09/19/2019

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Ձգտում եմ, որ իմ պաշտոնավարման ավարտին քաղաքի զարգացման համար ամուր հիմքեր լինեն դրված»

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Ձգտում եմ, որ իմ պաշտոնավարման ավարտին քաղաքի զարգացման համար ամուր հիմքեր լինեն դրված»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ


2012թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Կապանի քաղաքապետ ընտրվեց Աշոտ Հայրապետյանը, ով իր պարտականությունների կատարմանն անցավ նոյեմբերի 13-ին: Նախընտրական խոստումների իրագործման, ՏԻՄ ընտրությունների առիթով Կապանում ստեղծված իրավիճակի, մարզկենտրոնի հիմնախնդիրների լուծման հնարավոր տարբերակների մասին է զրույցը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:


– Պարո՛ն Հայրապետյան, մեկ տարվա հեռավորությունից ինչպե՞ս եք գնահատում 2012թ. ՏԻՄ ընտրությունները Կապանում, որը փաստորեն ոչ միանշանակ գնահատվեց:

– Հավանաբար ամեն մի ընտրություն, հատկապես ՏԻՄ ընտրություններն ավելի անձնավորված են լինում` պայմանավորված բարեկամական, ընկերական, աշխատանքային կապերով եւ մի շարք այլ գործոններով: Բնական է, որ այդ ընթացքում առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք լարվածություն են առաջացնում նաեւ հետընտրական շրջանում: Ինչ վերաբերում է 2012թ. կապանյան ՏԻՄ ընտրություններին, ապա կարող եմ ասել, որ, ճիշտ է, թեկնածուներն ինքնաբացարկ հայտնեցին, որը միանշանակ չընդունվեց, բայց դրանից ոչ ոք չշահեց: Դրանից չշահեցի նաեւ ես:

– Կարո՞ղ ենք ասել, որ ընտրությունները քաղաքացիական անհամերաշխություն ստեղծեցին Կապանում` երկփեղկելով կապանյան հանրությունը:

– Կարծում եմ` քաղաքացիական անհամերաշխություն ձեւակերպումը մի քիչ չափազանցված է: Ցանկացած հասարակություն` լինի հանրապետության կամ համայնքի մասշտաբով, յուրաքանչյուր ընտրությունից դուրս է գալիս որոշակի տրոհվածությամբ: Խնդիրը մեծամասնության կարծիքի հետ հաշվի նստելու մեջ է:

– Քաղաքապետարանի ենթակառույցներից մի քանիսում Ձեր նախաձեռնությամբ տեղի ունեցավ կադրային փոփոխություն, ինչը որակվեց նախորդ քաղաքապետի առավել ակտիվ կողմնակիցներից ազատվելուն միտված քայլ:

– Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից կադրային հարցում ունեցել եմ այսպիսի մոտեցում` ոչ ոք չի ազատվելու աշխատանքից: Պաշտոնավարումից երկու-երեք ամիս անց, սակայն, աշխատանքից բխող կադրային փոփոխություններ եղել են, որ օրինաչափ եմ համարում, բայց շատ չէին: Կադրային փոփոխությունները կապված էին աշխատանքային պարտականությունները նորմալ չկատարելու կամ էլ նոր ղեկավարի հետ համագործակցելու ցանկություն չունենալու հետ: Քաղաքական որեւէ ենթատեքստ կամ դրդապատճառ այստեղ փնտրելը, կարծում եմ, անիմաստ է: Համոզված եմ` նախորդ քաղաքապետերի ժամանակ նմանատիպ երեւույթներն ավելի շատ են եղել:

– Ինչպե՞ս անցավ նոր կարգավիճակին հարմարվելու, սկզբնական շրջանին բնորոշ դժվարությունները հաղթահարելու, կայանալու փուլը:

– Սկզբնական շրջանին բնորոշ դժվարությունները հիմնականում աշխատանքին ծանոթանալու հետ էին կապված, քանզի մինչ այս նման պաշտոն չեմ զբաղեցրել: Կարճ ժամանակում հարթվեցին տարիներ շարունակ կուտակված եւ այսպես կոչված կծիկ դարձած շատ խնդիրներ:

– Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ քաղաքապետից: Եթե չենք սխալվում, պաշտոնավարման սկզբում մի քանի անգամ նշեցիք քաղաքապետարանի պարտքերի մասին, ինչը հերքեց Արտուր Աթայանը: Արդյո՞ք ամեն ինչ շտկվել է, եւ քաղաքապետարանը բնականոն հունի մեջ է մտել այդ առումով եւս:

– Նախ` որեւէ մեկի անունն այդ առումով չի արծարծվել, պարզապես պարտքերն իրավական փաստաթղթերով հիմնավորված հավաստի թվեր են: Միայն կարող եմ ասել, որ այս տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ պարտքերի ավելի քան 50 տոկոսը` մոտ 40 մլն դրամ, մարվել է: Ընդ որում դրանք ոչ միայն Արտուր Աթայանի պաշտոնավարման, այլեւ ավելի վաղ ժամանակներից կուտակված պարտքեր են:

– Նախընտրական շրջանում Ձեզ Սուրեն Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի կողմից պաշտպանվող-հովանավորվող թեկնածու էին համարում: Հիմա Սյունիքում ուժերի նոր դասավորություն է: Ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր իրավիճակում, եւ ինչպիսի՞ն է ՀՀԿ-ի տարածքային ու շրջանային կառույցների վերաբերմունքը Կապանի քաղաքապետի հանդեպ:

– ՀՀԿ-ի տարածքային եւ շրջանային կառույցների վերաբերմունքը քաղաքապետարանի նկատմամբ բավականին դրական է ու, կարելի է ասել, գործնական: Քաղաքին վերաբերող խնդիրները կուսակցությունում մշտապես քննարկվում եւ ուշադրության են արժանանում: Թե՛ Սուրեն Խաչատրյանի, թե՛ ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի օրոք Կապանին վերաբերող խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են եղել ու կան: Ինչ վերաբերում է ուժերի նոր դասավորությանը, ապա հուսով եմ, որ մեր քաղաքին վերաբերող խնդիրների մեծ մասի հանդեպ հոգածությունն ավելի առարկայական կդառնա:

– Մեկ տարի առաջ ասվում էր` կառավարությունն ավելի ակտիվ կաջակցի կապանյան խնդիրների լուծմանը, եթե քաղաքապետը լինի իշխող կուսակցության անդամ: Անցած մեկ տարում Դուք կառավարության կողմից տարբերակված մոտեցում զգացե՞լ եք, թե՞…

– Ճիշտն ասած` չեմ հիշում տարբերակված մոտեցման մասին որեւէ հայտարարություն, բայց այս ընթացքում հանդիպումներ ենք ունեցել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ` քննարկելով քաղաքին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` երկաթուղու կայարանին, Հյուսիս-հարավ ճանապարհին, օդանավակայանին առնչվող եւ մի քանի այլ գլոբալ հարցեր: Խնդիրները, որոնք բարձրացվել են, արժանացել են ուշադրության, եւ այսօր դրանց մի մասի լուծումն ընթացքի մեջ է: Վերջերս բնակչության թվի հետ կապված խնդիր ունեինք, քանի որ համայնքներին տրվող դոտացիան սահմանվում է բնակչության թվով, իսկ 2011թ. մարդահամարով ունեինք 33700 մարդ, բայց բնակչության ռեգիստրում գրանցված է 37200 մարդ: Դա նշանակում է, որ 2014թ. դոտացիայով բավականին մեծ գումար պետք է կորցնեինք: Փաստերով, սակայն, ապացուցեցինք, որ թիվը քիչ է ներկայացված: Մոտ ապագայում կառավարության կողմից օրենքի նախագիծ կներկայացվի, որը մեծ համայնքներին հնարավորություն կտա (առանց միջամտելու իրավունքի) բնակչության ռեգիստր մտնել` թվերը ճշտելու համար:

– 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրության ժամանակ Կապանը մերժեց ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Ինչպե՞ս եք դա բացատրում, մանավանդ որ Դուք էիք գլխավորում այդ թեկնածուի կապանյան ընտրական շտաբը:

– Իմ կարծիքով` Կապանը ոչ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ պարզապես առիթն օգտագործեց եւ արտահայտեց բազմաթիվ հարցերի հետ իր անհամաձայնությունը, որ առաջին հերթին աղքատության բարձր ցուցանիշներով է պայմանավորված: Կապանը քաղաքային համայնք է, եւ կապանցին սովոր է պետական աշխատանքի գնալ, վաստակել այնքան աշխատավարձ, որ կբավականացնի նորմալ պայմաններում ապրել: Ներկայումս, սակայն, Կապանում աշխատանքի խնդիրն առաջնային է: Կարծում եմ` նախագահական ընտրությունը շատ հարմար առիթ էր մարդկանց մտահոգությունն արտահայտելու, ինչը պայմանավորված չէր կոնկրետ անձով:

– Իսկ ինչպե՞ս եք բացատրում իրողությունը, որ կապանցի ընտրողն անկախության տարիների բոլոր ընտրությունների համեմատ աննախադեպ պասիվ մասնակցություն ունեցավ այս տարվա սեպտեմբերի 29-ի ընտրությանը (մոտ 43%):

– Թե՛ 2012թ. ՏԻՄ ընտրություններին, թե՛ 2013թ. նախագահական ընտրությանը կապանցիների մի մասն արդեն արտահայտել է իր դժգոհությունը, իսկ ինչ վերաբերում է սեպտեմբերի 29-ի ԱԺ պատգամավորի ընտրությանը, ապա համեմատական պասիվության պատճառը համընդհանուր անտարբերությունն էր, ինչպես նաեւ, իմ համոզմամբ, ընտրության ոչ մրցակցային լինելը:

– Ո՞րն է, ըստ Ձեզ, Կապանի քաղաքապետարանի մեկ տարվա գործունեության գլխավոր արդյունքը:

– Կարծում եմ` մեկ տարվա գործունեության գլխավոր արդյունքը մեր համաքաղաքացիների հավատն ու վստահությունն է, որ արթնացավ հատկապես տեղական իշխանությունների հանդեպ: Արել ենք այն, ինչ հնարավոր էր:

– Նախընտրական ծրագրում հռչակած կարգախոսով` «Ճանաչենք անցյալը, շտկենք ներկան, կերտենք ապագան», որքանո՞վ եք կարողանում առաջնորդվել: Որո՞նք են այն խնդիրները (շատ թե քիչ կարեւոր), որոնք հաջողեցիք լուծել:

– Կարգախոսը պատահական չէր ընտրված: Ներկան շտկելու կարիք ունի առհասարակ, եւ կարող եմ ասել, որ բոլոր ժամանակների համար էլ այդ կարգախոսն արդիական է: Մեր ներկան հիանալի չէ, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը համաձայն չլինի այդ մտքին: Մեր խնդիրն իրավիճակն աստիճանաբար, բայց եւ հետեւողականորեն փոխելն է: Այդ փոփոխությունները ենթադրում են ավանդույթների վերականգնում, տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ վստահության վերականգնում, Կապանում ներդրում ունեցած մարդկանց գնահատում… Մենք քաղաքապետին կից նաեւ խորհուրդներ ենք ստեղծել, որոնք խնդիրների լուծմանն ավելի մասնագիտական մոտեցում են ցուցաբերում: Գեղխորհրդի կողմից, օրինակ, ավագանուն ներկայացվել են առաջարկներ` կապված պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու եւ առանձին հուշատախտակներ տեղադրելու չափորոշիչներ սահմանելու հետ:

– Ձեր նախընտրական ծրագրի հիմնական կետերը որքանո՞վ են ընդգրկվել համայնքի զարգացման քառամյա ծրագրում: Եվ արդյո՞ք քառամյա ծրագրում ընդգրկված հարցերի լուծումն ունի ֆինանսական ապահովվածություն:

– Ես այն կարծիքին եմ, որ համայնքն առհասարակ պետք է ունենա ռազմավարական ծրագիր, որի իրականացման ժամկետը կարեւոր չէ: Ստացվում է այնպես, որ համայնքի մի ղեկավարի օրոք այլ խնդիրներ են գերակայություն ստանում, հաջորդ ղեկավարի օրոք` այլ, ու մնում են չլուծված: Մեր զարգացման քառամյա ծրագրի մեջ կան կետեր, դրույթներ, որոնք դեռեւս առաջին քաղաքապետի օրոք են հռչակվել ու մնացել չիրականացված: Այլ է դրանց լուծման ծավալների եւ ժամկետների հարցը: Մեկ տարվա ընթացքում ինչ պլանավորել էինք, հիմնականում փորձել ենք իրականացնել: Ինչ վերաբերում է թեկնածուի նախընտրական ծրագրին, ապա այն ընտրողին կողմնորոշվելու հնարավորություն է տալիս նախեւառաջ: Դրանք իրականացնելը, իհարկե, կարեւոր է, ինչի համար էլ ընտրված թեկնածուն այդ ծրագրերը, նախընտրական խոստումները հնարավորինս մտցնում է քառամյա ծրագրի մեջ` դարձնելով հետագա գործունեության ծրագիր: Ճիշտ է` ի սկզբանե` ծրագիրը կազմելիս, դժվար է ֆինանսական ապահովվածությունը հիմնավորել: Դրանք ընթացքում լուծվող հարցեր են:

– Որքա՞ն ներդրում է կատարվել (գոնե մոտավոր թվերով) անցած մեկ տարում քաղաքում ե՛ւ օտարերկրացիների ու միջազգային ծրագրերի, ե՛ւ հայաստանյան տնտեսվարողների ու կառավարության կողմից: Չէ՞ որ ներդրումները միջավայրի առողջության, գրավչության, տնտեսվարողների պաշտպանվածության ցուցիչ են:

– Միանշանակ այն կարծիքին եմ, որ կարեւոր չէ, թե քաղաքում իրականացվող աշխատանքները քաղաքապետարանի՞ միջոցներով են կատարվում, թե՞ միջազգային կազմակերպությունների: Դրանք մեր համայնքի զարգացման համար կատարվող աշխատանքներ են: Թե՛ տեղական տնտեսվարողների, թե՛ օտարերկրյա ներդրումների ստույգ ծավալին չենք տիրապետում: Կար ժամանակ, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տրամադրում էր նման տվյալներ, թեեւ շատ հաճախ դրանք ուռճացված էին եւ իրականությանը չէին համապատասխանում: Գրավչության, ներդնողներին հետաքրքրելու առումով մարզկենտրոնի վիճակը կարող եմ որակել ռիսկային: Վերջին 4-5 տարում մեր տարածքում ներդրումների տեսակետից ավելի գրավիչ են սպասարկման ոլորտի մի քանի ճյուղեր` բանկային, հյուրանոցառեստորանային, վարսավիրանոցային… Այդ ճյուղերը, նաեւ հացարտադրության ոլորտը նույնիսկ մրցակցային են:

– Համեմատենք 2012թ. պետական դոտացիան (պաշտոնական դրամաշնորհը) 2013 թվականի հետ, ինչպես նաեւ սեփական եկամուտների հավաքելիությունն անցած 10 ամսում ու դրա համեմատությունը 2012թ. հետ:

– Նախ` Կապանում մարդկանց թիվը չի աճել, փոփոխության չի ենթարկվել, եւ բնական է, որ դոտացիան (պաշտոնական դրամաշնորհը) էական փոփոխության չի ենթարկվել: 2012թ. դոտացիան կազմել է 590 մլն 696 հազար 600 դրամ, իսկ 2013 թվականին` 671 մլն 592 հազար 100, ասել է թե` մոտ 81 մլն դրամով աճել է պաշտոնական դրամաշնորհը: Ինչ վերաբերում է ընդհանուր եկամուտների ցուցանիշներին, ապա ս.թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի կատարողականը կազմել է 716 մլն 367 հազար 400 դրամ կամ նախատեսվածի 89,4 տոկոսը: Անցած տարվա նույն ժամանակում այդ ցուցանիշը եղել է 677 մլն 35 հազար 518 դրամ կամ նախատեսվածի 81,9 տոսը:

– «Հայջրմուղկոյուղու» հետ կապված ավագանու որոշման վիճարկումը դատական ատյանում ի՞նչ ավարտ ունեցավ:

– Ասեմ, որ դատական մի շարք նիստեր են տեղի ունեցել, սակայն վերջնական վճիռը չի կայացվել: Անկախ վճռից` այս ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ, մեր պայմանավորվածության համաձայն, կատարվել են այն աշխատանքները, որոնք պետք է կատարվեին նախքան պայմանագրի ստորագրումը` որպես նախապայման: Միաժամանակ գույքագրում ենք անցկացնում, որն արդեն ավարտին է մոտենում: Այս ընթացքում մշակել ենք «Հայջրմուղկոյուղու» հետ կնքվելիք պայմանագրի կետերը, որոնց ծանոթացել են ավագանու անդամները: Դատարանում հայցվորը չի վիճարկում ավագանու որոշումը` որպես համայնքին ձեռնտու կամ ոչ ձեռնտու փաստ, այլ վիճարկում է որոշ ձեւակերպումներ` ջրամատակարարման, ջրահեռացման համակարգեր… Հայցվորը պնդում է, որ սեփականության վկայականի ձեւակերպումները տարբերվում են ավագանու որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումներից:

– Քաղաքապետարանում կա՞ որեւէ մեխանիզմ, որ պատկան մարմինների հետ համագործակցելով` թույլ տա իմանալ, թե 2013թ. անցած տասը ամսում որքան մարդ է արտագաղթել Կապանից, կամ ներկայումս որքա՞ն մարդ է արտագնա աշխատանքի մեկնել, եւ տրանսֆերտներն ինչպիսի՞ ծավալների են հասնում:

– Տրանսֆերտների ծավալի մասին տեղեկություն կարող է հրապարակել միայն ԿԲ-ն: Որպես քաղաքի ղեկավար` կարող եմ ասել, որ ինչպես հանրապետության ողջ տարածքում, Կապանում նույնպես արտագաղթի ակտիվացում կա: Իհարկե, այս հարցը մեզ անհանգստացնում է, բայց պաշտոնական տվյալների չենք տիրապետում, պարզապես կարող եմ նշել, որ ակտիվացում նկատվեց հատկապես 2012թ. վերջին եւ 2013թ. սկզբին: ՀՀ-ում, որքանով տեղյակ եմ, այդպիսի թվերի իրական պատկերը կարող է ներկայացնել միայն Ազգային անվտանգության ծառայությունը: Բնական է, որ արտագաղթը պայմանավորված է աշխատանք չունենալով, շատ դեպքերում` աշխատավարձի բավարար չլինելով: Այլ հարց է, թե ինչպիսի աշխատանք են կատարում դրսում:

– Դուք ունե՞ք քաղաքի բնակչության զբաղվածության ռեալ պատկերը, թե՞ հիմք եք ընդունում պետական վիճակագրությունը:

– Նոր տվյալներ չեն հրապարակվել, եթե չեմ սխալվում, պաշտոնական տվյալներ վերջին անգամ 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին են հրապարակվել: Միայն կարող եմ ասել, որ գործազրկության նպաստի կրճատումը (որն ինչ-որ տեղ կարելի է նույնիսկ արդարացնել, քանի որ շատ հաճախ այդ նպաստից օգտվում էին աշխատանք ունեցող, բայց պաշտոնապես չգրանցված քաղաքացիները) որոշակիորեն հստակություն կմտցնի բնակչության զբաղվածության համակարգում:

– Քիչ առաջ որոշ անդրադարձ կատարեցիք Ձեր կադրային քաղաքականությանը, բայց մի հարց, այնուամենայնիվ, ավելի հանգամանալից քննարկման կարիք ունի: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) իրականացված եւ իրականացվող կրճատումները, ենթակա կառույցների որոշ ծառայությունների կենտրոնացումը (պահակային ծառայության, հաշվապահության), կարծեք, շատ մարդկանց շահերի են առնչվում: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Այդ փոփոխությունները կատարվում են գործող օրենքի սահմաններում եւ բացառապես հետապնդում են աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակ:

– Ի՞նչ կասեք քաղաքի կարեւորագույն հիմնախնդիրներից մեկի` ժողովրդագրական վիճակի մասին, այն է` ծնելիության ցուցանիշի անկում, հաշմանդամության աճ (մի տարի առաջ քաղաքի բնակչության 10%-ը հաշմանդամ էր), Կապանում գերիշխող սրտանոթային, օնկոլոգիական, էնդոկրին հիվանդությունների ակտիվացում:

– Հարցը բավականին տարողունակ է, կոնկրետ թվերի չեմ տիրապետում, թեպետ առանձին դեպքերում այդ թվերն իրական պատկերը չեն արտացոլում: Որպես քաղաքացի կարող եմ ասել, որ վերը նշված հիվանդությունների, ինչպես նաեւ հաշմանդամության տեսանելի աճ կա: 2012թ. համեմատ ծնելիությունն էլ նվազել է, թեպետ տարբերությունն այնքան էլ ակնհայտ չէ: Դրանք առանձնահատուկ ուսումնասիրման հարցեր են եւ պահանջում են համապետական մոտեցում:

– 2010թ. Կապանում հռչակվեց երիտասարդ ընտանիքների շենքային համալիրի կառուցման ծրագիր: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն երբեմնի «Բաղաբերդ» ռեստորանի մերձակայքում պետք է մինչեւ 2013թ. փետրվարը կառուցեր ու շահագործման հանձներ 7.6 մլրդ արժողությամբ բնակելի համալիր` երեք մասնաշենքով, որտեղ բնակարանով պետք է ապահովվեր 335 ընտանիք: Մինչեւ հիմա, սակայն, հասցրել ենք ընդամենն ավերակների կույտ դարձնել այդ վայրը… Ի՞նչ վերջաբան է ունենալու տարօրինակ այդ պատմությունը:

– Մեզ մտահոգող կարեւորագույն խնդիրներից մեկը բարձրացրիք: Կառավարության որոշմամբ այդ տարածքը տրվել էր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին` երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար: Ստորգետնյա ջրերի պատճառով շինարարությունը դադարեցվել է, անհրաժեշտ է լրացուցիչ 105 մլն դրամ, բայց երկար ժամանակ է անցել, եւ այդ հարցը լուծում չի ստացել: Մենք ներկայացրել ենք առաջարկություն` վերադարձնել այդ տարածքը, թեպետ նախկին տեսքին բերելը դժվար է եւ ծախսատար: Բնակելի շենք կառուցելու համար առաջարկեցի մեկ այլ տարածք տրամադրել, օրինակ` Լեռնագործների փողոցում կամ Ձորք թաղամասում, որտեղ խորհրդային տարիներին շենքի համար հիմքեր կան գցված: ՀԿ-ն դեմ չէ «Բաղաբերդ» ռեստորանի մերձակայքը մեզ վերադարձնել, պարզապես դրա դիմաց գումար պետք է վճարվի: Թեկուզ վերադարձնելու դեպքում էլ բավականին մեծ գումար է պետք նախկին տեսքը վերականգնելու համար:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ավագանու ինստիտուտին, ինչպե՞ս եք գնահատում Կապանի ավագանու մեկ տարվա գործունեությունը, եւ արդյո՞ք քաղաքապետի ու ավագանու միջեւ կան փոխըմբռնում ու փոխգործակցություն: Հետաքրքիր է` ո՞րն է այն ամենակարեւոր, հիմնարար հարցը, որ անցած մեկ տարում քննարկվել կամ լուծվել է Կապանի ավագանու մտքով ու ջանքով:

– Կարող եմ ասել, որ 2012թ. մարդիկ ավագանու անդամ դարձան ոչ միայն տարածք ստանալու ակնկալիքով, այլեւ քննարկումներին ակտիվորեն մասնակցելու մտադրությամբ: «Հայջրմուղկոյուղու» հետ կապված դատական հայցի պատասխանող կողմը նաեւ մեր ավագանին է, ինչը Ձեր տված հարցի առումով խոսուն փաստ է:

– Դուք, որքանով տեղյակ ենք, անցած մեկ տարում հնարավորություն եք ունեցել ծանոթանալ այլ երկրների համայնքային կառավարման փորձին: Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում ներդրված տեղական ինքնակառավարման համակարգը, ի՞նչ է պակասում այդ համակարգին, ի՞նչ կուզենայիք վերցնել համայնքային կառավարման արտասահմանյան փորձից:

– Իմ ուսումնասիրած երկրներում կան եկամուտների տեսակներ, որոնք հավաքվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, մտնում համայնքային բյուջե եւ տնօրինվում համայնքի կողմից: Իմ խորին համոզմամբ` հավաքվող որոշ հարկատեսակներից եթե ոչ ամբողջովին, ապա գոնե մասնակիորեն պետք է համայնքային բյուջե մասհանում կատարվի, որով հնարավոր կլինի լուծել համայնքային մի շարք խնդիրներ:

– Վերջերս հրապարակվեցին հանրապետությունում 2011թ. անցկացված բնակչության մարդահամարի արդյունքները: Փորձենք, ըստ այդ արդյունքների, մի քանի հիմնարար ցուցանիշներով ներկայացնել մերօրյա Կապանը:

– Վերջին մարդահամարի տվյալներով` Կապանում բնակվում է 43200 մարդ…

– Ըստ Ձեզ, ի՞նչ բացթողումներ եք ունեցել անցած մեկ տարում, որոնք, բնականաբար, այլեւս թույլ չեք տա:

– Եթե մի լավ բան ենք արել` բոլորի համար ենք արել` առանց մտածելու, որ այն կընդունվի երկիմաստ: Համոզված եմ եղել` եթե նախաձեռնության նպատակը բարի է, ապա պետք է ընդունվի միայն դրականորեն, այնինչ միշտ չէ, որ այդպես է ընդունվել, միշտ չէ, որ պատրաստ են եղել մեզ օգնելու…

– Գլխավոր խնդիրը, որ դրել եք Ձեր առջեւ` պաշտոնավարման հետագա ժամանակաշրջանի համար:

– Մշտապես գնահատել անցյալը, հետեւողական լինել ներկան շտկելու գործում, ինչը կնշանակի առաջ շարժվել: Ամենագլխավորը` ձգտել եմ եւ ձգտում եմ, որ իմ պաշտոնավարման ավարտին քաղաքի զարգացման համար ամուր հիմքեր լինեն դրված:

– Ինչ եք կարծում` Դուք, որպես Կապանի քաղաքապետ, ունե՞ք ընդդիմություն:

– Իհարկե ունեմ, եւ դա նորմալ է: Բայց շատ կուզենայի, որ այդ ընդդիմությունն ավելի հստակ դիրքորոշումներ արտահայտեր կոնկրետ հարցերի վերաբերյալ, ինչը քաղաքապետարանը հաշվի կառնի իր գործունեության ընթացքում:

– Եվ արդյո՞ք ուժեղ է Ձեր ընդդիմությունը:

– Ինքներդ պատասխանեք` ուժե՞ղ է…

– Ձեր խոսքը կապանցիներին, եթե, իհարկե, արծարծված հարցերից դուրս ասելիք ունեք:

– Ապրենք քաղաքի հոգսերով: Կապանի խնդիրների լուծման գործում լինենք միասնական` անկախ դիրքից, կուսակցական պատկանելությունից, անկախ մեր համակրանքներից ու հակակրանքներից…

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: