12/19/2018

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ. Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը մեր կառավարության գերակայություններից մեկն է: ԵԱՏՄ երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցությունը դառնում է կարեւորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է երկրի տնտեսական աճի եւ արտաքին առեւտրի ներուժի վրա: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով, 2018 թ.-ի առաջին 10 ամիսներին Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ  կազմել է 15%: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 22%-ով, իսկ Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալը` 11.7%-ով: Ավելանում է նաեւ ԵԱՏՄ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման կառուցվածքում: Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵԱՏՄ շուկաներում ստեղծված բարենպաստ կոնյուկտուրայի, այլեւ մեր միության ներսում գործող ազատ առեւտրի գործիքների արդյունավետության մասին»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ: «Մենք պատրաստ ենք հետայսու նույնպես գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման եւ համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներգտնելու համար: Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Հայաստանը ողջունում է «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը» եւ սատարում է այդ փաստաթղթի դրույթները, որոնք սահմանում են մեր համագործակցության փիլիսոփայությունը եւ դրա զարգացման հիմնական ուղղությունները: Մենք համոզված ենք, որ մեր երկրների ինտեգրումը, ի վերջո, պետք է ծառայի գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծմանը եւ մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Եթե այս հարցում կարողանանք հասնել տեսանելի արդյունքների, ապա ի հայտ կգան մի շարք տնտեսվարողներ եւ անհատներ, որոնք հետաքրքրված կլինեն ինտեգրացիայի խորացմամբ: Ինտեգրացիան կդառնա անշրջելի, եթե երկրների քաղաքացիները տեսնեն կոնկրետ արդյունքներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: