաձայնագրելու դատավարութան ամբողջ ընթացքը:

Պատասխանողն ընդամենը նկատի էր ունեցել հատկապես սյունիքյան հանրության կողմից այդ ընկերության ղեկավարների հանդեպ առկա տարակույսներն ու հետաքրքրությունները, նաեւ այն հանգամանքը. որ վեճի առարկա հրապարակումը պայմանավորված է բացառապես հանրային գերակա շահով:

Այնուհետեւ, հայցվոր կողմը մեկ ժամ շարունակ համառորեն եւ առանց իրավական լուրջ հիմնավորումների պնդում էր, թե Նարեկ Ամբարյանի հայցի քննությունը պետք է տեղի ունենա դռնփակության պայմաններում:

Իհարկե, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 17-ը տեսականորեն թույլ է տալիս դատավարության նման ռեժիմ, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի 2-րդ մասում ամրագրված է՝ «Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առեւտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ նիստում»:

Իրականում, սակայն, նշված պայմաններից եւ ոչ մեկը կապ չունի Նարեկ Ամբարյանի կարգավիճակի հետ:

Նախ՝ վեճի առարկա հոդվածում մեկ բառ անգամ չկա հայցվոր Նարեկ Ամբարյանի մասին:

Լրագրային հրապարակումը Քաջարան քաղաքում եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տիրող բարքերի մասին է:

Մինչդեռ Նարեկ Ամբարյան հայցվորը սովորական մի գայստարբայտեր է, որ հին իշխանությունների հովանավորությամբ եկել է Քաջարանի կոմբինատ՝ փող աշխատելու, ինչը եւ անում է հեքիաթային հաջողությամբ:

Հա, նրա «արժանիքներից» մեկն էլ այն է, որ եղբայրը ՀՀ դատախազությունում բարձր պաշտոն է զբաղեցնում:

Եվ չլինելով պատշաճ հայցվոր, որեւէ առնչություն չունենալով այդ հրապարակման հետ, նա փորձում է հերթական պաշտպանական պատը կառուցել Քաջարանի կոմբինատի համար, որպեսզի իր ու իր հովանավորների սյունիքյան ոդիսականը հանկարծ նոր ճաքեր չտա:

Այդ հայցով եւ նշված միջնորդությամբ Նարեկ Ամբարյանը փորձում է նաեւ թաքնված մնալ հանրությունից, ինչպես որ թաքնված է մինչեւ հիմա:

Այդ հայցով ու նշված միջնորդությամբ Նարեկ Ամբարյանը փորձում է իր ներդրումն ունենալ ազատ խոսքի դեմ Սյունիքում հայտարարված պատերազմում, որովհետեւ նրա ու նրա հովանավորների սարսափի աղբյուրը նախեւառաջ ազատ խոսքն է:

Հարգելի պարոն Հարությունյան

Այդ ամբողջ պատմության մեջ տարօրինակն այն է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն է լծվել Քաջարանի կոմբինատի չարափառ ղեկավարների պաշտպանության անբարո գործին:

Մենք դատապարտում ենք այդ դատարանի եւ հատկապես դատավոր Արթուր Ստեփանյանի պահվածքը:

Մենք վերստին հիշեցնում ենք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 17-ի 2-րդ մասում սահմանված պայմանները (դռնփակ դատական նիստ գումարելու համար) ոչ մի կապ չունեն իբրեւ հայցվոր խաղացող Նարեկ Ամբարյանի կարգավիճակի հետ:

Եվ գիտե՞ք ինչն է զարմացնում. դատավորը մեզանից լավ գիտի այդ անձնավորության իրական կարգավիճակի մասին, բայց նա էլ, որքանով նկատեցինք, իր դերն է խաղում՝ չարաշահելով դատավորի լիազորությունները:

Թե ինչ որոշում կընդունի դատավոր Արթուր Ստեփանյանը դատաքննությունը դռնփակության ռեժիմով անցկացնելու վերաբերյալ միջնորդության մասին՝ կիմանանք ս.թ. դեկտեմբերի 6-ին, երբ կրկին տեղի կունենա նախնական դատական նիստ…

Հաջորդ հանգամանքի մասին, որ ոչ պակաս տարակուսելի է, եթե ոչ ողբալի:

Սույն քաղաքացիական գործով (եւ ընդհանրապես բոլոր այն հայցերով, որ Քաջարանի ղեկավարությունը հարուցել է ընդդեմ «Սյունյաց երկրի») հայցվորները դիմել են ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այլ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, թեեւ Սյունիքի մարզում են գտնվում «Սյունյաց երկիր» լրատվամիջոցը, Քաջարան քաղաքը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սյունիքում են բնակվում պատասխանողները, ենթադրյալ տասնյակ վկաները:

Եվ, չնայած այդ իրողություններին, բոլոր գործերն էլ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում են ընդունել վարույթ:

Կարելի է ասել՝ դա սպասված եւ պարզ վիճակ է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարները սարսափում են Սյունիքից եւ որպես օտարականներ համոզված են, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այդ հայցերի քննության ժամանակ ոչ միայն չեն կարողանալու  իրենց համար ցանկալի մակարդակով խաղեր տալ ու բեմադրություններ իրականացնել, այլ համոզված են, որ բազմաթիվ տեղաբնակներ կհավաքվեն դատարանի շուրջ եւ ուղղակիորեն (ներող եղեք) կթքեն իրենց երեսին:

Բայց… Ո՞ւր մնաց օրենքը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (այս դեպքում դատավոր Արթուր Ստեփանյանը) չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու դատարանի հայեցողական իրավունքը ծառայեցրել ինչ-որ Նարեկ Ամբարյանի ու նրա հովանավորների քիմքին, ովքեր, կրկնում ենք, եկել են Սյունիք, վայելում են Սյունիքի ընդերքի հարստությունը, բայց վախենում են ե՛ւ սյունեցիներից, ե՛ւ Սյունիքի դատարանից, ե՛ւ ազատ խոսքից, ե՛ւ գործող օրենքներից:

Արթուր Ստեփանյան դատավորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 21-ից վերցրել է այն, ինչ իրեն ու Նարեկ Ամբարյանին ձեռնտու է:

Տեսեք՝ ինչ է կատարվում:

syuniacyerkir.am կայքում հրապարակված վիճահարույց հոդվածը Քաջարան քաղաքի եւ Քաջարանի կոմբինատի մասին է, որոնք գտնվում են Սյունիքում:

Հրապարակման հեղինակը Սամվել Ալեքսանյանն է, ով բնակվում է Սյունիքում:

Հրապարակումը լույս է տեսել syuniacyerkir.am կայքում, որի գտնվելու վայրը նույնպես Սյունիքն է:

Գործով ենթադրվող վկաներն էլ (բոլորը) բնակվում են Սյունիքում:

Եվ ակնհայտ այդ հանգամանքները չտեսնելու տալով, Արթուր Ստեփանյան դատավորը գործը վարույթ է ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:

Իհարկե, syuniacyerkir.am կայքի նշված հրապարակման հետ, ինչպես նշեցինք, որեւէ աղերս չունի Նարեկ Ամբարյանը, նրա մասին մեկ հիշատակում անգամ չկա վեճի առարկա հրապարակման մեջ:

Ասել է թե՝ վեճի առարկա հրապարակման մասով Նարեկ Ամբարյանը հայցվոր լինելու որեւէ հիմք չունի, ինչը դարձյալ չի նկատել Արթուր Ստեփանյան դատավորը:

Բայց եթե նույնիսկ Նարեկ Ամբարյանից ուզում են հունցել, ձուլել կամ հնարել հայցվոր, ապա դատավորը չպետք է կույր ձեւանար ու չտեսներ, որ նույն գաստարբայտերը շաբաթվա առնվազն հինգ օրը բնակվում է Քաջարանի կոմբինատի պրոֆիլակտորիայում, ինչը գտնվում է Սյունիքում, որ նա աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ինչը նույնպես գտնվում է Սյունիքում, որ նրա կրած ենթադրյալ վնասը (եթե, իհարկե, վնաս է կրել լրագրային այդ հրապարակման հետեւանքով) դարձյալ Սյունիքում կարող էր լինել, այն էլ միայն Քաջարանում, քանզի Քաջարանից դուրս նրան չեն էլ ճանաչում:

Եվ ծանրակշիռ այդ հանգամանքներն անտեսելով, Արթուր Ստեփանյանը հիշել է միայն օրենքում նշված բազում պայմաններից մեկը՝ Նարեկ Ամբարյանն ունի Երեւանի հաշվառում:

Պատասխանող Սամվել Ալեքսանյանը նույն օրը՝ հոկտեմբերի 30-ին, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ տվյալ քաղաքացիական գործի ընդդատությունը վերանայելու եւ գործի քննությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու համար:

Սակայն տեսնելով դատավորի վախվորած վիճակը (մեր ստեղծագործական խումբը մի քանի րոպե հնարավորություն ունեցավ մասնակցել դատական նիստին), քիչ հավանական ենք համարում, որ դատավորը համարձակություն կունենա առաջնորդվել Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ բավարարել Սամվել Ալեքսանյանի միջնորդությունը` տարածքային ընդդատությունը վերանայելու մասով:

Դատելով մեր տպավորությունից՝ Քաջարանի կոմբինատից դատավորի վախը կամ կաշկանդվածությունն ապշեցուցիչ է:

Ու այդ ամենից հետո չենք կարող չհայտարարել՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, հակառակ Դատական օրենսգրքի, հակառակ միջազգային մի շարք իրավական ակտերի, նշված քաղաքացիական գործերով պատասխանողի համար բացառել է դատավարության հավասար պայմանները, բացառել է մրցակցային դատավարության հնարավորությունը:

Հարգելի պարոն Հարությունյան

«Սյունյաց երկիրը» քանիցս ի լուր Հայաստանի հայտարարել է, որ Քաջարանի կոմբինատը պետություն է պետության ներսում. այդպես էր ե՛ւ երեկ, այդպես է ե՛ւ այսօր:

Այդ գնահատության մեջ չափազանցության նշույլ չենք տեսել եւ չենք տեսնում: Սակայն կարծել ենք, թե այդ ախտորոշումը սահմանափակվում է միայն Սյունիքով:

Հիմա, դիտարկելով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի պահվածքը նշված քաղաքացիական գործերի շուրջ, կարող ենք հստակ եւ միանշանակ հայտարարել՝ Քաջարանի կոմբինատը ոչ միայն պետություն է պետության ներսում, այլեւ դատարան է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի ներսում:

Հարգելի պարոն Հարությունյան

Ժողովրդավարական արժեքներ որդեգրած Հայաստանում, բացախոսություն եւ բազմակարծություն որդեգրած երկրում, մարդու հիմնարար ազատությունների հանդեպ իր հավատամքն արտահայտած պետության մեջ, պարզվում է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մի կլանի կողմից ծառայեցվում է ընդդեմ մարզային սովորական մի լրատվամիջոցի եւ նրա խմբագրի:

Ողջամիտ որեւէ մեկին հնարավոր չէ համոզել, որ համաշխարհային մասշտաբի գործիչներին, պետությունների գործող եւ նախկին ղեկավարներին, աշխարհահռչակ գիտնականներին առնչվող դատական նիստերն անցնում են բաց ռեժիմով, բայց փող աշխատելու համար Երեւանից Քաջարանի կոմբինատ եկած ու այնտեղ պաշտոնը զբաղեցնող սովորական մի արարածի առնչությամբ դատաքննությունը փորձում են անել իրենց բակում՝ Երեւանում, դատախազության երբեմնի աշխատակից հոր եւ դատախազության ներկայիս չինովնիկ եղբոր աչքի առաջ` դռնփակության պայմաններում: Եվ դա այն պարագայում, երբ ինքն է հայցվորը եւ ինքը պետք է նախ եւ առաջ շահագրգռված լինի բաց ու հրապարակային դատաքննության մեջ, որպեսզի պատասխան պահանջի իր պատիվն ու արժանապատվությունն իբր արատավորած խմբագրից ու լրատվամիջոցից:

Հաագայի միջազգային դատարանում անգամ միջազգային մասշտաբի գործերը քննվում են հրապարակայնորեն, Նյուրնբերգյան հայտնի դատաքննությանը նույնիսկ հարյուրավոր լրագրողներ էին ընդգրկվել՝ լուսաբանելու համար, բայց ահա Նարեկ Ամբարյան գաստարբայտերի հայցը պետք է քննվի գաղտնիության, դռնփակության պայմաններում:

Ի՞նչ է կատարվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում…

Ձեզ դիմելու նպատակը մեկն է. Դուք կարո՞ղ եք «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի դեմ հարուցված քաղաքացիական հայցերի քննության համար ապահովել անկախ դատարան ու անկախ դատավոր, Քաջարանի կոմբինատից, Սյունիքի ընդերքից չկախված դատական ատյան:

Դուք, գոնե Դուք ի վիճակի՞ եք (ներող եղեք նման արտահայտության համար) ուժ գտնել Ձեր մեջ եւ զերծ մնալ Քաջարանի կոմբինատի հնարավոր ազդեցությունից եւ ապահովել անկախ, օրինական, կողմերի համար հավասար մրցակցային պայմաններ ապահովող դատաքննություն նշված քաղաքացիական գործերով:

Սպասում  ենք Ձեր հրապարակային պատասխանին:

Փոստային առաքմամբ Ձեզ ենք ուղարկում նաեւ սույն նամակի թղթային տարբերակը:

Մինչ այդ ցանկանում ենք հրապարակավ մեր հիացմունքն արտահայտել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի պահվածքի առիթով, ով մեն-միայն, առանց խուճապի մատնվելու, առանց նահանջելու դուրս է եկել կլանային հայտնի բուրգի, ինչպես եւ ստրուկների արշավի դեմ՝ տեր կանգնելով իր խմբագրած լրատվամիջոցի, ինչպես եւ իր փոքր հայրենիքի՝ Սյունիքի արժանապատվությանը:
 

Հարգանքով՝ Մհեր Եղիազարյան

HayNews.am կայքի պատասխանատու

5 նոյեմբերի 2018թ.

 

Նյութի աղբյուր՝ haynews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: