08/23/2019

Տանձատափ. արկածախնդրությու՞ն, թե՞ բնականոն զարգացում

Երեւանաբնակ տանձատափցիները 2013թ. հունվարի 19-ին դիմում են հղել ՀՀ բնապահպանության նախարարին` պահանջելով բացատրություն այն մասին, թե ինչ հիմնավորումներով է գյուղի տարածքով հոսող սակավաջուր երկու գետի վրա հէկ կառուցվում:

Տանձատափը Գորիսի շրջանի այն գյուղերից է, որոնք հոգեվարք են ապրում վաղուց: Եղած 42 տնից 20-ի դուռն այլեւս փակված է: Ավելի ճիշտ` 22 ընտանիք է հիմա այնտեղ բնակվում, որից հինգը` միայն ամռանը: Դպրոցում տասը երեխա է սովորում: Վերջին անգամ գյուղում ծնունդ է գրանցվել չորս տարի առաջ: Գյուղի 85 բնակչի զբաղմունքն անասնապահությունն է, այգեգործությունն ու բանջարանոցների մշակումը: Տաթեւի վանքի շուրջ զարգացումներն առայժմ որեւէ անդրադարձ չեն ունեցել վանքի անմիջական մերձակայքում` տարածաշրջանի ամենագեղատեսիլ անկյունում գտնվող գյուղի վրա: 2012թ. աշնանը գյուղ էր այցելել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ հավաստիացրել, որ տաթեւյան հայտնի ծրագիրը տարածվելու է նաեւ Տանձատափի վրա, ու գյուղում իրավիճակը փոխվելու է, սակայն առայժմ գյուղը որեւէ կերպ չի զգում անգամ զբոսաշրջության ոլորտում ակնհայտորեն երեւացող ակտիվության շունչը: Եվ ահա լինել-չլինելու երկընտրանքի, որոնումների մեջ ընկղմված գյուղը հայտնվել է նոր մարտահրավերի առջեւ: «Տաթեւի անապատ» ՍՊԸ-ն (սեփականատեր` Սպարտակ Սանթրոսյան) նպատակ ունի գյուղի տարածքով հոսող Աղանձ եւ Քրհանոնց գետերի վրա հէկ կառուցել` նորակառույց կամրջի մոտ դրանց ջրերը ներառելով խողովակի մեջ ու տանելով մինչեւ Որոտանի կիրճ: Այդ ձեռնարկման նկատմամբ Տանձատափում վերաբերմունքը միանշանակ չէ: Բնակիչների զգալի մասը դեմ է հէկ կառուցելու գաղափարին եւ բերում է մի քանի փաստարկ: Ըստ նրանց` նախ` կվտանգվի գյուղի ոռոգման համակարգը, եւ այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ զբաղվելը կդառնա անօգուտ, անարդյունավետ ու ռիսկային: Իսկ դա նշանակում է, որ Տանձատափում ապրելն արդեն իսկ կդառնա անիմաստ: Երկրորդ. գյուղաբնակները չեն կարողանում պատկերացնել, թե գյուղի մուտքի մոտ (Քաշկի քարի տակ) կոնկրետ ո՞ր հատվածով է անցնելու հէկի խողովակաշարը, չէ ո՞ր այն խնդիրներ է առաջացնելու գյուղի ճանապարհի համար: Այդ հատվածով խողովակաշարի այլընտրանքային ուղու կառուցումը մեծ ծախսերի հետ է կապված, ինչը դժվար թե նախընտրելի լինի հէկը կառուցողների համար: Երրորդ. սակավաջուր երկու գետակի ջուրը հէկին ծառայեցնելու արդյունքում հօդս կցնդի Տաթեւի ծրագրի մեջ Տանձատափը ներառելու բարի մտադրությունը, որովհետեւ Տանձատափը կկորցնի իր գրավչությունն ու մասնավորապես երկու տեսարժան վայրը` հայտնի ջրվեժը (որի մասին նշել է նաեւ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը) եւ հինավուրց ջրաղացը (որն օգտագործվել է նույնիսկ 1991-95թթ.): Չորրորդ. երկու գետակի ջուրը հէկին ծառայեցնելով` հիմնովին կվերանա դրանց ձկնաշխարհը, կխախտվի մերձակայքի կենսոլորտը: Հինգերորդ. երկու այդ գետակով ոռոգվում են նաեւ Տաթեւի ու Սվարանցի հողատարածքները, ուստիեւ հարցականի տակ կդրվի այդ գյուղերի ոռոգման ավանդական համակարգերի արդյունավետ աշխատանքը եւս:

Այլ կերպ է մտածում գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանը: Նա կարծում է, որ հէկի կառուցմամբ գյուղում մի քանի աշխատատեղ կբացվի, որ հէկի սեփականատերը շատ թե քիչ մասնակցություն կունենա գյուղի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Ըստ գյուղապետի` ՍՊԸ-ի ղեկավարի հետ կա պայմանավորվածություն առ այն, որ հէկը հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին կաշխատի որոշակի սահմանափակումներով (միայն գիշերը), որպեսզի մարդիկ կարողանան ոռոգել այգիներն ու բանջարանոցները: Գյուղապետը, սակայն, չի հասցրել դեռեւս սահմանված կարգով փոխել գյուղատնտեսական այն հողերի նշանակությունը (համայնքային եւ մասնավոր), որոնց վրա հողային աշխատանք է կատարվում 2012թ. աշնանից: Եվ այդ հանգամանքը խոցելի է դարձնում հէկի կառուցման իրավական հիմքը նույնպես: Գյուղապետը տեղյակ չէ նույնիսկ, թե գյուղի մուտքի մոտ (Քաշկի քարի տակ) որ հատվածով է ձգվելու խողովակաշարը, ինչը գյուղացիներին մտահոգող հարցերից մեկն է (այդ մասին նշեցինք վերեւում):

Տանձատափում հէկ կառուցելու հարցում առկա երկու տեսակետն էլ, անշուշտ, ուշադրության արժանի է: Սակայն արդեն իսկ կարելի է ենթադրել, թե դրանցից որ մեկն է նախապատվություն ստանալու: Անգամ կարելի է ենթադրել, թե դիմումի հեղինականերին ինչ պատասխան է գրելու ՀՀ բնապահպանության նախարարությունը: Բայց, կարծում ենք, տանձատափցիների մտահոգությունները լրջագույն քննարկման առարկա պետք է դառնան մարզի եւ հանրապետության իշխանությունների, նաեւ այն մարդկանց համար, ովքեր անտարբեր չեն լեռնային այդ գյուղի ճակատագրի հանդեպ: Այլապես մեռնող գյուղերի սյունիքյան շքերթում կունենանք (եւ արդեն ունենք) եւս մեկ գյուղ, որի անունն է Տանձատափ:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Չնայած առկա տարաձայնություններին, ինչպես գրում են երեւանաբնակ տանձատափցիները, արդեն իսկ բզկտվում ու այլանդակվում է գյուղի կուսական բնաշխարհի մի հատվածը: Հզոր պայթեցումներով ավերվում է գեղատեսիլ քարափը, կտրվում են բազմաթիվ ծառեր ու թփեր: Դիմումատուներն այդ ծրագրի հեղինակներին անվանում են արկածախնդիրներ: Իսկ բնապահպանության նախարարությունը շարունակում է լռել…

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: