09/18/2019

ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «Միջին-մասնագիտական կրթական համակարգն առհասարակ անտեսված է մեր օրերում»

ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «Միջին-մասնագիտական կրթական համակարգն առհասարակ անտեսված է մեր օրերում»

Կապանի բժշկական քոլեջը նոյեմբերի 1-ից անցել է հանրապետության կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ: Այդ եւ կրթօջախին առնչվող այլ խնդիրների մասին զրույց ունեցանք քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանի հետ: Բայց քանի որ նա 2002-2008թթ. նաեւ ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Կապանի տարածքային կազմակերպությունը, մեր զրույցի երկրորդ հատվածում շոշափվեցին Կապանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր` մեծամասամբ Հանրապետական կուսակցությանն առնչվող:

– Պարո՛ն Սարգսյան, առաջինը, ինչը մեզ հետաքրքրում է, այն է, որ Ձեր ղեկավարած ուսումնական հասատատության կարգավիճակի փոփոխություն է եղել: Կուզենայինք, նախեւառաջ, իմանալ այդ մասին:

– Նախ` շնորհակալություն կրթօջախի գործունեությամբ հետաքրքրվելու համար: Որքանով ծանոթ եմ հանրապետության լրատվական դաշտին (ըստ իս` վատ չեմ ծանոթ), «Սյունյաց երկիրը» լավագույն մարզային թերթն է` իրադարձությունների մեկնաբանմամբ եւ նյութը մատուցելու տեսակետից, սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային իրադարձություններին անդրադառնալու առումով: Սա` ամենայն անկեղծությամբ: Լինում են սուր հրապարակումներ` անկախ այն բանից, թե ում քիմքին է հարմար, ում` ոչ:

Իսկ հիմա ներկայացնեմ պետական բժշկական քոլեջների աշխարհագրությունը: Դրանցից երկուական գործում է մայրաքաղաքում եւ Գեղարքունիքում, մեկական` Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Դիլիջանում, մայրաքաղաքից հարավ ընկած մարզերում` Արարատում եւ Սյունիքում` Կապանում: Բժշկական քոլեջները միջին-մասնագիտական միակ հաստատություններն էին, որոնց լիազոր մարմինը ոչ թե կրթության եւ գիտության նախարարությունն էր, այլ առողջապահության: ՀՀ վարչապետի որոշմամբ դրանք հունվարի 1-ից վերակազմավորվում են, եւ բժշկական քոլեջների լիազոր մարմինը լինելու է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Կապանի պետական բժշկական քոլեջն իր նմանների մեջ առաջինն է, որտեղ վերակազմավորման գործընթացն ավարտին է հասցված, եւ արդեն մեր տնօրինության ներքո են հիմնադիր փաստաթղթերը` պետռեգիստրում գրանցված կանոնադրությունը, նոր վկայականի ներդիրը: Իրողությունն այն է, որ այսուհետեւ Կապանի բժշկական քոլեջի կառավարման լիազոր մարմինը լինելու է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:

– Որքանով հասկացանք, քոլեջի ոչ թե կարգավիճակն է փոխվել, այլ վերակազմակերպվել է եւ ենթակայությունն է փոխվել: Այդպե՞ս է:

– Միանգամայն, բայց այդ ամենը, ըստ էության, ենթադրում է հետագա փոփոխություններ:
Մի կողմից դրականն այն է, որ մեր լիազոր մարմինը լինելու է կրթությանն առնչվող բարձրագույն մարմինը, այն է` կրթության եւ գիտության նախարարությունը։ Առողջապահության նախարարության ենթակայության ներքո լինելը դրական էր այն առումով, որ առողջապահական հիմնարկների հետ խնդիրներ չէին ծագում սովորողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման տեսակետից: Բայց այժմ էլ չեմ կարծում, որ խնդիրներ կծագեն, քանի որ միջին-մասնագիտական կրթությամբ կադրեր ենք պատրաստում հենց առողջապահական հիմնարկների համար:

Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ լինելով առողջապահության նախարարության ենթակայության տակ, հեռու էինք մնացել կրթական մի շարք ծրագրերից: Բոլորս տեղյակ ենք, թե միջազգային կազմակերպություններն ինչ ներդրումներ են անում կրթական համակարգում: Մենք զուրկ էինք այդ ամենից: Հուսով ենք, որ սրանից հետո մենք էլ կընդգրկվենք կրթական գործի բարելավմանը միտված միջազգային ծրագրերում:

– Այնուամենայնիվ, ի՞նչ է իրենից ներկայացնում «Կապանի բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը: Հակիրճ ներկայացրեք:

– Կրթօջախը սկսել է գործել 1959-1960 ուստարվանից: Ի սկզբանե նպատակ ուներ հարավային Հայաստանի շրջաններն ապահովել միջին-մասնագիտական կադրերով: Եվ այսօր, եթե չեմ սխալվում, Վայոց ձորից մինչեւ Մեղրի ընկած բնակավայրերի բուժհիմնարկների միջին օղակի մասնագետների 90%-ը մեր կրթօջախի սաներն են: Մինչեւ 1996-ը, թե 1997-ը, երբ Ստեփանակերտում բացվեց բժշկական քոլեջ, Արցախից եւս գալիս էին մեզ մոտ ուսանելու:

Կապանի քոլեջը` նախկին բժշկական ուսումնարանը, կադրեր էր պատրաստում երեք մասնագիտության գծով` բուժքույր, ֆելդշեր, մանկաբարձ: Ե՛վ հիվանդանոցները, ե՛ւ սանէպիդկայանները նման կադրերի պահանջարկ ունեին: 1992-ի հոկտեմբերին, երբ ստանձնեցի տնօրենի պաշտոնը, պատերազմական իրավիճակից ելնելով, վերաբացեցինք բուժական ֆակուլտետը` Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Մեզ պետպատվերով 30 տեղ հատկացրին, նաեւ ուսումնական ծրագրեր: Երկու տարի ֆելդշեր պատրաստեցինք, ովքեր ավելի լայն լիազորություններ ունեին, քան բուժքույրերը: Դրանք այն տարիներն էին, երբ ընդունվում էին դիմորդներ, ովքեր, պարզապես ֆինանսական հնարավորություններից ելնելով, հնարավորություն չունեին սովորելու Երեւանի բուհերում: Եվ դիմորդների թվում ունեցանք երեք ոսկե, մեկ արծաթե մեդալակիր: Այդպիսի իրողություն էլ գրանցվեց:

Ինչեւէ, քանի որ բուժքույրի եւ մանկաբարձի այլեւս այդքան պահանջարկ չկար, ուսումնական գործընթացում երկու մասնագիտություն ներդրեցինք` ատամնատեխնիկական գործ եւ դեղագործություն: Այդպիսով չորս բաժին մեզանում գործեց: Մինչեւ 2010թ., երբ ունեցանք հինգերորդ բաժինը` «Բժշկական կոսմետոլոգիա»: Այս ուստարում արդեն նոր մասնագիտություններ ունեցանք` «Բուժական մերսում» եւ «Լաբորատոր ախտորոշում», բայց վերջինում դիմորդ չունեցանք: Որքան էլ գովազդեցինք այդ բաժինը, արդյունք չեղավ: Այս պահին վեց բաժին է գործում: Մեկ առաջին կուրս ունենք «Բուժական մերսում» մասնագիտությամբ, մյուս մասնագիտությունների գծով առաջինից մինչեւ ավարտական կուրսերը գործում են: Դեղագործություն մասնագիտությամբ բացվել է նաեւ հեռակա բաժին` ուսման 3 տարի տեւողությամբ։

– Պետպատվերի համակարգում ընդունված քանի՞ սովորող ունեցաք, քանի՞սը վճարովի:

– Այս ուստարում պետպատվերի համակարգում ունեցանք 30 ուսանող, դիմորդների ընդունելության պլանը կատարվեց 100 տոկոսով: Վճարովի համակարգում շատ ցածր է ընդունելության ցուցանիշը: «Բուժական կոսմետոլոգիա» բաժինը վճարովի է, բայց բոլոր տեղերը լրացված են: «Լաբորատոր ախտորոշում» մասնագիտացումն ինքնին գործնական նշանակություն ունի, ովքեր գալիս են փաստաթղթերը հանձնելու, հայտնում ենք, որ ավարտելուց հետո աշխատանքի են ընդունվելու: Հարցում ենք արել մարզի բուժհիմնարկների, բժշկական կենտրոնների տնօրեններին, թե ինչ կադրերի պահանջարկ ունեն: Պահանջված մասնագիտացումներն են բուժական մերսումը եւ լաբորատոր ախտորոշումը: Հաշվի առնելով պահանջարկը` մասնագետներ ուղարկեցինք վերապատրաստման, արտոնագիր ձեռք բերեցինք: Պիտի ասեմ, որ այս ամենում մեզ ընդառաջեց հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

– Իսկ սովորողների համակազմի թերի բեռնվածությունը բացասաբար չի՞ անդրադառնում կոլեկտիվի բնականոն գործունեության վրա:

– Ցավոտ հարցադրում է, արդեն մի քանի տարի է` այդ պրոբլեմն ունենք, քանի որ սովորողների համակազմի համալրումը նորմալ չի կատարվում: Վճարովի տեղերի մասին է խոսքը: Ֆինանսական մուտքերը պակասում են, ինչը բացասաբար է անդրադառնում աշխատակիցների աշխատավարձի, կրթադաստիարակչական աշխատանքների բարելավմանը միտված ծրագրերի վրա: Այն, ինչ կարողացել ենք իրականացնել, ասենք, շենքային պայմանների պահպանում եւ բարելավում, արվել է, մեծամասամբ, անձնական կապերի շնորհիվ: Կրթօջախի մասնաշենքի ջեռուցման համար դիմեցինք նախարարություն, ընդ որում` մի քանի անգամ: Հետո դիմեցինք այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Կառավարության պահուստային ֆոնդից պահանջվող գումարի մի մասն Ա.Մարգարյանը հատկացրեց, մյուս մասն էլ տրամադրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Այդ տարում եւ կաթսայատունը կառուցեցինք` հագեցնելով անհրաժեշտ սարքավորումներով, եւ գազիֆիկացումն իրականացրինք: Մի խոսքով` հարցը հիմնավորապես լուծվեց:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ տնօրեն Հրաչ Ջաբրայանի աջակցությամբ փոխհատուցվեց քոլեջի աշխատողների աշխատավարձի մի մասը, բացի այդ, ընկերությունը կրթօջախին հատկացրեց ութ համակարգիչ։

– Եվ, այնուամենայնիվ, ո՞րն է գլխավոր հիմնախնդիրը` ուսումնական հաստատության զարգացմանը խոչընդոտող:

– Կրկնեմ վերն արտահայտած միտքս. դա ֆինանսների սղությունն է: Կան մի քանի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է քոլեջի ֆինանսական դրությունը բարելավել: Միջոցներից մեկն այն է, որ որոշ գործարարներ, կազմակերպություններ, ձեռնարկություններ, լինեն պետական, ոչ պետական, մասնավոր, ոչ մասնավոր, ներդրումներ անեն միջին-մասնագիտական կրթությամբ կադրեր պատրաստող ուսումնական հաստատություններում: Խոսքը միայն մեր մասին չէ: Միջին-մասնագիտական կրթական համակարգն առհասարակ տուժած, եթե չասենք անտեսված է մեր օրերում: Հայկական հոգեկերտվածքի հետ կապված հանգամանք է. ծնողների մեծ մասը ձգտում է իր զավակին բարձրագույն կրթություն տալ, իսկ դրա համար միանշանակ ստեղծված են այնպիսի պայմաններ, որ ցածր գնահատական ստանալու դեպքում էլ դիմորդն ընդունվում է բուհ: Եվ եթե այդպիսի «բարենպաստ» հնարավորություն կա, ինչու՞ երեխան բարձրագույն կրթություն չստանա: Դա առաջին պատճառն է, ինչ հետեւանքով մեր դիմորդները պակասել են: Մինչդեռ մեր կրթօջախում նախկինում մրցույթով էին ընդունվում:

Երկրորդ` մեր շրջանավարտը պիտի հնարավորություն ունենա քոլեջում ստացած գիտելիքներն օգտագործել գործնականում: Այսինքն` ավարտելուց հետո լուծվի նրա զբաղվածության խնդիրը: Նաեւ մրցունակ լինի աշխատանքային շուկայում: Դա նաեւ գովազդի մի ձեւ է, երբ ատամնատեխնիկը մի որեւէ տեղ աշխատում է, ասելով, որ ինքը Կապանի բժշկական քոլեջն է ավարտել: Երաշխիք պիտի լինի, որ շրջանավարտն աշխատանք է ունենալու: Այսօր բուժքույրերի ու մանկաբարձների զբաղվածության հարցը փակված է: Յուրաքանչյուր տարի բուժհիմնարկներում եւ բժշկական կենտրոններում` կապված ֆինանսների, մահճակալների կրճատման հետ, այդ կադրերը դուրս են մնում: Այդ պատճառով այս ուստարում ընդունել ենք ընդամենը հինգ մանկաբարձ եւ նույնքան բուժքույր, այնքան, որքան, ռեալ գիտենք, տեղավորվելու են աշխատանքի:

– Այնուհանդերձ, Ձեր մանկավարժական կենսափորձը, այժմ զբաղեցրած պաշտոնը թույլ են տալիս, որ Դուք ընդհանուր գծերով ներկայացնեք հանրակրթական դպրոցների շրջանավարտների կրթական մակարդակը: Մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ պատրաստականությամբ են դիմորդները ներկայանում ընդունելության քննություններին:

– Համեմատելով 1970-80-ական թվականների հետ, երբ դպրոցում ստացած գիտելիքներով կարող էիր բուհ ընդունվել, այժմ նշաձողը շատ է իջել: Նախկինում մենք էլ դիմորդներ ենք ունեցել, ովքեր դպրոցում միջին կամ ցածր առաջադիմություն են ունեցել, բայց ընդհանրապես տեղեկացված են եղել, ընդունելության քննության էին ներկայանում փոքրիշատե պատրաստված: Եթե իրենց հարցաթերթիկի հարցերին չէին պատասխանում, գոնե ինչ-որ բան գիտեին: Հիմա ի՞նչ է կատարվում: Եթե երեխան ծնողի տեսադաշտում է, վերջինս հետեւում է նրա առաջադիմությանը, նաեւ չթաքցնենք` կրկնուսույցի մոտ ուղարկում, արդյունքը սպասել չի տալիս: Բայց ովքեր չեն հետեւում, վիճակը սարսափելի է: Մեզ մոտ էլ դիմորդները գալիս են շատ ցածր մակարդակ ունենալով ոչ միայն մասնագիտական առարկաների, այլեւ ընդհանուր զարգացածության առումով: Ահա սա է ընդհանուր պատկերը:

– Պարո՛ն Սարգսյան, մեր զրույցը ցանկանում ենք տեղափոխել մի այլ հարթություն: Դուք մարզկենտրոնում քաղաքական գործչի համբավ ունեք, ամենեւին պասիվ կարգավիճակում չեք եղել, քանիցս արծարծվել են Ձեզ քաղաքապետի թեկնածու, պատգամավորի թեկնածու առաջադրելու հարցերը, մասնավոր զրույցներում միշտ յուրօրինակ կարծիք եք ունեցել Կապանի ներքաղաքական, նաեւ Ձեր կուսակցության քաղաքականության վերաբերյալ: Քանի որ մենք առաջին անգամ ենք զրուցում` մեր թերթի համար հրապարակում պատրաստելու նպատակով, կուզենայինք իմանալ, թե ինչպես եղավ Ձեր մուտքը քաղաքականություն:

– Իմ սերնդի քաղաքական հասունացումը համընկավ Արցախյան շարժման, հայ-ադրբեջանական հակամարտության, անկախ պետականության սկզբնավորման հետ: Մասնավորապես, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը թափ էր առնում, բժիշկ էի աշխատում Մեղրիում: Իմ Կապան տեղափոխվելը կապված էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ հարաբերություններով:

Մեղրիում ծանոթացանք, Նյուվադի գյուղի համար մարտական գործողություններ եղան, զոհեր ու վիրավորներ, երբ ամեն ինչ ավարտվեց, նա ինձ փոխանցեց, որ պիտի տեղափոխվեմ Կապան, որովհետեւ Մեղրուն այլեւս լուրջ վտանգ չէր սպառնում: Այստեղ շփվեցի կռվող տղաների հետ, քանի որ զինծառայության անցա որպես բժիշկ: Հետո ինձ բժշկական ուսումնարանի տնօրեն նշանակեցին: 1998-ին մայրաքաղաքից Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող մարդիկ եկան, մասնավորապես Անդրանիկ Մարգարյանը, Կապանում եւս հիմնադրեցին Հանրապետական կուսակցության կառույց, ստեղծվեց խորհուրդ: Նախաձեռնողներից մեկը` Սերժ Մկրտչյանը, զարմացավ, թե ինչու չեմ ընդգրկվում խորհրդի կազմի մեջ: Ես էլ թե` հասկանամ, թե ինչ է կատարվում` հետո միայն:

Ի վերջո, պետականամետ լինելը մի բան է, կուսակցական լինելը մեկ այլ բան: Բայց մի տարի հետո, երբ ձեւավորվեց «Միասնություն» դաշինքը, շատ սրտովս էր, անդամագրվեցի Հանրապետական կուսակցությանը, նաեւ Կապանի տարածքային կազմակերպության երիտասարդական թեւի ղեկավարը դարձա:

– 2002-08թթ. եղել եք կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ: Բավականին տպավորիչ ժամանակահատված…

– Դրանք պատասխանատու տարիներ էին: ՀՀԿ-ն այդ տարիներին լուրջ հայտարարություններով հանդես եկավ, հստակեցվեցին չափորոշիչները, որոնք թույլ էին տալիս համալրել կուսակցության շարքերը: Իհարկե, կողքից եղան քննադատություններ, ինչին բնավ էլ համաձայն չեմ: Աշխարհում ընդունված կարգ է` իշխող կուսակցությունն է թելադրում խաղի կանոնները: Ինչի՞ համար է կուսակցությունը. որպեսզի մի գաղափարի շուրջ համախմբված մարդիկ հասնեն իշխանության, իրենց գաղափարական մոդելը ներդնեն երկրի կառավարման համակարգում:

– Կարելի՞ է իմանալ, թե իր շարքում քանի անդամ ունի ՀՀԿ-ի Կապանի տարածքային կազմակերպությունը:

– 2000-ից ավելի, 2005-ին ունեինք 260-280 կուսակցական: Վերջին վեց-յոթ տարում մոտ 6-8 անգամ աճել է կուսակցականների թիվը:

– Հարցն ինքնանպատակ չտրվեց. մոտ ութ անգամ աճել է կազմակերպության անդամների թիվը, բայց, կարծեք, կազմակերպության քաղաքական կշիռն անընդհատ նվազում է: Ասածս կարող եմ հիմնավորել երկու փաստով. Հանրապետական կուսակցության առաջնորդը, ով նաեւ հանրապետության նախագահն էր եւ նախագահի թեկնածուն, փաստորեն Կապանում պարտություն կրեց: Երկրորդ փաստը` սեպտեմբերի 29-ի ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրության ժամանակ արձանագրվեց ընտրության մասնակիցների չափազանց ցածր` եթե չեմ սխալվում, 43 տոկոս: Ինչպե՞ս բացատրել, որ կուսակցականների թիվն աճում է, բայց Հանրապետական կուսակցությունը լուրջ կորուստներ է ունենում Կապանի քաղաքական կյանքում:

– Ես մի նկատառում ունեմ. այն ընտրությունների ժամանակ, երբ նախընտրական շտաբները սխալ են ձեւավորվել, բնականաբար, ճիշտ չեն աշխատել, այդ ընտրությունը պարտության է դատապարտվել: 1996թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը Կապանում պարտվել է, էլի շատ վատ էին ձեւավորվել շտաբները, անարդյունավետ իրականացվել շտաբային աշխատանքը` քաղաքային շտաբներից սկսած մինչեւ մարզային: Գիտե՞ք` ինչպես է: Արդյունք լինում է այն ժամանակ, երբ ճիշտ է ընտրվում աշխատանքի սկզբունքը: Վերեւից ներքեւ իրար պետք է ճիշտ հասկանան: Նախագահական վերջին ընտրությունից առաջ հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ պայման դրեց. որեւէ նախընտրական կաշառք չի լինելու: Հետեւաբար, երբ շտաբ էր ձեւավորվում, պիտի հաշվի առնվեր այդ հանգամանքը, թե ով պիտի պատասխանատվություն կրի այդ աշխատանքի համար: Բայց ամեն ընտրության ժամանակ շտաբներում նույն մարդիկ են լինում: Դա հետո խնդիրներ է առաջացնում…

Երկրորդ` ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրության մասին: Ինքն իր էությամբ դա պասիվ ընտրություն էր: Ազգային ժողովը տարիուկես առաջ արդեն ձեւավորվել էր: Իշխանությունները ձեւավորվել էին: Մեծամասնական այդ ընտրությունից ակնկալիք չկար, պարզապես մի պատգամավոր փոխարինվում էր մյուսով: Նույնիսկ մարզկենտրոնի քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստանի», «Հայ հեղափոխական դաշնակցության» տեղական կառույցները չմասնակցեցին Աժ պատգամավորի սեպտեմբերի 29-ի լրացուցիչ ընտրությանը, նույնը նաեւ Կապանի քիչ թե շատ հեղինակություն ունեցող մարդիկ: Առանձին երիտասարդների շրջանում որոշակի ակտիվություն նկատվեց առաջադրվելու առումով, բայց ինչպես ծնվել էր ակտիվությունը, այնպես էլ մարեց:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: