12/13/2019

Մեղրու սահմապանապահ ջոկատում նշվեց ՌԴ սահմանապահ զորքերի հիմնադրման 95-րդ տարեդարձը

Մեղրու սահմապանապահ ջոկատում նշվեց ՌԴ սահմանապահ զորքերի հիմնադրման 95-րդ տարեդարձը

Մայիսի 28-ին Մեղրու սահմանապահ ջոկատում տոնվեց երկու իրադարձություն` Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 95-րդ տարեդարձը եւ Հայաստանի առաջին հանրապետության տոնը: Զորամասի տարածքում ռազմահայրենասիրական երգերի մեղեդիներ էին հնչում, իսկ կեսօրին մոտ դահլիճ էին գնում սահմանապահներն ու նրանց ընտանիքների անդամները, հրավիրված անձինք: Միջոցառմանը մասնակցում էին Մեղրու եւ Ագարակի քաղաքապետեր Արշավիր Հովհաննիսյանը եւ Մխիթար Զաքարյանը, տարածաշրջանի արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ:

Միջոցառումը վարողների խոսքում անդրադարձ եղավ սահմանապահ զորքերի անցած ուղուն` կազմավորումից մինչեւ մեր օրերը, սահմանապահ զինվորների մասնակցությանը երկրորդ աշխարհամարտին, մասնավորապես հերոս-ամրոց Բրեստի պաշտպանությանը: Եվ ընդհանրապես բոլոր պատերազմների ժամանակ` Մերձդնեստրում, Աֆղանստանում, Չեչնիայում սահմանապահներն արիության եւ անձնվիրության օրինակներ են ցուցաբերել: Տասը տարվա ընթացքում աֆղանական պատերազմի քուրայով անցավ ավելի քան 62 հազար սահմանապահ: Նրանցից ոչ մեկը գերի չընկավ…

Հայտնվեց, որ խորհրդային սահմանապահ զորքերը, որպես երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մաս, ստեղծվել են քաղաքացիական պատերազմի եւ օտարերկրյա զինված ինտերվենցիայի դժվարին ժամանակներում: 1918թ. մայիսի 28-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Հանրապետության ժողկոմխորհուրդն ընդունեց «Սահմանային պահպանություն հիմնադրելու մասին» որոշումը: Դա պետության անվտանգության պահպանման գործում սահմանապահ զորքի դերն ու գործառույթները հաստատող առաջին օրենսդրական փաստաթուղթն էր, որն էլ խորհրդային սահմանապահ զորքերի ստեղծման սկիզբը դրեց:

Սահմանապահի մասնագիտական տոնի եւ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անատոլի Շադրինը: Նա, նախ, ներկաներին շնորհավորեց երկու տոնի առթիվ եւ երախտագիտություն հայտնեց բոլորին, որոնց ներկայությունն, իր վկայությամբ, ավելի տոնական է դարձրել միջոցառումը:

Օպերատիվ ծառայության գործում ցուցաբերած բարձր ցուցանիշների եւ ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար մի մեծ խումբ սահմանապահներ խրախուսվեցին պատվոգրերով, անվանական պարգեւներով: Պետական սահմանների հուսալի պաշտպանության գործում ցուցաբերած աջակցության եւ սահմանապահ զորքերի կազմավորման 95-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ քաղաքացիական անձանց սահմանապահ ջոկատի հրամանատարության կողմից շնորհակալություն հայտնվեց:

Սահմանների պահապաններին տոնի առթիվ շնորհավորեց սահմանապահ զորքերի վետերան Սերգեյ Հովհաննիսյանը, ով 52 տարի ծառայել է Մեղրու սահմանապահ ջոկատում: Հիշեցնենք` այս տարի լրացել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատի 58-րդ տարին: Նա մասնավորապես խոսեց Մեղրու սահմանապահների հետ բնակչության համագործակցության մասին, նշելով, որ սկսած 1900 թվականից, երբ կազակները հսկում էին սահմանապահ ջոկատի կողմից ներկայումս հսկվող սահմանային հատվածը, մեղրեցիները նյութական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել սահմանապահներին, նաեւ ծառայության անցել սահմանապահ ջոկատում: Վետերանը նաեւ արժանին հատուցեց սահմանապահ ջոկատում ծառայող կանանց, որոնց թիվն օրեցօր աճում է: Ս.Հովհաննիսյանի վկայությամբ` սահմանապահների համար լուրջ փորձություն էին հայ-ադրբեջանական հակամարտության տարիները, երբեմն հակառակորդը փորձում էր սադրանքի մեջ ներքաշել սահմանապահներին, երբեմն կրակ է արձակվել նրանց ուղղությամբ, բայց հրաման է եղել երբեք չտրվել սադրանքների, եւ սրբությամբ կատարվել է հրամանը:

Դիմելով սահմանների պահապաններին, ելույթ ունեցողը հորդորեց շարունակել Մեղրու սահմանապահ ջոկատի լավագույն ավանդույթները, պահպանել սահմանապահների միասնությունը եւ համախմբվածությունը: «Իմ սերունդն ապրել է մի բազմազգ եւ համերաշխ ընտանիքում, խնդրանքս է այդ ավանդույթը շարունակել, քանի դեռ մենք կենդանի ենք», – ասաց ծերունազարդ այրը եւ հավելեց, որ մեր օրերում սահմանների հուսալի պահպանության գրավականը պայմանավորված է զինվոր սահմանապահների բարձր վարպետությամբ եւ զգոնությամբ, պետանվտանգության մարմինների աչալրջությամբ եւ սահմանների պաշտպանությանը տարածաշրջանի բնակչության ակտիվ մասնակցությամբ:

Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանն իր խոսքում մասնավորապես նշեց այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության հարավային սահմանը հուսալիորեն է պաշտպանված Մեղրու սահմանապահ ջոկատի սպաների եւ զինվորների պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության շնորհիվ: Այդ ամենը ձեւակերպված է մուտքն ազդարարող կարգախոսում` «Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել հայրենիքին»: Շնորհավորելով սահմանապահներին մասնագիտական տոնի առթիվ, զինկոմը համոզմունք հայտնեց, որ նրանք նույն նվիրվածությամբ կշարունակեն իրենց ծառայությունը:

Կրկնակի տոնին ուրախ տրամադրություն հաղորդեցին Մեղրու սահմանապահ ջոկատի գեղարվեստական ինքնագործ խմբերը, սահմանապահ ջոկատում գործող դպրոցի եւ մանկապարտեզի սաները, ովքեր ներշնչանքով ու վարպետորեն կատարեցին նախկին Խորհրդային Միության բազմազգ ժողովուրդների պարեր, նաեւ հեղափոխական հավերժ կենդանի երգեր: Հնչեցին սահմանապահնների ծառայությանը նվիրված քառատողեր: Ներկաներին աշխուժություն պարգեւեց տեսահոլովակը, որում սահմանապահների երեխաները պատասխանում էին «Ի՞նչ է ռազմական գաղտնիքը», «Ո՞վ է հրամանատարը», «Ո՞վ է սահմանապահը», «Ո՞րն է պետական սահմանը» հարցերին: «Սահմանային ծառայության սահմանապահ զորքերը» եւ «Սահմանային ծառայություն» տեսաֆիլմերը պատմում էին սահմանապահի ոչ դյուրին առօրյայի մասին: Հանդիսությունը շարունակվեց տոնական սեղանի շուրջ, որտեղ եւս մեկ անգամ արժեւորվեց սահմանապահների` անքուն գիշերներով, լարված ու հագեցած ծառայությունը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: