11/16/2019

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ փոխհրաձգությանը չի մասնակցել. դա փաստ է»

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ փոխհրաձգությանը չի մասնակցել. դա փաստ է»

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը հունիսի 5-ին հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ` ներկայացնելով համառոտ տեղեկատվություն` 2013թ. հունիսի 1-ին, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի փաստական հանգամանքների մասին: Զինվորական դատախազը մասնավորապես հայտնել է հետեւյալը. «Տեղի է ունեցել զինված հարձակում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց` փողոցում, հարձակման ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով 1 անձ մահացել է, 2 անձ` ստացել հրազենային մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը սկսել եւ վարել է Սյունիքի մարզի քննչական բաժինը, այնուհետեւ դեպքից մի քանի ժամ անց գործը փոխանցվել է ըստ քննչական ենթակայության` ՊՆ քննչական ծառայությանը եւ համապատասխանաբար անցել զինվորական դատախազության հսկողության տակ: Նախաքննության թե՛ սկզբնական, թե՛ հաջորդող փուլերում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ` դատաբժշկական, դատաձգաբանական, մատնադրոշմային, կենսաբանական եւ այլն: Առաջնահերթ, սկզբնական քննչական գործողությունների արդյունքում գործով ներգրավվել է երկու մեղադրյալ. երկու անձի մեղադրանք է առաջադրվել եւ, ինչպես հայտնի է, միջնորդություն ներկայացվել` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է»:

Գ.Կոստանյանը նաեւ փաստել է, որ մեղադրյալները գտնվում են «Նուբարաշեն» ՔՀԿ-ում եւ այնտեղ կմնան առնվազն մինչեւ նախաքննության ավարտը` նկատի ունենալով, որ գործի նախաքննությունն իրականացնում է ՊՆ հատկապես կարեւոր գործերի քննության բաժինը, որը գտնվում է Երեւանում, եւ, հետեւաբար, կալանավորված անձանց Երեւանում գտնվելն անհրաժեշտություն է:

«Արարքների որակումներն ու գնահատականները մենք դեռեւս պետք է քննարկենք համապատասխանաբար ձեռք բերված ապացույցների համադրման արդյունքում. ընդ որում` այդ ապացույցներն առնչվում են ինչպես անմիջապես դեպքին, այնպես էլ` նախորդող եւ հաջորդող բոլոր իրադարձություններին: Հետեւապես, դեպքին հաջորդող եւ նախորդող իրադարձություններում ներգրավված եւ որեւէ կերպ առնչված յուրաքանչյուր անձի գործողությունների իրավական գնահատականը հաջորդելու է», – հայտարարել է զինվորական դատախազը:

Անդրադառնալով դեպքի տեսաձայնագրությունն առգրավելու եւ այն հանրությանը ներկայացնելու հարցադրումներին` Գ.Կոստանյանը փաստելով, որ տեսագրությունը, տեսաձայնագրող սարքերն ու սարքավորումները առգրավվել են, նշել է.
«Այո՛, դրանք գտնվում են նախաքննություն իրականացնող մարմնի տրամադրության տակ: Այս պահին դրա հրապարակման անհրաժեշտությունը չկա. նկատի ունենալով, որ սարքերը տրամադրվել են փորձագետներին` համապատասխան փորձաքննություններ կատարելու համար: Այնուհետեւ մենք հանրությանը կտեղեկացնենք եւ հնարավորություն կտանք դիտելու հատվածներ, իսկ նախաքննության ավարտից հետո` արդեն դատաքննության ընթացքում, նկատի ունենալով, որ դատաքննությունը դռնբաց է, հանրությունը հնարավորություն կունենա ինքնուրույն դիտել ամբողջ տեսաձայնագրությունը եւ գնահատականներ տալ: Համենայնդեպս, փոխհրաձգությանը մասնակցած անձանցից 2-ը կալանավորված են: Մեկ անձը մահացել է, իսկ մյուս անձի` Արտակ Բուդաղյանի գործողություններին առանձին գնահատականներ կտրվեն»:

Փոխհրաձգությանը 4 անձի մասնակից լինելու վերաբերյալ լրագրողի ճշգրտող հարցադրմանն ի պատասխան` զինդատախազը նշել է.
«Այո, հասկանում եմ` ձեր հարցն ինչ ուղղվածություն ունի: Կարող եմ միանշանակ ասել եւ դուք հետագայում տեսաձայնագրություններով կհամոզվեք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ փոխհրաձգությանը չի մասնակցել: Դա փաստ է, որում դուք ինքներդ կհամոզվեք: Դա արձանագրված է ժապավենի վրա, որը դիտելուց հետո դուք ինքներդ կհամոզվեք դրանում»:

Գեւորգ Կոստանյանը նաեւ երաշխավորել է, որ քրեական գործով կապահովվի քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու ամբողջականությունը: «Արդարադատությանն ուղղված ցանկացած գործունեություն իր հիմքում ունի մի շարք գործոններ: Ամենակարեւոր գործոնը հանրային վստահությունն է, որ պետք է լինի: Հետեւաբար, արդարադատությանն ուղղված գործունեությունը պետք է ունենա բարոյական հենք եւ իրավական հիմք: Որեւէ կաշկանդվածություն ոչ միայն չի կարող լինել, այլ որեւէ կաշկանդվածությունը` քննիչի, դատախազի, իմ ու հետագայում դատարանի կողմից կարող ենք համարել անբարոյական վարքագիծ», – հայտարարել է զինդատախազ Գ.Կոստանյանը եւ ավելացրել. «Քաղաքական կամ որեւէ այլ նրբերանգները չեն կարող ազդել նախաքննության օբյեկտիվության ու բազմակողմանիության վրա: Արդեն ասացի` այն պարզ պատճառով, որ մենք առնվազն բարոյական պարտականություն ու պատասխանատվություն ունենք առաջին հերթին մեր երեխաների, մեր եւ հանրության առաջ»:

Նա նաեւ նշել է, որ նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ այս փուլում չեն կարող հրապարակվել, սակայն հանրությանը թույլատրելիության սահմաններում պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի:

http://www.genproc.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: