12/19/2018

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակյան երկրաշարժի 30-րդ տարելիցը

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակյան երկրաշարժի 30-րդ տարելիցը

Վերջին 100-ամյակի ամենաաղետալի սեյսմիկ իրադարձություն էր Հայաստանի տարածքում, այն մեր երկրի մեկ երրորդը դարձրեց աղետի գոտի, որի հետեւանքները մինչեւ այժմ վերացված չեն: Աննախադեպ այդ տարերքի հետեւանքով զոհվեց մոտ 25 հազար մարդ, 19.500-ը դարձավ հաշմանդամ, իսկ 517 հազարը՝ անօթեւան, տնտեսությանը պատճառվեց 14.2 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: Սպիտակ եւ Լենինական քաղաքներում, ինչպես նաեւ շրջակա գյուղերում ավերվեց բնակելի, վարչական եւ արտադրական շենքերի 85-90 տոկոսը, մասնավորապես հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը: 

Երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանի սեյսմապաշտպանական համակարգը թերի էր: Եվ միայն 1990-ականների սկզբին հիմնադրվեց ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ), իսկ ավելի ուշ՝ 1997 թվականի հունիսին Կապանում ստեղծվեց ծառայության հարավային բաժանմունքը: 

Հայաստանը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, մեր երկրում երկրաշարժեր եղել են եւ որքան էլ ցանկալի չէ, կլինեն: Այդ մասին են վկայում տարբեր ժամանակաշրջանում արձանագրված երկրաշարժերը, որ ավերածություններ են սփռել, մարդկային զոհերի պատճառ դարձել (1679թ. Գառնի, 9-10 բալ, 1840թ. հուլիսի 2, Արարատ 9-10 բալ, 1931թ. Զանգեզուր` ապրիլի 27, 8-9 բալ, 1926թ. Լենինական, հոկտեմբերի 22, 8-9 բալ, 1988թ. դեկտեմբերի 7-10 բալ):

Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է դիմագրավել բնական տարերքին, ինչ պետք է անել երկրաշարժի ընթացքում, ինչպես պետք է գործել տարերային աղետը պատուհասելուց հետո: 

Այս հարցերի պատասխանն իմանալու նպատակով եղանք ՀՀ արտակարգ, իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հարավային տարածաշրջանային կենտրոնում: Տնօրեն Կիմ Բադալյանը նոր մարդ չէ ծառայությունում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը, ստացել ստորգետնյա կառույցների եւ շինությունների ինժեների որակավորում: Բուհն ավարտելուց հետո աշխատել է ռազմականացված լեռնափրկարարական  Կապանի ջոկատում նախ՝ օպերատիվ գծով տեղակալ, իսկ այնուհետեւ՝ ջոկատի հրամանատար: 2009 թվականից տեղափոխվել է սեյսմիկ պաշտպանության համակարգ, 2014 թվականից ստանձնել  տնօրենի պաշտոնը:

Նախքան տնօրենին հանդիպելը ծանոթանում ենք կենտրոնի միջանցքի ցուցանակներին՝

ա) շենքերի եւ շինությունների սեյսմակայունության բաժին,

բ) սեյսմիկ վտանգի գնահատման բաժին,

գ) բնակչության հետ տարվող աշխատանքների բաժին,

դ) դիտացանցի բաժին:

Կենտրոնի հիմնախնդիրներից Կ.Բադալյանն առանձնացրեց հատկապես արհեստավարժ կադրերով սակավ ապահովվածությունը: Այսօրվա դրությամբ՝ կենտրոնը 48 աշխատակից ունի: Խնդիրն այն է, որ մեր հարապետությունում սեյսմոլոգներ չեն պատրաստում, այլ հիմնարկի համապատասխան աշխատակիցներին ուղարկում են վերապատրաստման՝ բացը լրացնելու համար: Բացի այդ պահանջված են երկրաֆիզիկոսները, շինարարության մասնագետները՝ շենք -շինություններ ուսումնասիրողները: Ցածր աշխատավարձն էլ առանձնապես չի ձգում այստեղ աշխատելու: Տնօրենը խնդրահարույց համարեց այն, որ ծառայությունն ընդգրկված չէ ապահովագրական համակարգում՝ սոցփաթեթների մեջ: 

Կենտրոնի  կարեւոր գործառույթներից է սեյսմիկ վտանգի աստիճանի գնահատումը,որ իրականացվում է դիտակայանների միջոցով: Քանի՞ դիտակայան է գործում հարավային բաժանմունքում եւ ինչպիսի՞ն է դրանց տեխնիկական զինվածությունը: Այս հարցի պատասխանն իմացանք կենտրոնի՝ միջանցքի պատին փակցված դիտացանցային քարտեզից, ըստ որի դիտակայաններ են գործում Գորիսում, Խանածախում, Սիսիանում, Կարմրաքարում, Խոտանանում, Եղվարդում, Կապանում, Կապանի Ներքին Վաչագան թաղամասում, Լեռնաձորում: Ժամանակին Մեղրիում էլ էր գործում, այժմ չկա, աշխատանքներ են տարվում այն վերագործարկելու ուղղությամբ: Կայանների մի մասը՝ Գորիս, Խանածախ, Եղվարդ, Կապան, Սիսիան, Ներքին Վաչագան, զինված են ժամանակակից սարքավորումներով, մյուսների վերազինումն ընթացքի մեջ է: Դիտացանցերը մտնում եմ հանրապետության սեյսմիկ պաշտպանության համակարգի մեջ եւ միացված են ինֆորմացիայի մշակման կենտրոնի հետ, որին շուրջօրյա ինֆորմացիա ենք հաղորդում:

Տնօրենի փոխանցմամբ՝ չնայած Կապանը սեյսմիկ մյուս բնակավայրի համեմատ գտնվում է ավելի թույլ  (առաջին սեյսմիկ) գոտում, սակայն սեյսմիկ ռիսկը, այսինքն՝ վտանգը Կապանում ամենաբարձրն է: Դա պայմանավորված է բարձրահարկերի ցածր սեյսմակայունությամբ, թույլ գրունտներով եւ այլն: Քիչ չի պատահում, երբ մարդիկ բնակարանների ինքնակամ շինարարություններ են անում, մանավանդ շենքի հիմքը թուլացնող վերակառուցումներ, ինչը նվազեցնում է շենքի սեյսմակայունությունը:

- Իսկ որքանո՞վ է հնարավոր կանխագուշակել երկրաշարժը:

- Դասական իմաստով կանխագուշակել հնարավոր չէ, - պատասխանում է զրուցակից: - Չենք կարող ասել, թե որտեղ, որ ժամին կարող է երկրաշարժ  լինել: Բայց մենք վերահսկում ենք սեյսմիկ իրավիճակը՝ ելնելով տարբեր երկրաֆիզիկական տվյալներից, օրինակ, ընդերքի ջրերի մակարդակից, բաղադրության փոփոխություններից, ջրի ռադիոակտիվությունից եւ այլն: Այդ պարամետրերի փոփոխությունը մեզ հնարավորություն է տալիս կանխագուշակել ընդերքի այն փոփոխությունը, որոնք հանգեցնում են երկրակեղեւի փոփոխությունների: Իսկ «Լեռնաձոր» երկրաքիմիական կայանում որոշվում են ընդերքային ջրի բաղադրությունը, ռադիոակտիվությունը, տարբեր գազերի եւ այլ բնութագրեր:

Ասվածին հավելենք, որ մեր մարզում վերջին ժամանակներս երկրաշարժ գրանցվել է սեպտեմբերի 17-ին՝ Դաստակերտ քաղաքում (օջախի 10կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով) 2-3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին պատրաստ լինելու համար պիտի իմանալ աղետին դիմակայելու վարքականոնները, ամենակարեւորը՝ խուճապի չմատնվել: Ցավալին այն է, որ ուժեղ երկրաշարժի դեպքում ընդհատվում են հեռախոսակապն ու էլեկտրամատակարարումը: Ընդհանրապես վնասվում են բոլոր կոմունիկացիաները: Երկրաշարժի ժամանակ հակացուցված է օգտվել վերելակից, էլեկտրական սարքավորումներից, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ պիտի դուրս գալ եւ հեռանալ բաց տարածություն, վերին հարկերում գտնվելիս կամ ստորին հարկերից դուրս չգալու դեպքում պատսպարվել ապահով տեղերում՝ հեռու մնալով արտաքին պատերից եւ պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների, մահճակալների տակ: Փողոցում գտնվելիս հեռանալ շենքերից եւ էլեկտրահաղորդալարերից՝ դեպի բաց տարածություն: 

Կիմ Բադալյանի փոխանցմամբ՝ մարզի հանրակրթական դպրոցներում պարբերաբար անցկացվում են ուսումնական վարժանքներ՝ դպրոցականների՝ երկրաշարժի ժամանակ գործելու գիտելիքները բարձրացնելու նպատակով: Նաեւ հայտնեց, որ մարզկենտրոնի N1 եւ N7 դպրոցներում կատարվելու են ուսուցում՝ եւ տարհանում երկրաշարժի ժամանակ վարքականոնների վերաբերյալ, որում ընդգրկված է նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը: Նաեւ ցուցադրվելու է օրվա թեմային առնչվող տեսաֆիլմ: Մարդկանց պատրաստված լինելը երկրաշարժին մեծ դեր ունի վերահաս տարերքին դիմագրավելու համար: Կալիֆոռնիայում տեղի ունեցած երկրաշարժը համարյա նույն ուժգնությունն ուներ, ինչ Սպիտակում, բայց այդտեղ զոհերի քանակը տասնյակներով էր հաշվվում, իսկ Սպիտակում…

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: