01/16/2019

Կապանա տան գեղանի դուստր Մարիամ Սարգսյանի ծննդյան օրն է

Կապանա տան գեղանի դուստր Մարիամ Սարգսյանի ծննդյան օրն է

Երբ իմացա, որ ամենակրտսեր գործընկերուհուս՝ Մարիամ Սարգսյանի ծննդյան օրն է՝ առաջին իսկ պահին չհամարձակվեցի գրիչ վերցնել՝ տարակուսելով՝ ի՞նչ պիտի ասեմ երկու տասնամյակը նոր-նոր բոլորած, ուսանողական նստարանից դեռ չբարձրացած պարմանուհու մասին, որ ուշագրավ լինի թեկուզ եւ մարդկային տեսակետից:

Բայց հետադարձ հայացք ձգելով վերջին երկու տարվա մեր անցած ճանապարհին՝ համոզվեցի, որ ոչ միայն ասելիք ունեմ, այլեւ նրա կերպարը մատնացույց անելու հիմքեր ունեմ:

Ինքը, սովորելուն զուգահեռ, «Սյունյաց երկիր» եկավ այն ժամանակ, երբ խմբագրության աշխատակիցներն ու գործընկերները հետապնդվում էին իշխանական մեքենայի ամբողջ հզորությամբ ու դաժանությամբ:

Եկավ՝ գիտակցելով հնարավոր բացասական հետեւանքներն իր համար:

Եկավ, քանզի պարբերականի գաղափարախոսությանը նույնախոհ լինելու եզրեր կային:

Եկավ իր երիտասարդական ճախրանքով ու մաքրությամբ, հիմնավոր գիտելիքներով՝ զորություն բերելով խմբագրությանը:

Եկավ ու իրեն վերապահված դերը՝ թերթի տպագիր տարբերակը ձեւավորելու գործը պատշաճ կատարեց եւ սիրվեց ու մարդկային իր տեսակը մեզ համար սպասված ու փնտրված դարձրեց;

Եվ եթե վերջին երկու տարում կարողացել ենք խմբագրությունում ապահովել ստեղծագործական ակտիվ ընթացք, կարողացել ենք գտնել իրականությունը եւ տալ ժամանակի պատկերը, ապա շնորհիվ նաեւ Մարիամ Սարգսյանի:

Հայտնի ճշմարտություն կա՝ լրատվամիջոցի ասելիքն ինչ-որ առումով նույնական է գրականության ասելիքին, արվեստի ասելիքին: Իսկ այդ ասելիքը նախեւառաջ մարդն է, սերը նրա նկատմամբ, պատասխանատվությունը նրա ճակատագրի, երկրի այսօրվա եւ վաղվա հանդեպ:

Եվ նրանք, ովքեր պրոֆեսիոնալ գործելակերպով (ու ոչ սիրողական մակարդակով) հանգրվանում են լրատվամիջոց արարելու արեւոտ այդ հարթավայրում, ովքեր առաքելություն են ունենում այդտեղ, հարգանքի արժանի են:

Մարիամն այդ հարթավայրի արժանավոր բնակիչներից է, պրոֆեսիոնալներից:

Բայց եւ եզակիներից է, որ մարդկային իր պահվածքով անդորրություն ու հայեցություն է պարտադրում շրջապատին, գործընկերներին:

Մի խոսքով՝ նա անձնավորումն է լուսավորի ու կայունի, համերաշխության ու բարեկամության:

Մյուս կողմից՝ ինքը մեզ համար իրականությունը նորովի՝ երիտասարդական դիտակետից բացահայտողներից է: Դրա շնորհիվ է, որ հաճախ մենք ենք միանում նրա հայացքներին, եւ ոչ ինքը՝ մեր ընկալումներին:

Մարիամը մեր օրերի երիտասարդների առաջադեմ փաղանգի եւ սյունիքյան մաքրամաքուր միջավայրի զավակն է: Մինչ այդ, սակայն, Արթուր Սարգսյան եւ Լուսինե Հայրապետյան հարգարժան ծնողների դուստրն է. նրանց՝ անկեղծ շնորհակալություն՝ նման դուստր դաստիարակելու համար:

Իսկ Մարիամին…

Ծնունդդ շնորհավոր:

Քո իղձերի, ծրագրերի իրականացում եմ մաղթում, նաեւ՝ երջանկություն:

Վստահ եմ՝ 2019-ին հաջողությամբ ավարտելու ես ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը եւ շարունակելու ես ուսումդ մագիստրատուրայում:

Հույս ունեմ, որ Երեւան տեղափոխվելուց հետո չի ավարտվելու մեր համագործակցությունը: Ընդհակառակը՝ թերթի հետ գործընկերությունը նոր փուլ է թեւակոխելու, քանզի մերօրյա «Սյունյաց երկիրը» այլեւս անելիք ունի նաեւ մայրաքաղաքում:

Ի դեպ, վաղն Աստծո որդու ծննդյան օրն է. ընդունեք մեր շնորհավորանքը լուսապսակ այդ տոնի կապակցությամբ եւս. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»:

 

Սամվել Ալեքսանյան

 5 հունվարի 2019թ.

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: