12/09/2019

Սյունյաց թեմը` հոգեւոր օրրան...

Սյունյաց թեմը` հոգեւոր օրրան...

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ

– Հայր սուրբ, նախքան մեր հիմնական հարցերին անդրադառնալը, կուզեի անձամբ Ձեզանից լսել վերջերս համացանցում հայտնված ոչ այնքան պատվաբեր հրապարակման մասին, որն անմիջականորեն վարկաբեկում էր Սյունյաց թեմի առաջնորդարանի գործունեությունը: Ձեր կարծիքը` նման թյուրիմացությունների մասին:

– Ցավոք սրտի, շատ հաճախակի եկեղեցին կամ եկեղեցականը ենթարկվում են ամենատարբեր զրպարտանքների: Բացառություն չէր նաեւ Սյունյաց թեմին վերջերս վերագրված հերյուրանքը, որը մեծ զայրույթ առաջ բերեց մեր ժողովրդի սրտում: Հավելենք, որ հիշյալ հոդվածն ամբողջությամբ հերյուրանք է: Փաստեմ, որ հոդվածագիրն արդեն ներողություն է խնդրել մեզանից` թյուր տեղեկություններ հրապարակելու համար: Որպեսզի ասելիքս փաստերով հիմնավորեմ, մեջ կբերեմ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» 37-րդ գլխից հատված. «Կարգեցին առաքյալները եւ դրեցին հաստատության եկեղեցու մեջ, թե ոչ ոք երբեք չանարգի, չանգոսնի եւ չարհամարհի քահանային: Նա, ով քահանային է անարգում, իմանա, որ Աստծուն է անարգում, որովհետեւ քահանան սպասավոր է ձեզ բարու համար եւ հաշիվ է տալու ձեր հոգիների փոխարեն, չէ որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին մի բամբասիր (Առաքելական կանոններ, 25)»: Եվ այս մարդիկ, ովքեր որ անարգում են քահանային, աստվածանարգ են, որի մասին նշված է նաեւ Սուրբ Գրքում. «Ով ձեզ է անարգում, Ինձ է անարգում (Ղուկաս, Ժ16)»:

– Հայր սուրբ, Ձեր պատմական անդրադարձը` Հայ առաքելական եկեղեցու, մասնավորապես` Սյունյաց թեմի ծագման, կատարած առաքելության եւ կառուցվածքային փոփոխությունների մասին: Տաթեւի վանքը դարեր շարունակ եղել է Սյունյաց թեմի կենտրոն, առաջնորդարան: Արդյոք, առաջնորդարանն այսօր տեղափոխվելով Գորիսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, դրանով փոքր-ինչ չի՞ նսեմացել Տաթեւի վանքի դերը:

– Հայոց առաքելական սուրբ եկեղեցին հաստատվել է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի եւ նրա երկու առաքյալի` Թադեւոսի եւ Բարդուղիմեոսի կողմից: 301թ. մեր հավատքի հայր սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, իսկ Հայոց հայրապետության կենտրոն հռչակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որովհետեւ այդ վայրում իջավ Տերը` նույն վայրում մատնանշելով տաճարի կառուցման տեղը եւ ձեւը: Ինչպես վկայում է մեր Սուրբ վարդապետ Եղիշեն, «Մեր Հայրը Սուրբ ավետարանն է, Մայրը մեր` Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Քանզի մեր հայրերը վկայակոչել են այս ամենը, մենք պարտավոր ենք այդ ամենը որպես սրբություն պահելու եւ պահպանելու: Այդ մասին հստակ հրահանգում է Սուրբ Գիրքը. «Որդյակ իմ, Հորդ խրատը լսիր ու Մորդ օրենքը մի մերժիր (Առակաց գիրք 1:8)»: Ովքեր հրաժարվում են Սուրբ Եկեղեցուց, կարժանանան մեծ անեծքի: Որպեսզի խոսքերս առավել համոզիչ լինեն, մեջ ենք բերում նաեւ Սուրբ Գրքից հետեւյալ հատվածը. «Այն աչքը, որ իր Հորը կծաղրի եւ իր Մորը հնազանդվելը կանարգի, ձորերի ագռավները պետք է փորեն ու արծիվների ձագերը պետք է ուտեն (Առակաց գիրք, 30:17)»:

Հայոց եկեղեցին դարերի ընթացքում, Սուրբ Հոգու թելադրանքով, ձեռք է բերել իր կառուցվածքային առանձնահատկությունները: Հոգեւոր կենտրոնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որտեղից ղեկավարվում եւ առաջնորդվում է: Մեր հոգեւոր կենտրոնը բաղկացած է թեմերից, վանքերից, վանական համալիրներից: Հայոց եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Հայրապետը: Թեմերը ղեկավարվում են թեմական առաջնորդների կողմից, իսկ համապատասխան ստորաբաժանումները (վանքեր, քաղաքներ, գյուղեր)` կուսակրոն կամ ամուսնացյալ քահանաների կողմից: Այդ թեմերից մեկը Սյունյաց հինավուրց թեմն է, որը հաստատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Նշենք, որ Սյունյաց թեմը վեր է ածվել մետրոպոլիտության Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի օրոք: Սակայն, Սյունյաց թեմը բավականին ընդգրկուն տարածք է իր մեջ ներառել` Լեռնային եւ Դաշտային Արցախը, այժմյան Հայաստանի Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաեւ Տավուշի մարզի մի զգալի հատված: Դարեր շարունակ հայ ժողովուրդը, չունենալով պետականություն, իսկ վերջին հարյուրամյակում ենթարկվելով, բախվելով անաստվածության սյունին, կանգնեց ծանր փորձությունների առջեւ: Սակայն այսօր հստակ քայլերով գնում է դեպի առաջ` թե Հայաստանի Հանրապետության տարածքում եւ թե Սփյուռքում ստեղծելով նորանոր թեմեր: Նշեմ, որ թեմ հաստատելու ամբողջական իրավասությունը պատկանում է Ամենայն Հայոց Հայրապետին, եւ դա քննարկման ենթակա չէ: Եկեղեցին, չունենալով համապատասխան թվով հոգեւորականներ, այդ սակավ ուժն օգտագործում է` թեմերի միջոցով հասանելի լինելով ժողովրդին: Եվ դա ավելի օգտաշահ քայլ է, որ իրականացնում է Վեհափառ Հայրապետը` Հայաստանում նոր թեմեր հիմնելով: Կարծում ենք` Վայոց ձորի եւ Սյունիքի թեմերի առանձնացումը` որպես առանձին միավորներ տեղին է, եւ այդ քայլով եկեղեցին առավել կամրապնդի իր դերակատարությունը հանրության կյանքում: Այո, Սյունյաց թեմի կենտրոնը եղել է Տաթեւի վանքը: Սխալ կլինի ասել, որ այն իր տեղը զիջել է կամ կզիջի, կամ թե` նսեմացել է նրա դերը, եթե այնտեղ չէ առաջնորդարանը: Տաթեւի վանքը, նախեւառաջ, մեզ համար Սրբություն Սրբոց է: Այնտեղ են ամփոփված Սուրբ Գրիգոր Տաթեւացու մարմինը, Սուրբ Պողոս եւ Պետրոս առաքյալների մասունքները, ինչպես նաեւ` մեր հավատքի հոր` Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներից: Սա փաստում է, որ Տաթեւի վանքը հայ հավատացյալի համար չի կարող լինել երկրորդային: Եվ ճիշտ չէ հարցադրումը, որ այդպիսով Տաթեւի վանքն իր դերով զիջում է նոր առաջնորդարանին:

– Հայր Սուրբ, բոլորս գիտենք, թե ինչպիսի մեծ սրբապղծություն է եկեղեցիներից գողություն, կամ, այսպես ասած, գանձագողություն կատարելը: Ինչպե՞ս են այսօր պահպանվում եկեղեցիները գանձագողերի արշավանքից, եւ ինչպիսի՞ պատիժներ են նախատեսված նման դեպքերում: Մենք ունենք նաեւ խաչքարերի տեղահանության դեպքեր. ե՞րբ են դրանք արդարացված եւ երբ` ոչ:

– Կիսելով Ձեր մտահոգությունը, ասեմ, որ, այո, այսօր էլ, ցավոք, կան գանձագողեր, կա խաչքարերի տեղահանության խնդիր եւ այլն: Այս առթիվ, կուզեի մեջ բերել հատված «Դատաստանագրքից». «Երբ եկեղեցուց գողացված է, կորել է կամ վաճառվել եւ չի լինում հետ վերադարձնել, մեկի փոխարեն հինգը հատուցվի, իսկ եթե կորած լինի` մեկի կրկնակին: Եվ ապաշխարություն սահմանվի տվյալ հոգեւորականի կողմից գանձագողին», որովհետեւ նրա արարքը համարժեք է սրբապղծության:

Ժամանակին հայոց ազգն ունեցել է 2 դատարան` հոգեւոր եւ աշխարհիկ: Այդ մասին վկայում են մեր Կանոնագրքերը եւ Դատաստանագրքերը: Եվ նմանօրինակ խնդիրները քննվել են եկեղեցական դատարաններում եւ համապատասխան ապաշխարության կարգ է սահմանվել նմանօրինակ մարդկանց առնչությամբ: Ինչ վերաբերում է եկեղեցուն, խաչին եւ ընդհանրապես հոգեւոր կյանքին, դրա պատասխանատուն հոգեւորականն է: Եվ եթե խաչքար կամ որեւիցե այլ սրբություն է տեղափոխվում, դա պետք է լինի միմիայն Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, այդ թվում` եկեղեցիների վերաբացում, վերաօծում եւ այլն: Իսկ եթե այդ օրհնությունը չկա, խաչքարի տեղահանությունը երբեք արդարացված չէ: Այն միանշանակ համարվում է գողություն:

– Հայր Սուրբ, ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա եկեղեցաշինությանը: Արդյո՞ք բոլոր նորակառույց եկեղեցիներում (մանավանդ, երբ կառույցի պատվիրատուն հաճախ ոչ այնքան բարի նկարագիր է ունենում) կարող է բնակվել Աստված... Եկեղեցիների վերականգնումը /ռեստավրացիա/ մի՞շտ է, որ գոհացնում է Հայ Առաքելական Եկեղեցուն եւ համապատասխանում տվյալ եկեղեցու նկարագրին, արտաքին վայելչագեղությանը: Տաթեւի վանքի վերականգնողական աշխատանքների մասին. ինչպիսի՞ն է այս պահին ընթացքը:

– Այսօր շատ ու շատ վայրերում կան եկեղեցիներ, որոնք կարիք ունեն վերանորոգման, սակայն հները թողած` կառուցվում են նորերը: Կան նոր քաղաքներ, գյուղեր, որոնք չունեն եկեղեցիներ: Գովելի է, որ նման վայրերում կառուցվում են աղոթքի տներ: Սակայն, այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ մենք ունենք եկեղեցիներ կամ վանքեր, ամեն ինչ անում ենք, որպեսզի տեղի եկեղեցիները վերակառուցվեն, վերաօծվեն, ստանան իրենց նախկին տեսքը: Վերականգնման աշխատանքները Մայր Աթոռը վստահում է միայն հատուկ մասնագետների: Այլ խնդիր է, որ երբեմն այն կարող է որեւէ մեկին նորաձեւ, տվյալ եկեղեցուն ոչ այնքան համահունչ թվալ, կամ, ասենք, պարզապես` դուր չգալ սրբատաշ քարը, որից մեր ժամանակներում հեշտ չէ խուսափել: Ինչ վերաբերում է Տաթեւի վանքի վերականգնողական աշխատանքներին, ասեմ, որ այդ բոլոր աշխատանքները գլխավորում է Ամենայն Հայոց Հայրապետը, եւ ներկայումս աշխատանքներ են տարվում տեղանքի ուսումնասիրության ու նախագծային աշխատանքների առումով: Միայն դրանից հետո սկսվելու են շինարարական աշխատանքները: Սխալ է այն մտայնությունը, որ պատահական մեկի կողմից կառուցված եկեղեցում արդյո՞ք Աստված է բնակվում: Ասեմ, որ եկեղեցի կառուցելու խնդրում անձի սահմանափակում գոյություն չունի, ցանկացած մարդ` լինի անմեղ, թե` մեղավոր, իրավունք ունի կառուցել եկեղեցի: Դա Աստծո գործ է եւ Աստծո կամք եւ Աստծո որոշելիք: Ոչ ոք իրավասու չէ Աստծո փոխարեն դատելու մեկին: Եկեղեցի կառուցելն էլ չարիք չէ, այլ սրբություն, նաեւ պետականաշինություն: Ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Տաթեւացին` «Մարդ, եթե խաչքար է կառուցում, ապա փրկում է իր եւ իր ազգակիցների հոգին», ապա առավել եւս եթե մարդ եկեղեցի է կառուցում, ապա վստահ եղեք, որ Աստված կարժանացնի նման մարդուն եւ իր ազգակիցներին իր մեծ ողորմությանը, որովհետեւ Աստված սեր է եւ միշտ ուրախանում է մեղավորի դարձով:

– Հայր Սուրբ, երբեմն եկեղեցիների մոտ տեղադրված տեղեկատու վահանակներն այցելուին ապակողմնորոշող պատմական սխալներ են պարունակում...

– Դա սոսկ մարդկային գործոն է պարունակում. երեւի դա բացառություն է եղել: Սակայն, անհերքելի է այն փաստը, որ նպատակը բարի է, որով փորձ է արվում հանրությանը դույզն-ինչ իրազեկելու պատմության ինչ-ինչ դրվագների մասին: Բայց, իհարկե, ամենափոքր վրիպումն անգամ ամենեւին արդարացված չէ, եւ մեր քահանաները պետք է ավելի ուշադիր հետեւեն, որպեսզի այդ աշխատանքը ճիշտ եւ անթերի իրականացնեն:

– Հայր սուրբ, ո՞րն է այսօր Առաքելական եկեղեցու պետական առաքելությունը. կանգնել ծողովրդի՞, որն իշխանությունների աշխատանքից դժգոհ է, թե՞ իշխանությունների կողքին:

– Նախ ասեմ, որ իշխանությունն ու ժողովուրդը դա մեր պետությունն է, եւ եկեղեցին նրանց չի առանձնացնում: Ցանկացած իշխանություն Աստծուց է, իսկ եկեղեցին էլ սոսկ քարե շինություն չէ, այլ մեր ժողովրդի բազմությունն է: Հայոց եկեղեցին որեւիցե մեկի սեփականությունը չէ եւ ոչ էլ շարժվում է ինչ-որ մեկի թելադրանքով: Եկեղեցին Սուրբ Հոգու բնակարան է եւ առաջնորդվում է Սուրբ Գրքով եւ Սուրբ Հոգու կողմից թելադրված օրենքներով եւ կանոններով: Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի է եւ մշտահոգ է հայ ժողովրդի ազատության խնդրով: Քրիստոնեությունն ազատության կրոն է, եկեղեցին` ազատության կրողը, քարոզիչը եւ պաշտպանը: Այդ իսկ պատճառով Հայոց Սուրբ Եկեղեցին ամուր կանգնած է իր պետականության կողքին: Եվ նրա համար որեւիցե հանգամանք կամ որեւէ կողմին սատարելու խնդիր գոյություն չունի, քանզի նրա համար կողմեր չկան. կա պետություն, երկիր, ծողովուրդ, որն ամբողջական է: Խաչի տակ բոլորս հավասար ենք: Աստծո արեգակը հավասար ծագում է մեղավորի եւ արդարի վրա:

– Հայր Սուրբ, Սյունյաց թեմն այսօր քանի՞ եկեղեցի եւ հոգեւորական ունի:

– Այսօր Սյունյաց թեմում կան գործող 9 եկեղեցի եւ մի քանի մատուռ, որտեղ իրենց ծառայությունն են բերում թվով 7 հոգեւորական: Այս հսկայական տարածաշրջանում այդ թիվը շատ քիչ է, եւ մեր կարծիքով` հավուր պատշաճի չի կարող ծառայել նույն տարածքի մեծաթիվ բնակչությանը: Սյունիքի շատ գյուղերում նույնիսկ մի քանի պատմական եկեղեցիներ ունենք: Դա վկայում է, որ ամեն մի գյուղ ժամանակին ունեցել է մի քանի քահանա հայրեր:

– Հայր սուրբ, Ձեր կարծիքը մեր օրերում չարիքի պես տարածվող աղանդների մասին: Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է պայքարում աղանդավորության դեմ եւ ինչպե՞ս կարող է վերադարձնել իր մոլորված զավակներին:

– Եկեղեցին իր դարավոր պայքարն է մղում սատանայի եւ նրա գործակալների` աղանդավորների դեմ: Այսօր Սյունյաց թեմում եւ ամբողջ տարածաշրջանում տարաբախտաբար կան աղանդավորական տարբեր ուղղություններ եւ խմբավորումներ: Դրանք իրենց կործանարար, քայքայիչ գործունեությունն են ծավալում մեր ժողովրդի կյանքում եւ կենցաղում` պատճառ հանդիսանալով ընտանիքների քայքայման, ինքնասպանությունների, հասարական մերժելի վարքի դրսեւորումների եւ այլ այլանդակ, բացասական երեւույթների: Եկեղեցին այսօր իր ուժերի ներածի չափով պայքար է մղում այդ արատավոր երեւույթի դեմ: Ըստ իս` աղանդավորները բաժանվում են 2 խմբի` ծայրահեղներ եւ խաբվածներ: Նշենք, որ ծայրահեղները երբեք էլ չեն վերադառնալու Մայր Եկեղեցու գիրկը, որովհետեւ դրանք իրենց արյունով իսկ պղծված են: Իսկ չարաչար խաբվածները դարձի գալով կվերադառնան իրենց Մայր եկեղեցու գիրկը` նմանվելով Պետրոս առաքյալին: Վերջինը 3 անգամ ուրացավ Քրիստոսին եւ աքաղաղի կանչելուն պես, Տիրոջ խոսքի համաձայն, զղջաց: Այդպես էլ նրանք, խաբվելով սատանային, ուրացել են 3 Սուրբ Տիեզերաժողովները (Նիկիա, Կոստանդնուպոլիս, Եփեսոս) եւ մտել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի անեծքի տակ: Լիահավատ ենք, որ նրանք կլսեն եկեղեցու կոչնակի ձայնը, դարձի կգան, ինչպես որ Պետրոսը լսեց աքաղաղի ձայնը եւ դարձի եկավ:

Սյունյաց թեմը` որպես հայ ժողովրդի լուսավորության սուրբ գործին լծված հոգեւոր օրրան, իր ունեցած ամեն մի փոքրիկ հնարավորություն ծառայեցնում է այն սրբասուրբ նպատակին, որ կարողանա իր զավակներին բերել սուրբ եկեղեցու ճշմարիտ հավատքին: Վստահաբար կարող եմ նշել, որ դա իրականություն կդառնա Աստծո օրհնությամբ եւ մեր սուրբ հայրերի բարեխոսությամբ: Մեր խնդիր-նպատակն է, որպեսզի ժողովուրդն ապրի Սուրբ Գրքի համաձայն, վերջինիս կանոններով եւ եկեղեցական խորհուրդներով, որոնց թելադրողը եւ ի կատար ածողը Սուրբ Հոգին է: Եթե ունենանք նման հավատք, որին դավանել են մեր հայրերը, ապա մենք վստահաբար կունենանք Աստծո օրհնությունը, սերը մեր ընտանիքներից ներս: Այդ ժամանակ մեր սրտերին եւ հոգիներին կիշխեն խաղաղությունը, հանդուրժողականությունը, հայրենասիրությունը...
Հայ առաքելական եկեղեցին կարիք չունի իր հավատքն էժան միջոցներով ապացուցելու. նա իր գործը խոնարհությամբ եւ սրբորեն կատարում է: Մնում է, որ իր զավակները լսեն Աստծո ձայնն իրենց հոգում եւ երախտիքով փառաբանեն նրան:

– Ձեր օրհնությունը, Հայր սուրբ, մեր ժողովրդին, մեզ…

– Շնորհք, սեր, խաղաղություն եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանս: ԱՄԵՆ:

Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ ողջ Հայաստանն ալեկոծվեց վերջին օրերին Գորիսում տեղի ունեցած տխուր, ողբերգական դեպքերից: Այդ առթիվ Սյունյաց թեմի առաջնորդը տվեց իր գնահատականը՝ միաժամանակ խաղաղության եւ ներողամտության կոչ անելով չարի որոմով բռնկված հայ օջախներին:

– Անշուշտ, կատարվածը մեծագույն մեղք է, եւ բոլորին ապաշխարության կոչ եմ անում: Ինչպես  մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս էր ասում. «Խաղաղություն եմ տալիս ձեզ», եւ սա կոչ է, որ գանք եկեղեցի, խոնարհվենք Աստծո առջեւ, եւ խոնարհությունը` իբրեւ սրբություն, տանենք մեր օջախները: Աստծուց հայցում ենք, որ թողություն բերի նրանց մեղքերին եւ որպես հայ մարդիկ, որպես քրիստոնյա ժողովուրդ` հանդուրժողականությամբ ու ներողամտությամբ զինվեն` իրենց հոգիներից դուրս նետելով չարի որոմը, դառնալով Սուրբ Հոգու բնակարաններ, իրենց մեջ բնակեցնելով խաղաղություն, սեր եւ կարեկցանք զմիմյանս:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: