10/22/2019

Գնդապետ Արտակ Բուդաղյանի կյանքին վտանգ չի սպառնում

Գնդապետ Արտակ Բուդաղյանի կյանքին վտանգ չի սպառնում

Հունիսի 1-ի ողբերգության ժամանակ հրազենային վնասվածքով վիրավորվել եւ Երեւանի կենտրոնական կայազորային հոսպիտալ է տեղափոխվել Արտակ Բուդաղյանը: Մինչ այդ՝ հունիսի 1-ի միջադեպից անմիջապես հետո, նրան տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Այնուհետեւ, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են Երեւան: Հունիսի 5-ին հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ կոորդինատոր Սեւակ Շահբազյանը լրագրողներին ներկայացրել է տեղեկություններ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի մասին: Ըստ նրա՝ «Ունենք չնչին, բայց դրական դինամիկա, այնուամենայնիվ, ներկա պահին Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիվանդի գիտակցությունը պարզ է, նա շփվում է մարդկանց հետ: Բայց, ինչպես ցանկացած ռեանիմացիոն բաժանմունքի հիվանդի պարագայում, Արտակ Բուդաղյանի մոտ եւս իրավունք ունեն մտնելու ռեանիմացիոն անձնակազմի աշխատակիցները, մասնագետները՝ բժիշկները, որոնք կոմպետենտ են հիվանդով զբաղվելու համար: Իսկ հարազատներից, իմ տեղեկություններով, նրա մոտ միայն կինն է մտնում»: Գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը ծանր կայուն է գնահատել նաեւ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը. «Գնդապետի գիտակցությունը տեղն է, ֆիզիկական վիճակը` կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին` նա կարողանում է շփվել հարազատների եւ բժիշների հետ, սակայն դեռեւս այն վիճակում չէ, որ կարողանա ցուցմունք տալ»: Ասատուրյանի խոսքով` երբ Բուդաղյանի առողջական վիճակը ծանր կայունից բարելավվի մինչեւ միջին ծանրության, նրան վերակենդանացման բաժնից կտեղափոխեն ընդհանուր բաժին: Նշենք նաեւ, որ գնդապետին այցելել է զինդատախազը:

Արտակ Բուդաղյանը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 16-ին, Գորիս քաղաքում: Ավարտել է տեղի N4 միջնակարգ դպրոցը, Երեւանի պետական գյուղատնտեսական, Մոսկվայի Մ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիաները։ 1990թ. կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը, մասնակցել ՀՀ հարավարեւելյան սահմանների համար մղված պաշտպանական, Կուբաթլուի, Լաչինի շրջկենտրոնների ու դրանց մի շարք գյուղերի ազատագրման մարտերին։ 1995թ. հոկտեմբերին ծառայության է զորակոչվել ՀՀ զինված ուժեր։ Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, հրամանատար, զորամասի օպերատիվ բաժնի ավագ սպա, տեղակալ։ 2003թ. նշանակվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, 2007թ. հուլիսից զբաղեցնում է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հրամանատարի պաշտոնը։ 2010 թվականից ԼՂՀ տարածքում տեղաբաշխված մեկ այլ զորամասի հրամանատար է: Ա.Բուդաղյանն իրեն դրսեւորել է որպես կարգապահ, քաջ, պահանջկոտ, ուժեղ բնավորության ու կամքի տեր, իր զորամասի առջեւ դրված խնդիրները բարձր պատասխանատվությամբ կատարող սպա-հրամանատար։ Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության» համար եւ ՀՀ ՊՆ կողմից «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ աստիճանի եւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, «Սյունյաց արծիվներ», «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալներով։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: