11/15/2018

«Սյունյաց երկիր» խմբագրության հյուրն էին դպրոցականները

«Սյունյաց երկիր» խմբագրության հյուրն էին դպրոցականները

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Մեդիա-նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել են մեդիա-գրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում: Իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով նախարարը կոչ է արել աշակերտներին ակտիվորեն ներգրավվել գործընթացում: «Ապատեղեկատվությունը բոլոր ուղղություններով շատ մեծ է, եւ կարեւոր է, որ աշակերտները գրագետ լինեն, եւ մեր ցանկություն է, որ մեդիա-գրագիտությունը դասավանդվի հենց դպրոցից»,- նշել էր նա:

Նոյեմբերի 6-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն այցելեցին Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի N7 հիմնական դպրոցի աշակերտները` ուսուցչուհի Մարինե Հովսեփյանի գլխավորությամբ: Նրանք ծանոթացան խմբագրության առօրյային, որից հետո թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց Սյունիքում մարզային մամուլի հիմնադրման պատմությանը, «Սյունյաց երկրի» անցած ուղին` հիմնադրման տարեթվից (2003թ. հոկտեմբեր) մինչեւ մեր օրերը, ինչպես նաեւ մեր օրերում պարբերական մամուլի առջեւ ծառացած մարտահրավերները, մամուլում եւ սոցիալական կայքերում տպագիր խոսքի դեմ առկա մեղանչումները: Ինչու չէ տարբեր խմբագրություններում աշխատել ցանկացող լրագրողների ցածր պատրաստականությունը: Այնուհետեւ Ս. Ալեքսանյանը պատասխանեց աշակերտների հարցերին:

Աշակերտուհիներ Մարի Բադալյանը եւ Սիլվի Հարությունյանը շարադրության տեսքով ներկայացրեցին իրենց նկատառումները, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից լրագրողը:  Դժվար չէր նկատել նրանց` լրագրող դառնալու ցանկությունը:

Խմբագրության հյուրերը նվեր ստացան «Սյունյաց երկրի» հատուկ թողարկումներից նմուշներ, ինչպես նաեւ Սյունիքում ճանաչված բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» գրքից: Վերջում դպրոցականները խմբագրության աշխատակիցների հետ լուսանկարվեցին` ի հիշատակ  անմոռաց հանդիպման:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: