10/21/2019

Ականազերծման աշխատանքներին համակարգային ընթացք է տրվելու

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել քննարկում` նվիրված «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ 2012թ. սեպտեմբերից ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացված եւ իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության եւ բուն ականազերծման փուլերին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մարզպետներ, համայնքապետեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել եւ աշխատանքային օրակարգը ներկայացրել ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ խորհրդի նախագահ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ հումանիտար ականազերծման բնագավառում ոչ տեխնիկական հետազոտության 2013թ. մայիս ամսին ավարտվող աշխատանքներին կհաջորդեն ականազերծման աշխատանքները: Հետազոտությունների անցկացմանը զուգընթաց վերագործարկվելու է ականազերծման գործընթացների կառավարման տեղեկատվական բազան. «ՀՀ տարածքի համապարփակ ականազերծման համար գերակա խնդիր է միջազգային փորձի ուսումնասիրումը, ականազերծման ազգային ծրագրի մշակումն ու ընդունումը եւ դրա հետեւողական իրագործումը: Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո ականազերծման կենտրոնը հնարավորություն կունենա մշակել եւ ՀՀ կառավարությանը ներակայացնել ճշգրիտ տեղեկատվության վրա հիմնված ականազերծման ծրագրի նախագիծ, որն ընդունվելուց հետո հետամուտ կլինի դրա իրագործմանը», – ասել է ՀԱՓԿ խորհրդի նախագահը:

ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռ.Առաքելյանն իր ելույթում ներկայացրել է ՀԱՓԿ-ի աշխատանքները եւ ծրագրերը, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղիները:

Ելույթներով հանդես են եկել նաեւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) ծրագրերի իրականացման ղեկավար Վալերի Ֆաբբրոնին, հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յ.Օդենդաալը` քննարկման մասնակիցներին ներկայացնելով 2012թ. հոկտեմբեր–2013թ. մարտ ժամանակահատվածում հիմնադրամի կողմից ՀՀ մարզերում իրականացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքների մասին վերլուծությունը, գնահատումը, ինչպես նաեւ անկախ փորձագետների առաջարկները:

Ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհակալություն հայտնելով միջոցառմանը մասնակցող մարզպետներին, համայնքապետերին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «1994թ.-ից հետո ականազերծման ծավալուն աշխատանքներ են կատարվել: Այսօր եկել է ժամանակը, որ մենք այդ ամենին տանք համակարգային ընթացք: ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով բավականին լուրջ աշխատանք է կատարվել անվտանգության ապահովման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նախկինում կատարված աշխատանքների ընթացքում եղել են նաեւ թերացումներ, որոնք այլեւս պետք է բացառվեն, որովհետեւ գործ ունենք խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հետ», – եզրափակել է Սեյրան Օհանյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: