12/09/2019

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Արյամբ հարց չի լուծվում, եթե որոշ բթամիտներ չեն հասկանում` կհասկանան»

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Արյամբ հարց չի լուծվում, եթե որոշ բթամիտներ չեն հասկանում` կհասկանան»

Սյունիքի աղմկոտ միջադեպի կապակցությամբ NEWS.am-ի հարցազրույցը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ

– Պարոն Գասպարյան, օրեր առաջ հայտարարել էիք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը գողական չէ, մարզպետ է: Տեղի ունեցած աղմկոտ սպանությունից հետո ի՞նչ գնահատական կտաք մարզպետին:

– Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ, այո, Սուրեն Խաչատրյանը մարզպետ էր, այլ ոչ թե գողական, բառերի իմաստը պետք է ճիշտ ընկալել: Գողական ասելով` ես այլ բան եմ պատկերացնում. այսպես ասեմ, դա մի ուղի է, որ մարդն ընտրում է ու դրանով առաջնորդվում: Իսկ ձեր պատկերացմամբ, ինչպես հասկացա, մարդ է, որն օգտագործում է որոշակի բառապաշար: Դուք քաղաքացի եք, կարող եք նման հայտարարություններ անել` մարդը կրիմինալ է, կրիմինալ չի, իսկ ես իրավաբան եմ, եւ դրա իրավունքը չունեմ: Անմեղության կանխավարկած կա: Բայց իմ ասածներից շատ մարդիկ պետք է հետեւություններ անեն...

– Պարոն Գասպարյան, Գյումրիում հայտարարեցիք, որ այս երկրում այլեւս արյամբ հարցեր չեն լուծվելու, սակայն, ինչպես տեսնում եք, շարունակվում է արյամբ հարցեր լուծել…

– Իհարկե, մեր երկրում զոռբայությամբ, զենքով, արյամբ հարց չի լուծվում: Իսկ եթե որոշ բթամիտներ չեն հասկանում` կհասկանան: Դա չի նշանակում, որ այլեւս հանցագործություններ չեն լինելու մեր երկրում: Ոչ մի տեղ ոչ մի երկրում, ոչ մի հասարակությունում ապահովագրված չեն վեճերից, կռիվներից եւ այլ երեւույթներից: Խնդիրն այն է, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը, ինչպես է բացահայտում եւ ինչպես է հասարակությունն օժանդակում դրան եւ այլն, եւ այլն... Այնպես որ, պետք չէ մակերեսային նայել: Երանի այդպես լիներ, ու բոլորը մի խոսքից ընկալեին ու հանցանք չկատարեին: Երանի այդ օրերը գան, բայց` ավաղ... Այնպես չի, որ ասեցինք, գրեցիք, էլ չի լինի հանցանք:

Ես համոզված եմ, որ ոստիկանությունը կդառնա պրոֆեսիոնալ, սկզբունքայնությունն էլ ոչ թե ժամանակավոր, այլ` անդառնալի, եւ հասարակությունն էլ, ակնկալում եմ, կօգնի այդ հարցում: Կարծում եմ, որ դուք` լրագրողներդ էլ մեր կողքին կլինեք:

Ավելացնեմ, որ ծանոթ եմ վերջին օրերին լրատվամիջոցներում ու ֆեյսբուքներում ինձ կամ ոստիկանությանն ուղղված որոշ հարցադրումների, հռետորական հարցերի, կարծում եմ, գոնե հիմա էդպես չպետք է հնչեին: Եկեք խուսափենք իրավիճակին չտիրապետելով գնահատականներ տալուց, անհիմն կարծիքներ հնչեցնելուց, առհասարակ, չարությունից եւ չարակամությունից:
Ոստիկանությունն այսօր շիտակ է, ազնիվ կամ գոնե փորձում է այդպիսին լինել եւ որն ինչ-որ տեղ հաջողվում է, եւ մենք խնդրում ենք այդ հարցում բոլորի օժանդակությունն ու աջակցությունը: Չարությունը, իրավիճակն անտեղի սրելը, սեփական աչքի գերանը չնկատելով` ուրիշի աչքի փուշը տեսնելն ապագա չունեցող բաներ են...

– Ձեր գնահատմամբ, ինչի՞ հետեւանք էր մարզպետի ու հակառակորդների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգությամբ ուղեկցված միջադեպը: Արդյո՞ք դա քրեական մթնոլորտի, գողական դրվածքների առկայության, անպատժելիության մթնոլորտի հետեւանք չէր:

– Զոռբայության, հիմարության եւ այլն, ինչ բացասական բառակապակցություն գիտեք` հանգիստ օգտագործեք: Մարդ սպանելը, զենքով հարց լուծելը, արյուն թափելը մեկ բառով չես կարող որակել: Կրկնված կլինեմ, բայց նորից ասեմ` որ այդպես չի լինելու, եւ այդ չլինելու համար ունենք եւ կամք, եւ հնարավորություն` ցանկացած դեպքի հետեւից գնալու եւ պատժելու: Եվ նման ապրելակերպ ընտրած մարդիկ, նման մտածելակերպ ունեցողները մեր հասարակության մեջ տեղ չեն ունենա եւ գթասրտության ու մարդասիրության չեն հանդիպելու մեր կողմից, որովհետեւ մենք համոզված ենք, որ գթասիրտ ու մարդասեր պետք է լինենք հասարակության, այլ ոչ թե հասարակությանը ձեռնոց նետած ինչ-որ մի երեւույթի նկատմամբ: Եվ այս կապակցությամբ ոստիկանության սկզբունքներն ու մոտեցումներն անշրջելի են: Ավելացնեմ, որ ցանկացած ոստիկան, որը հանցավոր կամ այլ կապերի մեջ մտած` կարող է դավաճանել այս սկզբունքներին` սկսած շարքայինից մինչեւ ոստիկանապետ, կկրի պատասխանատվություն:

– Պարոն Գասպարյան, նախօրեին Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավվել էր մեծ քանակությամբ զենք, զինամթերք, մինչդեռ Դուք դեռեւս Գյումրիում տեղի ունեցած սպանությունից հետո էիք լծվել զինամթերքի հայտնաբերման գործին, ինչո՞ւ Սյունիքում կամ այլ մարզերում նույն օպերացիան չէր կատարվում եւ միայն սպանությունից հետո Սուրիկ Խաչատրյանի տնից հայտնաբերվեց մեծ քանակությամբ զինամթերքը:

– Ստիպված կլինեմ ասել, որ տեղայնական մտածելակերպով է հարցն ուղղվում ինձ: Եթե ՀՀ ոստիկանության պետը մի հայտարարություն անում է, դա նշանակում է, որ այն վերաբերում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքին: Իսկ եթե մարդիկ մտածում են, որ Գյումրիի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը միայն Գյումրու տարածքին է վերաբերվում` չարաչար սխալվում են: Սակայն եթե ես սխալ եմ ընկալվել, ավելացնեմ` այսօր ես մեր հասարակությանը զեկուցում եմ, որ մենք անցկացրել ենք «Զինանոց-2013» միջոցառում եւ նոր ենք այն ավարտել հանրապետության ամբողջ տարածքում, կարծում եմ մոտ օրերս կլինի առգրավված զենք-զինամթերքի քանակի վերաբերյալ տեղեկատվություն` մարզերով, քաղաքներով եւ այլ վայրերով:

Սակայն դա շարունակական պրոցես է, եւ, բացի այդ, զգալով, որ հասարակական պահանջ կա, այնուամենայնիվ, այս անգամ շեշտելով, որ հայտարարությունը վերաբերում է ՀՀ ողջ տարածքին, հայտարարում եմ, որ նրանք, ովքեր մտածում են, թե թաքցնելով, պահելով զենք-զինամթերքը, կսպասեն, իրենց պատկերացումով, լավ ժամանակների եւ հանգիստ կգործածեն դրանք` մոլորության մեջ են: Դուք ուրիշ ոստիկանության հետ գործ ունեք հիմա: Հենց ձեր` լրատվամիջոցների միջոցով հայտարարում եմ, կոչ անում, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր կամավոր կհանձնեն զենք-զինամթերքը` կազատվեն քրեական պատասխանատվությունից, օրենքով սահմանված կարգով: Դրանից հետո ում մոտ կհայտնաբերվի ապօրինի զենք` ոստիկանությունը հետամուտ կլինի, որպեսզի նման անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Իսկ եթե ոմանք հույս են դնում այն բանի վրա, որ երկու շաբաթվա ընթացքում զենքը չհանձնելով` կթաքցնեն ինչ-որ տեղ եւ հետո կօգտագործեն կամ ոստիկանների մեջ կգտնեն վհուկներ` ոստիկանական ուսադիրներով, եւ նրանց հետ գործարքի կմտնեն ու կփորձեն սարքել, թե` «նոր գտան» կամ «կամավոր» են հանձնել, միգուցե նրանց հաջողվի այդ պահին, բայց դա կարճ ժամանակում կբացահայտվի, եւ նույն ոստիկանն ավելի խիստ պատիժ կստանա. հակառակ դեպքում` առաջինը քարը նետեք իմ ուղղությամբ: Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր մեր հասարակությունում փորձում են զենքի ուժով, զոռբայությամբ եւ լկտիությամբ հարցեր լուծել: Ասել ենք դրա մասին, ասում ենք եւ ասելուց բացի, գործում ենք նույն ոճով: Ոստիկանությունն ունի կամք, ուժ, գիտելիքներ եւ մնացած բոլոր միջոցներն այդ ամենի դեմն առնելու եւ նման երեւույթների դեմ անհանդուրժող լինելու: Այս անգամ Աստծո անունը չեմ տալիս, որպեսզի հասկանաք, որ ոչ միայն աղոթքով է դա բժշկվում...

– Քրեական պատասխանատվության կենթարկվի՞ Սուրիկ Խաչատրյանը:

– Կատարվում է քննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն մի բանում համոզված եղեք` բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

news.am, 05.06.2013

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: