12/19/2018

Եթե «Արարատցեմենտը» չկատարի պահանջը, կապանցիները դիմելու են դատարան

Եթե «Արարատցեմենտը» չկատարի պահանջը, կապանցիները դիմելու են դատարան

Այսօր Կապանի համայնքապետարանում ի վերջո տեղի է ունեցել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ հանրային երրորդ լսումը, որը 4 անգամ բոյկոտվել էր կապանցի ակտիվիստների կողմից:

Ի տարբերություն նախորդ չկայացած լսումների՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այս անգամ փոխել էին ռազմավարությունը: Պատճառը եղել է ընկերության թույլ տված օրենսդրական խախտումները ներկայացնելը: Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց հանրային լսման մասնակիցներից «Կապանի քաղաքացիական հասարակություն» շարժման անդամ, իրավաբան Էդգար Հովհաննիսյանը: Նա նշում է, որ նախորդ լսումների տապալման մասին ասում էին, թե իբր ակտիվիստները դեմագոգիայով են զբաղվում, մինչդեռ այսօրվա լսմանը հստակ հիմնավորել են, որ որևէ դեմագոգիա չկա, և իրենց բողոքն ավելի մեծ ու բավարար հիմքեր ունի. ըստ այդմ՝ «Արարատցեմենտի» կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու ծրագիրը ներկայացված եղանակով ու միջոցներով չի կարող իրականացվել:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզկենտրոնում ցեմենտի աղացման արտադրամաս է կառուցել փաստացի, չնայած արտադրամասի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած նախնական հայտի հանրային 4 լսումները դեռ չեն ավարտվել, որից հետո միայն բնապահպանության նախարարությունը եզրակացություն պիտի տա:

Դատարան դիմելու հիմքեր ունեն

Իրավաբան Էդգար Հովհաննիսյանն ասում է, որ «Արարատցեմենտի» հայտին կցված և «Ռադուգա» ծրագրով իրականացված փոշու կոնցենտրացիայի հաշվետվության վերաբերյալ ինքը մի շարք դիտողություններ է արել: «Դրանք կապված են նրանց ներկայացրած ելակետային տվյալների հետ, որոնք պետք է երևային այդ ծրագրում, և հատկապես օրենսդրական այն պահանջը, որ պետք է գնահատեին ոչ միայն տարածաշրջանում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, այլև գումարային ազդեցությունը (այսինքն՝ ընկերությունը պետք է հաշվի առնի ոչ միայն իր գործունեության հետևանքով առաջացող փոշու արտանետումները, այլև նախքան դա օդում առկա փոշու քանակությունը- հեղ.): Իրենք ընդունեցին, որ հաշվարկն այդ մասով թերի է արված: Մենք փաստեցինք, արձանագրեցինք, որ օրենքի պահանջը կատարված չէ»,- նկատում է Է. Հովհաննիսյանը: Վերջինիս գնահատմամբ՝ ընկերությունը չի իրականացրել փոշու կոնցենտրացիայի օբյեկտիվ հետազոտություն, և իրենց պահանջն է, որ օբյեկտիվ հետազոտություն կատարվի:

Իրավաբանի կարծիքով՝ մինչև այժմ տեղի ունեցած հանրային լսումները անվավեր ճանաչելու հիմք կա, քանի որ «Արարատցեմենտն» օրենսդրական ևս մի պահանջ չի կատարել, ինչն Օրհուսի կոնվենցիայի պահանջ է. ընկերությունը չի նշել այն ժամանակահատվածը, որ հանրային լսումների փուլը կայանալուց հետո հանրությունը կարող է հարցեր առաջադրել:

«Մենք հայտարարեցինք, որ մեր առաջարկը մնում է ուժի մեջ այն առումով, որ արտադրամասի համար ընտրված վայրը պետք է փոխվի, հակառակ դեպքում կբարձրացնենք թե՛ հանրային լսումներն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու հարցը, թե՛ տեխնիկական առաջադրանքի հարցը, որ տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Եվ հետագայում եթե հանկարծ այնպես ստացվեց, որ ՊՈԱԿ-ն այդ դիտողություններով դրական եզրակացություն տա, ապա այդ եզրակացությունը ևս դատական կարգով բողոքարկելու ենք ու միանշանակ միջնորդելու ենք, որ դատարանն արտադրամասի գործունեությունը կասեցնի մինչև վճիռ կայացնելը: Համոզված ենք, որ այսօր դրա համար բավարար հիմքեր կան»,- ասում է Էդգար Հովհաննիսյանը:

Ընկերությունը չունի կանաչապատման հնարավորություն. վայրը ժայռոտ է

Հանրային լսման մեկ այլ մասնակից՝ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, նշում է, որ կառավարությունն ընդունել է բնապահպանության կառավարման նոր կոնցեպտ: Համաձայն դրա՝ բնապահպանությունը հիմնվում է կանխարգելման, այլ ոչ թե փոխհատուցման սկզբունքի վրա, այսինքն՝ ընկերությունը, որի գործունեության հետևանքով շրջակա միջավայրը բացասական ազդեցություն է կրում, պարտավոր է կիրառել նոր տեխնոլոգիաներ և իրականացնել բնապահպանական միջոցառումներ, որոնք կչեզոքացնեն այդ ազդեցությունը: Այս մեխանիզմը, ըստ Ա. Փարսադանյանի, գործում է զարգացած երկրներում, որտեղ բարձր են բնապահպանական պահանջները:

«Կոնկրետ այս պարագայում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն չունի կանաչապատման հնարավորություն, որը կչեզոքացնի գործունեության ազդեցությունը: Ես վերապահումով եմ մոտենում ՇՄԱԳ նախագծում ներկայացված տնտեսական ազդեցության վերաբերյալ տեղեկատվությանը, որը հաշվարկվել է տարեկան մոտ 5 միլիոն դրամ: Նախագծում բացակայում է նաև սոցիալական ծրագրեր իրականացնելու բաղադրիչը, որն ընկերության կորպորատիվ պատասխանատվության մի մասն է: Բացասական վերաբերմունք ունեմ տվյալ վայրում ցեմենտի արտադրության կազմակերպման վերաբերյալ և համոզված եմ, որ սա տարածված կարծիք է մեր համայնքում»,- ասում է Արմեն Փարսադանյանը:

Նրա փոխանցմամբ՝ ընկերությունը չի կարող իրականացնել բնապահպանական միջոցառումներ այդ վայրում, քանի  որ այն գտնվում է մայրուղու հարևանությամբ, և տվյալ հատվածում ժայռեր են. այսինքն՝ այդտեղ պարզապես հնարավոր չէ ծառատնկում կատարել:

Հանրային 4-րդ լսման օրը դեռևս հայտնի չէ:

hetq.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: