11/15/2018

Ողբերգական վթարից մահացած զինծառայողը չի ցանկացել գնալ Արցախ. նա պատմել է, որ «Կամազը» լավ վիճակում չի եղել

Ողբերգական վթարից մահացած զինծառայողը չի ցանկացել գնալ Արցախ. նա պատմել է, որ «Կամազը» լավ վիճակում չի եղել

Երեկ ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանը չի ցանկացել գնալ Արցախ՝ զորավարժանքների, քանի որ «Կամազը» լավ վիճակում չի եղել:

Այս մասին մեր զրույցում պատմեց նրա մտերիմ անձանցից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Նա մեր զրույցում պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ խոսել էր Էդգարի հետ, նա ասել էր, որ գնալու են Արցախ՝ 40 օրով. «Հոկտեմբերի 13-ին խոսում էինք, ասել էր, որ գնալու են Ղարաբաղ՝ 40 օրով, բայց չգիտի՝ երբ կոնկրետ, ուղղակի ասել են, որ պատրաստ լինեն, ու հետո ասեց, որ ինքը չի ուզում գնա ու աշխատանքներ ա տանում, որ չգնա, որովհետեւ էդ կամազը լավ վիճակում չի, վախենում ա՝ կփչանա»,- մեր զրույցում պատմեց Էդգարի մտերմուհին: Վերջինս նշեց, որ վերջին անգամ Էդգարի հետ խոսել էր կիրակի օրը. այդ օրն էլ զինծառայողը տեղեկացրել էր, որ երեքշաբթի գնում են Արցախ:

Վերջինս չգիտեի՝ արդյոք Էդգար Հունանյանը «Կամազի» տեխնիկական խնդիրների մասին զեկուցե՞լ էր վերադասին, թե՝ ոչ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էդգարը Հրազդան քաղաքի բնակիչ էր:

Դեպքի հետ կապված տաբեր վարկածներ են քննվում: Վարկածներից մեկի համաձայն՝ Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհով երեք մեքենա է ընթանալիս եղել. առջեւից ընթանալիս է եղել «Ուրալ» մակնիշի մեքենան, հետո «Օպելը», վերջում՝ «Կամազ» մակնիշի մեքենան: Ըստ ականատեսների՝ Ուրալը չի կարողացել հաղթահարել զառիթափը եւ նրա հետեւից գնացող մեքենաները՝ այդ թվում Կամազը, մի փոքր հետ են եկել: Այդ ընթացքում Կամազ մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Ավտովթարի հետեւանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ընթանում է ծառայողական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ: Դեպքի առթիվ հարուցվել է նաեւ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: