11/15/2018

Մշակույթի նախարարությունը Սայաթ-Նովայի արցախյան համերգները չի ֆինանսավորել

Մշակույթի նախարարությունը Սայաթ-Նովայի արցախյան համերգները չի ֆինանսավորել

Թովմաս Պողոսյանը վիրավորված է

Ամիսներ առաջ Թովմաս Պողոսյանը «Սայաթ-Նովա» անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, որ ֆինանսական աջակցություն տրամադրեն: Սակայն պաշտոնական պատասխան են ստացել` «Հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»:

Armdaily.am-ի հետ զրույցում Թովմաս Պողոսյանն ասաց. «Ես 3 ամիս, 4 ամիս առաջ ներկայացրել էի, որ մենք գնում ենք Ռուսաստան: Ինձ բանավոր ասել էին, որ մենք 1 միլիոնով կօգնենք ճանապարհածախսի հարցով: Հետո զանգեցի, ասացի, որ Ռուսաստանի համերգը չի ստացվում, խնդրում եմ, այդ ֆինանսը տրամադրեք, գնանք Արցախ: Ասացին պաշտոնական նամակ գրի, ես էլ գրեցի: Հետո ինձ պատասխանեցին՝ ուշ եք դիմել»:

Չնայած Մշակույթի նախարարությունը չի աջակցել, այնուամենայնիվ Արցախում կայանալիք համերգները եղել են:

Թովմաս Պողոսյանը նշեց, որ համերգների ֆինանսավորումը իր բարեկամների միջոցներով է եղել:

«Ես խնդրել եմ՝ իմ բարեկամները ինձ օգնել են: Մենք 5 համերգ բանակում ենք տվել, 2 համերգ ժողովրդի համար գյուղերում: Ու ամբողջը՝ մինչև վերջին լուման, իմ նախաձեռնությամբ ու իմ բարեկամների հաշվին: Բա էլ ինչի համար ենք մենք պետական կոլեկտիվ: Եկեք չպահենք ու վերջ էլի»,- ասաց ժողովրդական արտիստը:

Նշենք, որ Մշակույթի նախարարը պաշտոնական արձագանք է տվել բարեգործական համերգի հետ կապված պատմությանը:

«Պաշտոնապես հայտնում եմ, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին առավոտյան 10.03-ին: Նույն օրը առավոտյան 10.23-ին դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն, և գործին տրվել է ընթացք: Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը եղել է հինգշաբթի օրը, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ: Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր: Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները ներկայացվեն նախարարություն առնվազն 2 շաբաթ նախատեսվող միջոցառումից շուտ: Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող լինել»:

 

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: