11/15/2018

Արշավիր Հովհաննիսյան. «Համոզված եմ, որ ամեն ինչ կպարզաբանվի եւ ակնհայտ կդառնա, որ խնդրո առարկա հարցում օրենքի խախտում եւ քրեորեն պատժելի արարք տեղի չի ունեցել»

Արշավիր Հովհաննիսյան. «Համոզված եմ, որ ամեն ինչ կպարզաբանվի եւ ակնհայտ կդառնա, որ խնդրո առարկա հարցում օրենքի խախտում եւ քրեորեն պատժելի արարք տեղի չի ունեցել»

Վերջին օրերին մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, թե մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին ու նրա տեղակալին:

Տեղեկատվությունն, անշուշտ, հետաքրքրեց մեզ, քանզի խոսքը Մեղրի համայնքի 2012-16թթ. ընտրյալ ղեկավար Արշավիր Հովհաննիսյանի մասին է, ով հեղինակություն է վայելում ոչ միայն Մեղրիում, այլեւ Սյունիքի մարզում, ով Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից է, ում 2016թ. ապրիլյան իրադարձությունների թեժ օրերին հանդիպեցինք արցախա-ադրբեջանական սահմանի ամենադժվար տեղամասերից մեկում՝ «Եղնիկներ» անվանյալ դիրքերում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս:

Արշավիր Հովհաննիսյանը, իմիջիայլոց, այն համայնքապետերից է, ով ժամանակին՝ 2012 թվականին, քաղաքապետ է ընտրվել բացառապես ժողովրդի կամքով՝ առանց իշխանությունների համաձայնության:

Պաշտոնաթողությունից հետո գլխավորում է Մեղրու Անապաստանաց վանքի վերականգնողական աշխատանքները:

Ու մենք կամեցանք նրա հետ զրուցելով պարզել ե՛ւ հարուցված քրեական գործի, ե՛ւ ներկայացրած մեղադրանքի էությունը:

- Պարոն Հովհաննիսյան, նախ՝ կուզենայինք իմանալ Ձեր արձագանքը ե՛ւ հարուցված քրեական գործի, ե՛ւ Ձեզ ներկայացված մեղադրանքի մասին:

-Անկեղծորեն՝ ինչ-որ իմաստով անակնկալ էր քրեական գործի հարուցումը, առավել եւս՝ ինձ մեղադրանք ներկայացնելը:

Բայց տեղի ունեցածին վերաբերում եմ հանգիստ:

Հատկապես Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հավատում եմ մեր իրավապահ մարմինների օբյեկտիվությանն ու օրինական գործելակերպին: Համոզված եմ, որ ամեն ինչ կպարզաբանվի եւ ակնհայտ կդառնա, որ խնդրո առարկա հարցում օրենքի խախտում եւ քրեորեն պատժելի արարք տեղի չի ունեցել:

- Ի՞նչ կասեք բուն քրեական գործի նախապատմության մասին:

- Նախաքննության շահերից ելնելով՝ չեմ կարող մանրամասն տեղեկություներ հաղորդել:

Պարզապես կփորձեմ քրեական գործը ներկայացնել ընդհանուր գծերով: 2015թ. հունիսի 13-ին Մեղրիի բազմաբնակարան շենքերից մեկը հրկիզվել էր: Եվ առաջացել էր խնդիր՝ շենքի բնակիչներին բնակարանով ապահովելու համար:

Իհարկե, առաջին իսկ օրվանից մտահոգվեցինք շենքի վերականգնման հարցով, թեեւ առաջարկություն կար հրկիզված շենքի տարածքը զբոսայգու վերածել:

Շենքը վերականգնելուն զուգահեռ համայնքային իշխանությունը, նախ՝ նրանց ապահովեց ժամանակավոր կացարաններով, այնուհետեւ փորձեցինք այլ լուծումներ եւս գտնել՝ տուժած ընտանիքների խնդիրը հիմնովին լուծելու համար:

Մեր նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը 2015թ. հունիսի 18-ին Մեղրի քաղաքի Կ.Մելիք- Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող 461.1 քառ.մ. ընդհանուր մակերեսով ինֆեկցիոն մասնաշենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.076 հա մակերեսով հողատարածքն անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերվեց Մեղրի քաղաքային համայնքին:

Մեղրի համայնքին հանձնվեցին նաեւ Կ.Մելիք-Օհանջանյան 92 հասցեում գտնվող 1787,4 քառ.մ. մակերեսով չշահագործվող նախկին շենքն ու շինությունները՝ դրանց հարակից 0.844հա մակերեսով:

Նույն որոշմամբ հանձնարարվել էր Մեղրի քաղաքային համայնքին՝ որպես բնակելի շենք վերակառուցել այդ շինությունները եւ տրամադրել Զորավար Անդրանիկի փողոցի N7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին, ինչպես նաեւ Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված ու բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին՝ սեփականության իրավունքով եւ անհատույց տրամադրելու պայմանով:

- Եվ ի՞նչ խախտում է թույլ տրվել կառավարության այդ որոշումը կատարելու ճանապարհին:

- Նախ՝ ներկայացնեմ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ Ձեր հարցին առնչվող պատասխանը, որից հետո կհայտնեմ իմ նկատառումները:

Եվ այսպես՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչի 2018թ. հուլիսի 19-ի որոշման մեջ նշված է՝ «Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի պաշտոնատար անձինք 2015թ. ընթացքում իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, վերը նշված որոշման դրույթները խախտելով, շինությունները բնակելի տարածքի վերակառուցելու եւ բնակմակերես հատկացնելու դիմաց Մեղրու ավագանու որոշմամբ շահառուների ցուցակում ընդգրկված կառավարության որոշմամբ նախատեսված շահառուներից, ինչպես նաեւ Մեղրի համայնքի այլ բնակիչներից պահանջել են «Մեղրի» հիմնադրամ վճարել իրենց կողմից կամայականորեն սահմանված 1 քառ.մ.-ի դիմաց որոշակի գումար, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել անձանց եւ կազմակերպության իրավունքերին ու օրինական շահերին»: 

- Քննիչի որոշումից բերված քաղվածքում, ինչպես տեսնում ենք, այսպիսի տողեր կան, որ Մեղրի համայնքի պաշտոնատար անձինք այդ ամենն արել են «շահադիտական եւ անձնական այլ շահագռգռվածությունից ելնելով»:

Չե՞ք կարծում, որ դա բավականին լուրջ մեղադրանք  է, միգուցե արտահայտե՞ք Ձեր դիրքորոշումն այդ կապակցությամբ:

- Ավելորդ է այդ ամենի մեջ անձնական շահ, շահադիտություն փնտրելը:

Նախ՝ հրկիզված շենքի բնակիչները մոտ մեկ ու կես տարի մնացել են հյուրանոցում, եւ մենք միջոցներ ենք հայթայթել նրանց կոմունալ ծախսերը հոգալու համար, ոչ ոք ոչ մի լումա չի ծախսել այդ նպատակով:

Այնուհետեւ՝ հիվանդանոցի նախկին շենքը մեր նախաձեռնությամբ է կառավարության քննարկման առարկա դարձել եւ հատկացվել համայնքին, ինչպես արդեն նշել եմ:

Այնուհետեւ՝ բնակիչներն իրենց ցանկությամբ ու որոշմամբ են գումար հավաքել, որպեսզի հիվանդանոցի շենքը փոխակերպենք բնակելիի:

Եվ, ի վերջո, հավաքված միջոցները ծախսվել են բացառապես այդ նպատակով. խնդրեմ, կարող եք գնալ եւ անձամբ տեսնել կատարված աշխատանքը, կարող եք նաեւ մասնագետների օգնությամբ նման դիտարկում իրականացնել:

Ու այդ ամենից հետո ինչ-որ անձնական շահե՞ր փնտրել, անհեթեթություն է:

- Եվ, այդուհանդերձ, կառավարությունը որոշել էր հատկացված շենքերի վերակառուցումն իրականացնել Մեղրի քաղաքային համայնքի միջոցներով, բայց…

-Ներող եղեք, բայց կառավարության որոշման մեջ նման հանձնարարական չկա: Մյուս կողմից՝ կառավարությունն այդ նպատակով մեզ գումար չի էլ հատկացրել՝ շատ լավ իմանալով, որ համայնքային բյուջեում էլ նման միջոցներ չկան:

Բայց, կառավարությունը շատ հստակ հանձնարարել է՝ Մեղրիի քաղաքային համայնքի միջոցների հաշվին իրականացնել նվիրաբերության պայմանագրի կնքումը, նաեւ նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման եւ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները, ինչը պետք է կատարվեր աշխատանքներն ավարտվելուց հետո:

Մենք կարող էինք հատկացված շենքերն առանց վերակառուցման հանձնել նշված շահառուներին, բայց իրենք՝ բնակիչները, կամեցան վերակառուցումներ անել ու պատշաճ տեսքի բերել: Եվ 1 քառ.մ. համար հավաքվեց 28-36 հազար դրամ:

Հավաքված գումարներն էլ, ինչպես նշեցի, ծառայեցվեց նպատակին:

- Հետաքրքիր է, Ձեզ մեղադրանք է ներկայացվել որպես համայնքի ղեկավա՞ր, թե՞ որպես «Մեղրի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

- Ես մեղադրվում եմ որպես համայնքի ղեկավար, թեեւ հավաքված միջոցները մուծվել են «Մեղրի» հիմնադրամի՝ հատուկ այդ նպատակով բացված հաշիվ:

Մի կարեւոր հանգամանք եւս՝ այդ գումարների օգտագործումը թափանցիկ դարձնելու եւ անհրաժեշտ վերահսկողությամբ իրականացնելու համար շահառուներից ստեղծվել էր հանձնախումբ, ինչը մեկ անգամ եւս բացառում է համայնքապետարանի որեւէ աշխատակցի անձնական շահախնդրությունը:

- Կարեւոր մի հարց եւս՝ արդյո՞ք կառավարության որոշման մեջ նշված շահառուներից բոլորին բաժին է հասել, թե՞ որոշ ընտանիքներ զրկվել են բնակարան ստանալու հնարավորությունից:

- Առանցքային հարց եք տալիս… Նախ՝ հրդեհից տուժած ընտանիքները հետագայում որոշել են հրաժարվել նախկին հիվանդանոցի տարածքում իրենց հատկացվելիք բնակարաններից եւ անպայման վերադառնալ նախկին բնակարաններ, որ հասցրել էինք հիմնանորոգել:

Եվ 29 բնակարանից բաշխվել է 23-ը, որից 14-ն այն երիտասարդ ընտանիքներին, որոնք կառավարության որոշմամբ ճանաչվել էին շահառու, որոնք հաշվառված էին համայնքապետարանում: Իսկ վեց բնակարան մինչեւ այսօր չի բաշխվել:

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ շահառուներից որեւէ մեկի իրավունքը չի խախտվել:

- Իհարկե, որեւէ շահառուի իրավունք չի խախտվել:

- Բայց, որքանով տեղյակ ենք, բնակարան է հատկացվել նաեւ մարդկանց, ովքեր կառավարության որոշմամբ տվյալ հարցում շահառու չեն:

- Մենք բավարարել ենք բոլոր շահառուների պահանջները եւ նույնիսկ, կրկնում եմ, 6 բնակարան թողել չբաժանված, քանի որ կարիքավորներ չեն եղել: Իսկ եթե որեւէ մեկին, նշված շահառուների շրջանակից դուրս, բնակարան ենք հատկացրել, ապա դրանով նույնպես սխալ թույլ չենք տվել, քանզի կառավարության նշված որոշմամբ այդ շենքերն անհատույց սեփականության իրավունքով է նվիրաբերվել Մեղրի համայնքին, եւ համայնքային իշխանությունն էլ, գործող օրենքների շրջանակում, կարող էր իրեն թույլ տալ նման քայլ:

- Եվ գիտե՞ք ինչն է զարմացնում, անցել է երկու տարի, ու այդ ընտանիքներից ոչ մեկն այնտեղ բնակության չի տեղափոխվել, ինչպե՞ս հասկանալ:

- Այդ հարցը կարող եք ուղղել Մեղրի համայնքի ներկայիս ղեկավարներին. որքանով տեղյակ ենք՝ դեռեւս նրանք սեփականության վկայականներ չեն ստացել:

- Ո՞ր փուլում է գտնվում քրեական գործի նախաքննությունը:

- Չեմ կարող ասել, քանի որ դա քննիչի որոշելիքն է, ում վարույթում գտնվում է գործը:Բայց մենք հնարավոր բոլոր միջոցներով նպաստում ենք, որ օբյեկտիվ իրավիճակն ամբողջովին ջրի երես հասցվի, եւ արդարությունը հաղթանակի:

Հարցազրույցը՝  ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: