12/05/2019

«Սյունիքի մարզպետարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից»

«Սյունիքի մարզպետարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից»

ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Կոստանյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ Սյունիքի մարզպետարանը տարածել է հունիսի 1-ին արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունահեղության տեսագրության սեփական մեկնաբանությունը: Այդ մասին նա ասաց iLur.am-ի հետ հարցազրույցում.

– Պարոն Կոստանյան, խնդրում եմ, Ձեր գնահատականը տվեք Սյունիքի մարզպետարանի տարածած` հունիսի 1-ի դեպքերի տեսագրության սղագրությունը հրապարակելու փաստին:

– Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ տեսաձայնագրությունն առգրավվել է դեպքից մի քանի ժամ անց, հետեւաբար` այդ տեսագրությունն առնվազն մի քանի ժամով հասանելի է եղել մարզպետի ընտանիքի բոլոր անդամներին, եւ վստահ եմ, որ վերջիններս տեսագրության պատճենները վերցրել են: Բայց ինձ համար անընդունելի է ոչ թե տեսագրության սղագրման, հրապարակման փաստը, որովհետեւ այդ տեսագրության սղագրությունն ամեն մարդ կփորձի տալ իր յուրովի մեկնաբանությամբ, ընկալմամբ եւ արտահայտմամբ, այլ ինձ համար մտահոգիչ է, որ պետական մարմինը, այս դեպքում` Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը, հայտարարություններ է տարածում այնպիսի հարցի հետ կապված, որ բացարձակ չի առնչվում իր լիազորությունների եւ գործառույթների հետ: Ինձ համար դա է մտահոգիչ եւ անհասկանալի:

– Այս հրապարակումը նախաքննության գաղտնիության սկզբունքի հետ հակասության մեջ չի՞ մտնում:

– Կրկնեմ` այդ տեղեկատվությունը, մինչեւ նախաքննության մարմնի ձեռքում հայտնվելը`  արդեն հասանելի է եղել: Ֆորմալ առումով մենք դա չենք կարող դիտարկել որպես նախաքննության գաղտնի տվյալների հրապարակում: Միեւնույն ժամանակ, նման սղագրությունը, մեկնաբանությունները բացարձակ որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ նախաքննության ընթացքի վրա, հետեւապես նաեւ` այդ ձայնագրության վերարտադրությունից բխող հանգամանքների վերաբերյալ իրավական գնահատական տալու վրա: Մարտավարական տեսակետից այդ հրապարակման փաստն ինձ բացարձակ չի հետաքրքրում:

– Բայց փաստացի հանրության սեփականությունն է դարձել այդ տեսագրությունների սղագրությունը` Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի վերարտադրությամբ: Միգուցե դրանում աղճատումներ կան, կամ թերի ներկայացված փաստեր:

– Սղագրությունը ես չեմ ընթերցել եւ չեմ էլ պատրաստվում ընթերցել, որովհետեւ, կրկնեմ` այդ սղագրությունը ճշգրիտ է թե ոչ ճշգրիտ, դրանում տեղ գտած արտահայտությունները, ձեւակերպումները համապատասխանում են տեսագրության բովանդակությանը, թե ոչ` ինձ չի հետաքրքրում եւ գործում որեւէ արժեք չի կարող ունենալ: Երբ որ տեսագրությունը դատական քննության ընթացքում հրապարակվի, հասարակության ցանկացած անդամ  հնարավորություն կունենա ճշտելու, նախ,  այդ սղագրության հավաստիությունը կամ կողմնապահությունը` նկատի ունենալով հայտարարությունը տարածողների մեկնաբանման եւ վերարտադրման օբյեկտիվության հարցը, եւ երկրորդ` ամենակարեւորը, երբ ինքը`  տեսագրությունը, դառնա հանրության սեփականությունը, այդ բոլոր կասկածները, մտահոգությունները վստահաբար կփարատվեն:

– Այսինքն, այս փուլում այդ տեսագրությունները չե՞ն հրապարակվի:

– Ոչ: Դրանք կհրապարակվեն դատաքննության ընթացքում. նկատի ունենալով, որ դատաքննությունը դռնբաց է, եթե, իհարկե, դատարանն այլ որոշում չկայացնի, բնականաբար, այս ապացույցը եւս (քանի որ տեսագրությունը եւս ապացույց է), կհետազոտվի դռնբաց դատական նիստի ընթացքում:

– Եվ մի վերջին հարց, որը նույնպես թեմային առնչվում է: Երեկվա Ձեր ասուլիսին խիստ սահմանափակ թվով լրատվամիջոցներ էին ներկայացված: Ինչո՞վ էր պայմանավորված նման ընտրությունը:

– Ընտրությունը շատ օբյեկտիվ էր եւ պայմանավորված էր ընդամենը մեկ փաստով. հրավիրվել են բացառապես հեռուստաընկերություններ: Որեւէ էլեկտրոնային լրատվամիջոց հրավիրված չէր (համացանցային ԼՄ-ներից մեկն օնլայն ռեժիմով հաղորդագրություններ էր տարածում ասուլիսի ընթացքի վերաբերյալ-Հ.Կ): Սկզբունքն այն է եղել, որ ասուլիսն անցկացվի միայն հեռուստաընկերությունների մասնակցությամբ, ընդ որում, եթե նկատեցիք, նշանակություն չուներ` այդ հեռուստաընկերությունը, այսպես կոչված, իշխանական, թե ընդդիմադիր հակումներ ունի: Այսինքն, կողմնապահություն չի եղել:

Զրուցեց` Հակոբ Կարապետյանը
Ilur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: