01/16/2019

Սյունիքում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Սյունիքում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Սյունիքի մարզի զինկոմիսարիատում անցած ուսումնական տարվա  նոյեմբերից արդեն  մեկնարկել եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվել 2018թ. ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Անցած տարվա գարնանային եւ աշնանային զորակոչի ժամանակ ցուցաբերած բարձր առաջադիմության համար ՀՀ ՊՆ-ում տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ  Սյունիքը նորից  ճանաչվել է լավագույններից:

2019թ. հունվարի 9-ին պատշաճ մակարդակով ու բարձր կազմակերպվածությամբ մեկնարկեց  Սյունքի մարզի ձմեռային զորակոչը:

Արարողությանը մասնակցում էին 1-ին ԲԿ ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, ՌՈ բաժանմունքի սպաներ,  երկրապահ-ազատամարտիկներ, դպրոցականներ, մարզի տարածքների սերժանտական ակումբների սաներ, նորակոչիկների հարազատներ, Գորիս եւ Սիսիան քաղաքների հարյուրավոր քաղաքացիներ:

Զորկոչիկներին հրաժեշտի, բարի, անփորձանք  ծառայության ու խաղաղության ջերմ խոսքեր ասացին Սյունիքի մարզի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանը, Գորիսի վետերանների խորհրդի նախագահ Խասան Հարությունյանը, ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Օրհնանքի եւ խաղաղության խոսք հնչեցրեց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

Հանդիպելով Սյունիքի մարզի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանին,  անցկացված զորակոչի մասին նա ասաց.

- 2018թ. ձմեռային զորակոչն ընթացավ ըստ պլանի, բոլոր նորակոչիկները ներկայացել էին զորակոչի:

Ուրախությամբ  նշեմ, որ զորակոչին  նույնիսկ ՌԴ քաղաքներից ունեցանք  երիտասարդներ, ովքեր հայրենյաց կանչով կամավոր եկել, ներկայացել էին, այսօր  էլ զորակոչվեցին հայկական բանակ:

Ինչպես միշտ, բարձր էր զորակոչվող զինվորների մարտական ոգին, նրանք տիրապետում էին զինվորական նախնական գիտելիքներին, հրաշալի գիտակցում՝  ի՞նչ առաքելությամբ  են մեկնում Հայոց բանակ ու  հայրենքի առջեւ ինչպիսի՞ պարտք  ունեն կատարելու:

Զինկոմը միաժամանակ նշեց, որ համատեղ աշխատանքներ են կատարվել եւ կատարվում մարզային ու  տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հաշվառված զինապարտ քաղաքացիների գրանցամատյանների, նրանց բոլոր տվյալները  զինկոմիսարիատներ պարբերաբար ներկայացնելու ուղղությամբ:

Առողջական խնդիրներով ներկայացած նորակոչիկների մասին մարզի զինկոմն ասաց.

-Գաղտնիք չէ` մի  շարք հիվանդություններ կարծես թե երիտասարդացել են: Այո, կային նաեւ առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկներ, ովքեր ներկայացված են Երեւան՝ կենտրոնական բժշկական  հանձնաժողովի քննարկմանը:

Այստեղ նրանք մանրազնին կհետազոտվեն, հետո միայն՝  որոշում կկայացվի՝ զորակոչելու կամ տարկետում տալու մասին:

Ցավալի է, բայց շատ դեպքերում ծնողներն էլ տեղյակ չեն լինում, որ իրենց զավակները որեւէ հիվանդություն ունեն: Դրանք հայտնաբերվում են մեզ մոտ: Լինում են դեպքեր, երբ ծնողը բերում, ներկայացնում է որդուն, հետազոտում ենք, ու  պարզվում է՝ որդին տառապում է ի ծնե կամ հետագայում ձեռք բերած այս կամ այն հիվանդությամբ:

Անհարգելի պատճառներով զորակոչից խուսափողներ չունեինք:

Այն հարցին, թե որո՞նք են պատճառները, որ երեխան հասնում է զորակոչային տարիքի, բայց առկա հիվանդությունները մինչ այդ չեն բացահայտվում, գնդապետ Ա Մանուչարյանն ասաց.

- Մեր ժողովուրդը լավ տեղեկացված չէ, որ երբ 16 տարեկան պատանին կցագրում է  անցնում, պետությունը հենց այդ ժամանակվանից կազմակերպում է տվյալ անձի անվճար բուժումը:

Պարտաճանաչ ծնողներն անմիջապես ձեռք են առնում համապատասխան միջոցներ: Կցագրման ժամանակահատվածից մինչեւ զորակոչը երկու տարի ժամանակ կա, երեխան պետք է  նորմալ բուժում ստանա, հետո միայն՝  զորակոչվի:

Այն հարցին, թե զորակոչերի ընթացքում լինո՞ւմ են բողոքներ ծնողների կողմից՝ կապված որդիների առողջական վիճակի հետ, գնդապետ Արարատ Մանուչարյանը պատասխանում է.

- Նման բողոքները մեզ մոտ անհետեւանք չեն անցնում: Յուրաքանչյուր բողոք մանրամասն եւ պարտադիր  ուսումնասիրվում է մեր հանձնաժողովների կողմից, կատարվում են համապատասխան եզրակացություններ: Կենտրոնական բժշկական հանձնաժողովի վերջնական որոշումից հետո տվյալ անձը կամ զորակոչվում է կամ՝ ձեւակերպվում տարկետում՝ երկարաձգելով անհրաժեշտ բուժումը:

Կարող են լինել բացառիկ դեպքեր,  երբ զորակոչի ներկայացած երիտասարդը բացարձակ պիտանի չի  լինում ոչ մի տեսակի ծառայության:

Այս զորակոչին, բարեբախտաբար, այդպիսի դեպք չունեցանք:

Զինվորական կոմիսարը վստահեցնում է, որ բանակից խուսափողների թիվը տարածաշրջանում կտրուկ նվազել է.

- Հայրենասիրական ոգին է բարձրացել մատաղ սերնդի շրջանում, առավել մեծ սիրով ու պատասխանատվությամբ են ներկայանում զորակոչի, ինչն անհնար է չնկատել:

Ընդհանուր առմամբ,- ասաց նա,- զորակոչի ներկայացածների մարտական ոգին աննախադեպ բարձր էր. ու ծնողներն էին հպարտ, որ իրենց զավակին ճանապահում են հայկական բանակ, եւ նորակոչիկներն էին նախապատրաստված, հայրենասիությամբ տոգորված:

Հայոց բանակ մեկնող նորակոչիկները զրույցում խոստացան պատվով ծառայել, քանի որ հայրենիքի, իրենց ընտանիքների անվտանգությունը երկու տարի  կախված է լինելու նաեւ  իրենց մարտական պատրաստվածությունից,  բարձր պատասխանատվությունից:

 

***

Կարճատեւ եւ հուզիչ հրաժեշտից հետո,  նորակոչիկներով լի  ավտոբուսները մեկնեցին  կենտրոնական հավաքայան, որտեղ անցկացվող վիճակահանությունից հետո նրանք կհամալրեն ՀՀ զինված ուժերի շարքերը:

Նորակոչիկներից ոմանք նախօրոք կվերապատրաստվեն ուսումնական կենտրոններում՝ ստանալով կրտսեր ենթասպայական կոչումներ, այնուհետ նրանք կանցնեն ծառայության՝ մշտական կցված համապատասխան զորամասերում:

Հայոց աշխարհին խաղաղություն, զինծառայողների շարքերը համալրած նորակոչիկներին՝ անփորձանք եւ աչալուրջ ծառայություն:

Սուսաննա Բաբաջանյան

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: