12/19/2018

Մարզպետն ընդունեց մշակույթի եւ սպորտի բնագավառի ներկայացուցիչներին

Մարզպետն ընդունեց մշակույթի եւ սպորտի բնագավառի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզպերտարանում կայացավ հանդիպում մարզի մշակութային օջախների եւ մարզական հիմնարկների տնօրենների, արվեստագետների մասնակցությամբ, որ նպատակ ուներ վեր հանելու այդ ոլորտի հիմնախնդիրները: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը որպես մարզի տարածաշրջանների մշակույթի պրոպագանդման օրինակ նշեց օրերս անցկացված «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագիրը, որը մեկ անգամ եւս երեւան հանեց թե մարզի մշակույթն ինչ ներուժ ունի: Մարզի ղեկավարը ներկաներին հորդորեց ներկայացնել իրենց հուզող խնդիրները, նաեւ հայտնեց, որ ինքը հակված է իմանալ ելույթ ունեցողների՝ դրանց լուծման մոտեցումների մասին:

ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ժիրայր Մարտիրոսյանը նշեց, որ վերջին անգամ 2009 թվականին է Հայաստանի նկարիչների միության պատկերասրահում բացվել Սյունիքի գեղանկարիչների ցուցահանդեսը: Նա հայտնեց, որ ժամանակն է նման ցուցահանդես բացել ոչ միայն Երեւանում, այլեւ Արցախում, որի ղեկավարության հետ քննարկել է այդ հարցը: Բանախոսը նաեւ խոսեց Իրանի Իսլամական Հանրապետության «Արարատ» մարզավանում Սյունիքի գեղանկարիչների ցուցահանդես բացելու հնարավորության մասին: 

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը բարձրացրեց Շրվենանցի դպրոցը ավիրումից փրկելու հարցը, կրթօջախ, որ հիմնադրվել է ճանաչված բարերար Գասպար Տեր- Մարգարյանի միջոցներով 1902 թվականին եւ որպես ուսումնական հաստատություն մեծ համարում ուներ տարածաշրջանում: Կրթօջախի վերազինման գործում մարզպետը փոխանցեց, որ ինքն ակնկալում է արտերկում բնակվող տեղացի գործարարների աջակցությունը:

Սյունիքի մարզպետը Կապանի մշակույթի կենտրոնի տնօրեն Գեւորգ Հարությունյանից հետաքրքրվեց, թե երբ է ավարտվելու կենտրոնի ճակատային մասի շինարարությունը: Բարձրացվեց նաեւ մարզում հանրապետության առաջնություններ անցկացնելու հարցը, ինչը կնպաստեր տարբեր մարզաձեւերի մասսայականացմանը Սյունիքում:

Ռուզաննա Ավանեսյանը (Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն) խոսեց այն տարբերությունների մասին, որ գոյություն ունի  մարզի հանրակրթական դպրոցների եւ արվեստի եւ երաժշտական կրթօջախների դասավանդողների վարձատրության միջեւ: Մեկ անգամ եւս բարձրաձայնվեց Կապանի արվեստի պետական քոլեջի ջեռուցման խնդիրը, ինչի բացակայությունից տուժում են ոչ միայն դասավանդողներն ու սովորողները, այլեւ երաժշտական գործիքները (մասնավորապես՝ երգեհոնը):

Վերջում մարզպետը իր գոհունակությունը հայտնեց այն առումով, որ հանդիպումը բացարձակ քաղաքականացված չէր եւ հայտնեց, որ հնարավորության դեպքում ինքը կլինի մշակույթի եւ սպորտի հիմնարկներում՝ մոտիկից ծանոթանալու իրավիճակին:

Վահրամ Օրբելյան



 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: