09/18/2019

Մեղրի. փորձ է արվում հենց քաղաքի ներսում կառուցել հէկ

Մեղրի. փորձ է արվում հենց քաղաքի ներսում կառուցել հէկ

Իսկ համայնքի ավագանին ընդառաջ է գնացել այդ քայլին, ինչի վերաբերյալ անհամաձայնություն է հայտնել ու ավագանու անդամի լիազորությունները ցած դրել Միքայել (Մարատ) Օհանյանը

Նոյեմբերի 19-ին Մեղրիում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը, ամենայն հավանականությամբ, աննախադեպ է Սյունիքի մարզում:

Ավագանու անդամ Միքայել (Մարատ) Օհանյանը, անհամատեղելի համարելով իր եւ ավագանու մեծամասնության պատկերացումները Մեղրուն սպառնացող մարտահրավերների դիմակայման հարցում, հրաժարվել է ավագանու անդամի պարտականություններից:

Դրանով նա փորձել է նաեւ ողջամտության կոչ անել օրվա իշխանություններին` գոնե հետայսու զերծ մնալու Մեղրու բնակչության առողջությանը սպառնացող քայլերից, Մեղրու բնապահպանական աղետալի վիճակն էլ ավելի խորացնելուց:

Նոյեմբերի 20-ին Միքայել (Մարատ) Օհանյանը դիմում է հղել Մեղրի քաղաքի ընտրողներին: Դիմումի տեքստը` ստորեւ:


« Սիրելի՛ հայրենակիցներ

2013թ. նոյեմբերի 19-ին կատարել եմ մի արարք, որի մասին ձեզ տեղեկացնելը պարտքս եմ համարում:

Այդ օրը տեղի է ունեցել Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է քաղաքի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասի կատեգորիա փոխելու հարց:

Անմիջապես քաղաքի տարածքում հէկ կառուցելն իմ խորին համոզմամբ նոր խնդիրներ կառաջացնի համայնքի առանց այդ էլ մտահոգիչ բնապահպանական իրավիճակում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, որպես ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ, տարօրինակ եմ համարել նախ նման հարցի համար ավագանու արտահերթ նիստ գումարելը (թեեւ օրակարգում այլ հարցեր էլ կային` ոչ սկզբունքային նշանակության), ապա` կոչ եմ արել գործընկերներիս` մերժել քաղաքի տարածքում հէկի կառուցման համար հողամասի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ առաջարկը: Սակայն ավագանու ինն անդամից ութը կողմ է քվեարկել քաղաքապետի առաջարկությանը:

Դրանով, փաստորեն, ավագանին հերթական անգամ մեղսակից է դարձել Մեղրիում իրականացվող բնապահպանական աղետաբեր քաղաքականությանը:

Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ համայնքի ավագանին ի զորու չէ սթափ նայելու իրերի դրությանը եւ պաշտպանելու մեղրեցիների շահերը: Հարցի քննարկումը որերորդ անգամ ցույց տվեց, որ իմ եւ ավագանու անդամների գերակշռող մասի պատկերացումները Մեղրու առջեւ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ սկզբունքային տարբերություններ ունեն եւ անհամատեղելի են: Եթե մինչեւ հիմա փոքր հէկերը Մեղրիում կառուցել են քաղաքի շրջագծից դուրս, ապա դա ինչ-որ չափով հասկանալի է եղել: Իսկ երբ հէկը փորձում են կառուցել հենց քաղաքի ներսում, ապա դա որեւէ ողջամիտ բացատրություն ունենալ չի կարող:

Մեղրու ավագանու ընդունած որոշումը, հայտարարում եմ, հերթական լուրջ հարվածն է Մեղրի քաղաքի բնապահպանական կացությանը: Եվ նման ավագանու կազմում իմ հետագա գործունեությունն աննպատակահարմար եմ գտնում:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` ես ցած եմ դնում Մեղրի համայնքի ավագանու անդամի լիազորությունները:

Այդ քայլով միաժամանակ փորձում եմ ե՛ւ տարածքային ու համայնքային, ե՛ւ հանրապետական իշխանություններին սթափության մղել եւ գոնե հետայսու զերծ պահել Մեղրիում իրականացվող անհեթեթ գործելակերպից: Նաեւ փորձում եմ հերթական անգամ ցուցանել, որ Մեղրու բնակչության զգալի մասն անընդունելի է համարում շրջանում իրականացվող իշխանական քաղաքականությունը:
Ու քանի որ 2012թ. Մեղրու ավագանու անդամ եմ ընտրվել ձեր կամքով, ուզում եմ տեղյակ լինեք ավագանու անդամի պարտականություններից հրաժարվելու իմ որոշման մասին:

Նաեւ երախտագիտությունս եմ հայտնում ձեզ` վստահության ու համատեղ աշխատանքի համար:
Հավատացնում եմ` այսուհետ եւս ուժերիս ու գիտելիքներիս չափով շարունակելու եմ օգտակար լինել մեր բնօրրան Մեղրի քաղաքին ու տարածաշրջանին»:

Հ.Գ. Ո՞ւմ համար է, այնուամենայնիվ, Մեղրի քաղաքում հէկ կառուցելու նպատակով հողի կատեգորիայի փոփոխություն կատարվում, այն էլ` ավագանու արտահերթ նիստ գումարելով:
Մեղրիում, այդ առիթով, շրջանառվում են կոնկրետ անուններ, այդ թվում` հանրապետության մասշտաբով հայտնի ցեցերի անուններ:

Կարեւորը, սակայն, դա չէ: Այլ այն, որ, դարձյալ Մեղրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, այդ գործարքը կատարվում է Սյունիքի այլեւս ոչ նոր մարզպետի գիտությամբ:
Այլեւս ոչ նոր մարզպետը, կարծում ենք, պետք է պատասխանի պարզագույն հարցին` ինքն առնչություն ունի՞ Մեղրու ավագանու նոյեմբերի 19-ի նիստում քննարկված հարցի հետ, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ինչպես է վերաբերվում Մեղրի քաղաքի տարածքում հէկ կառուցելու նախաձեռնությանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: