12/19/2018

Երևանում մեկնարկել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված տարածաշրջանային վարժանքը

Երևանում մեկնարկել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված տարածաշրջանային վարժանքը

Դեկտեմբերի 5-ին Երևանում՝ ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում, մեկնարկեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը: Վարժանքի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի քարտուղար Ջեսփեր Հոլմեր Լունդը:

Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր (ընդ որում, այս վարժանքն աննախադեպ է այս չափ բժշկական թիմերի մասնակցությամբ), ՄԱԿ-ի Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրել են փրկարարական առաքելություն:

Ողջունելով վարժանքի մասնակիցներին՝ Ա. Միրզոյանը մեծապես կարևորեց այն փաստը, որ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպվում և անցկացվում է տարածաշրջանային նման վարժանք: Փոխվարչապետը նշեց, որ 1988թ. աղետին արձագանքել է ողջ աշխարհը՝ ցուցաբերելով մարդասիրության բացառիկ դրսևորում:

«Ավերածության այդպիսի անսպասելի մասշտաբներին արձագանքելու անպատրաստ և այդ ժամանակ, թերևս, անկարող Հայաստանին աջակցության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, անհատներ՝ ցուցաբերելով բժշկական և փրկարարական պրոֆեսիոնալ օգնություն, ապահովելով սնունդ, հագուստ և դեղորայք, դրամական միջոցներ և ապրելու համար անհրաժեշտ այլ պայմաններ: Այս առումով կցանկանայի ևս մեկ անգամ կրկնել, որ հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է Հայաստանին այդ ծանր պահին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար, և երբեք չի մոռանա բոլոր նրանց, ովքեր անգամ զոհաբերելով սեփական կյանքը, կանգնեցին մեր կողքին և տրամադրեցին անգնահատելի աջակցություն երկրաշարժից անմիջապես հետո և հետագայում՝ աղետի գոտու վերականգնման գործընթացում»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Փոխվարչապետը, կարևորելով ՄԱԿ-ի հովանու տակ անցկացվող փոխգորածակցության այս ձևաչափը, նշեց նաև, որ արտակարգ իրավիճակների կառավարումը համայն մարդկության ընդհանուր խնդիրն է, և առաձին պետություններ չեն կարող միայնակ պայքարել դրանց դեմ:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Շ. Շարփը և INSARAG-ի քարտուղար Ջ. Հ. Լունդը: Վերջինս, մասնավորապես, նշեց, որ մարդկության պատմության ընթացքում երկրաշարժեր մշտապես եղել և լինելու են, ուստի՝ նմանատիպ միջոցառումները կարևորվում են այն առումով, որ նպատակ ունեն նվազեցնել աղետի ռիսկերը և բարձրացնել բնակչության պատրաստվածությունը ազգային և միջազգային մակարդակներում:

Վարժանքի ժամանակ խաղարկվելու է ՀՀ կառավարության 2011թ. որոշումով հաստատված ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի սցենարը: Համաձայն սցենարի՝ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: Այս ընթացքում ստուգվում են թիմի ղեկավարման կարողությունները, փրկարարների գիտելիքներն ու հմտությունները՝ որոնողափրկարարական աշխատանքների գծով, թիմի բժշկական և նյութատեխնիկական ապահովումը։

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը:

2011թ. Հայաստանը հայտ էր ներկայացրել INSARAG-ի արտաքին որակավորում անցնելու համար։ 2015թ. սեպտեմբերին ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական թիմը, Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության և Լեհաստանի ՆԳՆ հրշեջ ծառայության մասնագիտական օժանդակությամբ, պատվով հաղթահարեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ և պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը և ստացավ միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ:

Դրանից հետո ստանալով համապատասխան վկայական` հայկական թիմն իրավունք ստացավ մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին։ ՄԱԿ-ում նման դասակարգում անցնելը մեծ պատիվ է Հայաստանի համար, քանի որ INSARAG-ի անդամ շատ զարգացած պետությունների փրկարարական թիմեր չունեն այդ չափանիշներին համապատասխան պատրաստվածություն:

Հայաստանի համար շատ կարևոր է անդամակցել նման հայտնի միջազգային կառույցի, ինչը թույլ կտա ոչ միայն օպերատիվ աջակցություն ստանալ միջազգային փրկարարների կողմից, այլ նաև ուղարկել սեփական քաղաքային որոնողափրկարարական թիմն աշխարհի տարբեր երկրներ` երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

mes.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: