10/21/2019

Մաքսիմ Հակոբյանը դեմ չէ որդու՝ Սյունիքի մարզպետ դառնալուն, իսկ ինքը հրաժարվում է դառնալ Ռուսաստանի պրեզիդենտ

Մաքսիմ Հակոբյանը դեմ չէ որդու՝ Սյունիքի մարզպետ դառնալուն, իսկ ինքը հրաժարվում է դառնալ Ռուսաստանի պրեզիդենտ

Պարզվում է՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավո Բուդաղյանին եւ մյուսներին հրավիրել Սդղի լիճ՝ հացկերույթի, որից ժամեր անց էլ մարզպետի տան մոտ տեղի է ունեցել արյունոտ միջադեպը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը, որը զրուցել է Մաքսիմ Հակոբյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

- Պարոն Հակոբյան, իսկ ո՞րն է Ձեր գնահատականը կատարվածի:

- Ես շատ խիստ քննադատում եմ, չի կարելի էդպիսի բան անել: Դա մեր հասարակության համար շատ անընդունելի երեւույթ է:

- Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, փաստորեն, ժամանակավոր հրաժարական է տվել: Տեսակետներ կան, որ այս դեպքից հետո նա պիտի ընդմիշտ հրաժարական տար:

- Չէ, ինչի համար, եթե ինքը հիմա հրաժարական տա, նշանակում է՝ էն գլխից ընդունում ա մեղավորությունը: Ես ինչ իմանամ՝ ով ա մեղավորը: Քննիչները պիտի քննեն, որ ասեն:

- Սակայն փաստ է, որ իր տան մոտ է եղել դեպքը եւ իր տղան է ձերբակալվել:

- Ձերբակալված է, կպարզեն, հիմա հայտարարություն անել ճիշտ չի լինի: Ճիշտը նա կլինի, որ մանրակրկիտ ուսումնասիրեն, մեղավորներին խիստ պատժեն, որ նման բան չկրկնվի: Շատ անընդունելի բան էր:

- Պարոն Հակոբյան, հնարավոր է կառավարությունը որոշի, որ Սուրեն Խաչատրյանն այլեւս չի ղեկավարելու Սյունիքի մարզը: Այդ դեպքում ո՞ւմ եք տեսնում մարզպետի պաշտոնում: Հնարավո՞ր է Դուք կամ Ձեր տղան մարզպետ դառնաք:

- Ես էնքան լավ պաշտոնի եմ, որ էսօր, որ ինձ Ռուսաստանի պրեզիդենտն էլ առաջարկեք, ես չեմ գնա: Շատ հզոր պաշտոնի եմ ես, ինչի՞ պիտի գնամ:

- Տեւական ժամանակ խոսակցություններ կային, որ Ձեր տղան է ուզում մարզպետ դառնալ:

- Դե, ով որ նշանակում ա, նրան հարցրեք: Ես հրամանը չեմ կարող տալ, իմ ուժերից վեր ա:

- Իսկ դուք կուզե՞ք, որ Ձեր տղան դառնա Սյունիքի մարզպետ:

- Ես չեմ կարող պատասխանել: Իմ տղան ինքնուրույն ա որոշելու: Իմ տղան հասուն տղա ա, գիտությունների թեկնածու, քաղաքական կոփվածություն ունի, ինքը պետք է որոշի, ես իրեն չեմ կարող թելադրել:

- Կարծում եք՝ կարո՞ղ է լինել մարզպետ:

- Ես ինչ իմանամ, ինքը կիմանա, կորոշի, ես իմ տղայից հազարավոր կիլոմետր հեռու եմ ապրում...»:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: