08/22/2019

«Ես եմ պատանի մաթեմատիկոսը»

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամը միջպետական համաձայնագրերի հիման վրա ստեղծված շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթություն: Հայաստանում եվրոպական քոլեջի նպատակն է ներդնել եվրոպական կրթական համակարգ` կիրառելով եվրոպական զարգացած երկրների առաջավոր փորձը, ժամանակակից նորարական ծրագրերը եւ եվրոպական չափանիշները: Ուսուցումն իրականացվում է ըստ եվրոպական եւ ազգային կրթական չափանիշների` մշակված ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից, համապատասխանեցված եվրոպական կրթական ծրագրերին:

Կապանում քոլեջի մասնաճյուղը (տնօրեն` Կարինե Մկրտչյան) գործում է 2005 թվականից, այժմ այստեղ սովորում է 85 ուսանող` «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» եւ «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում եւ զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունների գծով: Ընդունելությունն իրականացվում է 9-ամյա (հիմնական) եւ 12-ամյա (միջնակարգ) կրթության հիմքով` 2-4 տարի ուսման տեւողությամբ: Շրջանավարտներն ստանում են պետական դիպլոմ, իսկ քոլեջն ավարտելուց հետո հնարավորություն ունեն առանց ընդունելության քննությունների ընդունվել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան մասնագիտության երկրորդ կուրս (իհարկե, եթե դրսեւորում են ուսման բարձր առաջադիմություն, հակառակ դեպքում` առաջին կուրս), ինչպես նաեւ Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարան: Քոլեջին մշտապես աջակցում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն, վերջերս «Orange» կազմակերպության կողմից ստացել են նաեւ համակարգիչներ: «Քրոնիմեդ» բարեգործական հիմնադրամի հետ նախատեսվում է մի շարք ծրագրերի իրագործում: Քոլեջում պարբերաբար որոշ առարկաների դրվածքն ուսումնասիրելու համար կազմակերպվում են տասնօրյակներ:

Մաթեմատիկա առարկայի դրվածքն ուսումնասիրելու համար ապրիլի 19-ին «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում կազմակերպվել էր «Ես եմ պատանի մաթեմատիկոսը» մրցույթ, որին մասնակցելու համար հայտագրվել էր 105 մասնակից Կապանի եւ Քաջարանի տարածաշրջանի գրեթե բոլոր դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներից, ինչպես նաեւ Եվրոպական քոլեջի Կապանի մասնաճյուղի եւ Սյունիքի տարածաշրջանային քոլեջի ուսանողներից: Առաջադրանքները կազմվել էին ըստ կրթական ծրագրերի` 50 միավորանոց սանդղակով: Մրցանակային տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. 12-րդ դասարանի աշակերտներից եւ քոլեջի ուսանողներից առաջին մրցանակային տեղ է զբաղեցրել Կապանի N4 միջն. դպրոցի աշակերտ Ստեփան Գրիգորյանը, իսկ երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Կապանի N2 ավագ դպրոցի աշակերտներ Հարություն Պողոսյանը եւ Տիգրան Վարդանյանը: 9-րդ դասարանի աշակերտներից մրցանակային առաջին եւ երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Դիանա Աբգարյանը եւ Արմեն Արզումանյանը` Քաջարանի N2 միջն. դպրոցից: Հաղթողներին տրվեցին պատվոգրեր եւ մրցանակներ, մրցույթին խորը եւ կայուն գիտելիքներ ցուցաբերելու համար շնորհակալագրեր եւ հուշանվերներ ստացան առավել բարձր միավորներ ստացած մասնակիցները, իսկ մնացած մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր` մրցույթին ակտիվ մասնակցելու համար:

Տնօրեն Կարինե Մկրտչյանի խոսքերով. «Մրցույթին մասնակցելն արդեն իսկ հաղթանակ է, այն կարելի է դաս համարել, քանի որ մասնակիցների համար սա չլուծված խնդիրների պատասխանները ստանալու հերթական առիթն էր»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: