02/16/2019

Այս իշխանության ամենամեծ խնդիրը չհամակարգված աշխատանքն է. Փաշինյանը դարձել է հրշեջ

Այս իշխանության ամենամեծ խնդիրը չհամակարգված աշխատանքն է. Փաշինյանը դարձել է հրշեջ

«Սոցիալական մեդիան երբևիցե առանձնապես չի տարբերվել բարձր IQ-ով և լուրջ թեմաների քննարկումով: Սոցիալական մեդիային միշտ շատ հեշտ է եղել շեղել լցրած շրթունքներով և այդպիսի այլ թեմաներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ սոցիալական մեդիայում չի քննարկվել կառավարության ծրագիրը՝ փոխարենը քննարկման առարկա է դարձել ԱԺ նախագահի տիկնոջ պայուսակը և հովանոցը:

Կարեն Քոչարյանը կարծում է, որ սոցիալական ցանցերն ունեն իրենց օրակարգը՝ մեկ օր ապրող «թիթեռ-թեմաներ», եթե, իհարկե, մյուս կողմից չի տաքացվում թեման. «Որոշ դեպքերում դա արվում է գիտակցաբար, որոշ դեպքերում՝ ոչ գիտակցաբար: Տվյալ դեպքում Արարատ Միրզոյանի կնոջ պատասխանը գիտակցաբար չէր, որովհետև ավելի թեժացրեց և ավելի երկարացրեց պրոցեսը: Նման հարցերին պատասխանելը գալիս է ոչ միայն նոր իշխանության անփորձությունից, այլ նաև կոմպլեքսավորվածությունից: Խորհուրդ կտամ նման հարցերն անարձագանք թողնել»:

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ այս իշխանության ամենամեծ խնդիրը չհամակարգված աշխատանքն է՝ բոլոր ոլորտներում, վերից վար, այսինքն՝ քաոտիկ բնույթ է կրում. «Նիկոլ Փաշինյանն էլ կարծես դարձել է հրշեջ, բայց չի կարող էդ մարդը վազել այստեղ-այնտեղ՝ կրակը մարելու համար»:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, քաղտեխնոլոգը կարծում է, որ այն պետք է քննարկեն ոլորտի առաջատար մասնագետները, ոչ միայն հասարակությունը: Նրա խոսքով՝ վատ է, որ կառավարության ծրագրում չկան կարճաժամկետ և միջնաժամկետ ժամկետներ, կա միայն վերջնաժամկետ. «Դա վատ է, որովհետև ծրագիրը ենթադրում է քայլերի հերթականություն: Տրված են ինչ-որ ուղենիշներ, բայց այդ ամենը բացված չէ ընդհանրապես: Բոլորն էլ հասկանում են, որ լավ կլինի, եթե էսպես լինի, բայց երբ, ինչպես, ինչ քայլերով պետք է դա անել՝ նշված չէ»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: