09/19/2019

Մարզկենտրոնում` շարիաթի օրենքով

Մարզկենտրոնում` շարիաթի օրենքով

Պաշտոնավարման 10-րդ օրը Սյունիքի նոր մարզպետը գործարկեց իր հերթական ձեռնարկությունը` այս անգամ` մարզկենտրոն Կապանում եւ պարսիկների հետ ու շարիաթի օրենքով

Հազկերտ 2-րդ Սասանյանը, պարզվում է, 450թ. այնքան էլ մեծ բան չէր ուզում հայերից, երբ հարցը դիտարկում ենք մերօրյա Հայաստանում ներդրվող արժեհամակարգի տեսակետից: Պարսից արքան ընդամենն ասում էր` թողեք մեր մոգերը գան եւ Հայաստանում ներդնեն պարսից ծիսական կարգը, հայերի մեջ քարոզեն պարսից դավանանքը: Փոխարենը խոստանում էր հարկերի նվազեցում Հայաստանում, մարդկանց ավելի լավ ապրելու հնարավորության ընձեռում, բնակչության անվտանգության ապահովում, նախարարների զավակներին (եթե անգամ այդ զավակները տկարամիտ են ու անբան եւ չեն կարողանում առավոտները ժամանակին քնից արթնանալ) Տիզբոնում պաշտոնի նշանակում… Հայ նախարարների հիմնական մասը եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, սակայն, գերադասեցին մեռնել, քան թույլատրել պարսիկ մոգերի մուտքը Հայաստան: Եվ գնացին ու իրենց առաջնորդ կարգած Վարդանի հետ (Մամիկոնյան տոհմից) զոհվեցին (ավելի ճիշտ` նահատակվեցին) Տղմուտ գետի ափին, որ Ավարայր է կոչվում:

Նահատակվեցին ու չթողեցին, որ պարսից հոգեւոր կարգը ներդրվի հայոց մեջ… Բայց արքան ու իր փորձառու Նյուսալավուրտ զորավարը, կարծեք, այնքան էլ հեռատես ու խոհեմ չգտնվեցին, երբ ճակատամարտի ելան իրենց հավատի ու ավանդույթների պաշտպանության համար զենքի դիմած հայոց ավագանու դեմ: Նրանց մտքով չէր անցել, որ օրերից մի օր հայոց արեւելյան կողմում` Սյունիք կամ Սիսական անվանյալ, օրվա իշխանավորները, հանուն անձնական շահի, կամավորապես կկիրառեն պարսից ծիսական կարգը…

Իհարկե, հիմա Պարսկաստանում զրադաշտականությունը չէ, որ դավանում են: Մահմեդի մահից հետո այնտեղ իշխող դարձավ եւ մինչեւ հիմա իշխում է շիիզմը, որի հետեւորդներն ունեն իրենց սրբազան ավանդույթները` ինչ-որ չափով ամփոփված Շարիաթ կոչվող սրբազան ժողովածուում: Եվ ըստ այդ գրքի` որեւէ սպանդանոց (անասուն մորթելու վայր) պետք է օծված լինի մոլլայի (մահմեդական կրոնավորի) կողմից, որպեսզի մորթված անասունի միսը համարվի «հալալ» եւ օգտագործվի, այլապես այդ մսի ապրանքային գինն էականորեն կնվազի:

Անկախության տարիներին Սյունիքից ոչխար կամ ոչխարից ստացված մթերք արտահանողների առջեւ խնդիր էր ծառացած` հաշտվել ոչխարը (ոչխարից ստացված մթերքը) համեմատաբար ցածր գնով վաճառելու գաղափարի հետ կամ էլ առաջնորդվել շարիաթի սկզբունքով եւ ապրանքն իրացնել բարձր գնով: Սյունիքի ոչխարապահները սրբապղծություն համարեցին այդ կանոնով առեւտուր անելը` գերադասելով ոչխարը վաճառել ցածր գնով կամ իրացման այլ շուկաներ գտնել: Սակայն եկավ օրը, երբ մարզի ոչխաչաբուծության ոլորտում նոր եւ հզոր տնտեսվարող հայտնվեց: Այդ տնտեսվարողը, ըստ էության, երկրորդական համարեց մեր ավանդույթները եւ, հանուն իր ունեցած մի քանի հազար մաքին բարձր գնով իրացնելու գերնպատակի, որոշեց հետեւել շարիաթի կանոնին… Եվ Իրանի Իսլամական Հանրապետությունից բերեց մի մոլլա (այդ մասին վկայում են նաեւ մայրաքաղաքային մի շարք լրատվամիջոցներ), ով էլ այս տարվա հուլիսի 20-ին օծեց Կապանում գործարկվող սպանդանոցը (մանր եղջերավոր անասունների մորթման ու վերամշակման արտադրամասը):

Սյունիքում արդիական սարքավորումներով սպանդանոց ունենալը, անշուշտ, դրական երեւույթ է: Դրական է նաեւ իրողությունը, որ հարեւան Պարսկաստանից եկել եւ ներդրում են արել Կապանում: Բայց… հնարավոր չէ՞ր այդ լավ նախաձեռնությունը կյանքի կոչել առանց պարսկական ծիսակարգի:

Այդ հարցին Սյունիքի օրվա կառավարիչ Մաքսիմ Հակոբյանն արդեն իսկ տվել է իր որոշիչ պատասխանը` այո, արժե:

Իսկ ի՞նչ են մտածում Մայր աթոռում եւ մասնավորապես Սյունիքի թեմում:

Ամենահետաքրքիրն այն է, որ Սյունիքում այլեւս ոչնչից չեն զարմանում: Չեն զարմանում նույնիսկ, որ Հայաստանի մերօրյա վարիչները, վերջին ամիսներին Սյունիք ժամանելիս, այցելեցին այդ սպանդանոց եւ փաստորեն հավանություն տվեցին սպանդանոցի գործարկման կերպին:

Ի դեպ, Կապանում շրջանառվում է խոսակցություն, որ մահմեդական հոգեւորականը մշտապես պետք է մնա մարզկենտրոնում եւ քրիստոնեական միջավայրում ղուրանյան ընթերցումներով օծի մանր եղջերավորների ամեն մի խմբաքանակի մորթը, այլապես Մաքսիմ Հակոբյանի մաքիների միսը կզրկվի «հալալ» ապրանքանիշից եւ այդ մարդու եկամուտներն էականորեն կպակասեն:

Հիշեցնենք` շարիաթի օրենքով կապանյան սպանդանոցի օծման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Սյունիքի մարզպետը (ի դեպ, նա չի մասնակցել մարզկենտրոնի տոնին, չի մասնակցել Գորիսի Սբ Հռիփսիմեի վերաօծմանն ու Գորիսի տոնին, չի մասնակցել Սիսիանում կազմակերպված համաժողովրդական մի քանի տոնակատարությունների, բայց եկել էր սպանդանոցի օծմանը): Եվ մասնակցում էր երկու կարգավիճակով` ե՛ւ որպես մարզպետ, ե՛ւ որպես սպանդանոցի համասեփականատեր: Այո՛, «Գյուղարտ» անունը կրող այդ ընկերության 50%-ի սեփականատերը «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ն է, որը, ըստ մայրաքաղաքային մամուլի հրապարակումների, Վահե Հակոբյանի սեփականությունն է (սպանդանոցի մյուս 50%-ի բաժնետերը «Շահր ինվեստ» պարսկական ընկերությունն է): «Գյուղարտի» կառուցման համար ծախսվել է 550 մլն դրամ (մի մասը` շինարարության, մյուս մասը` սարքավորումներ ձեռք բերելու համար):
…Մի ուրացեք եւ մի ասեք, թե դա արվում է հանուն Սյունիքի, այն Սյունիքի, որ մի քանի հոգու համար այլեւս ալպիական մարգագետին է:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: